կարևոր
3604 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-05 14:06
Քաղաքական

Ադրբեջանը պետք է երաշխավորի հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը. Human Rights Watch

Ադրբեջանը պետք է երաշխավորի հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը. Human Rights Watch

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում ներգրավված երկրների կառավարությունները պետք է Ադրբեջանի նախագահից ստանան Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ հանձնառություններ, հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ հիշեցնելով, որ ավելի քան 100,000 էթնիկ հայ՝ ԼՂ գրեթե ողջ բնակչությունը, վերջին օրերին փախել է:

Տարածաշրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե ինչպես է կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հարգելու մարդու իրավունքները, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Բացի այդ, այն պետք է ողջունի այս պարտավորությունների վերաբերյալ կայուն միջազգային մոնիտորինգի անկախ առաքելությունը:

Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն միջազգային դիտորդական առաքելություն՝ հրապարակայնորեն զեկուցելու Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի պայմանների մասին և բացահայտեն մարդու իրավունքների խախտումները, հատկապես այն խախտումները, որոնք կխաթարեն էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը: Գործընկեր կառավարությունները պետք է նաև կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել էական քայլեր՝ հեշտացնելու վերադարձի իրավունքը՝ կա՛մ կարճատև, կա՛մ երկարաժամկետ այցերի համար:

«Ադրբեջանի գործընկերները պետք է միանշանակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, նրանք չեն ընդունի դատարկ հռետորաբանությունը և կիսատ-պռատ քայլերը: Բոլոր կողմերի վախը և վստահության բացակայությունը կարևոր են դարձնում կայուն միջազգային ներկայությունը, որպեսզի վերադարձի իրավունքը լինի իմաստալից, ոչ թե տեսական», - ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Գրանադայի բանակցություններից Ալիևի հրաժարումից հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ն և միջնորդական բանակցություններում ներգրավված մյուսները պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ընդգծելու կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է ձեռնարկի վերադարձի իրավունքը հեշտացնելու համար, լինի դա կարճաժամկետ այցերի դեպքում՝ մնացած իրերը հավաքելու, գերեզմանների այցելելու և այլ նպատակաների համար, կամ նրանց համար, ովքեր ցանկանում են մշտապես վերադառնալ, ասել է Human Rights Watch-ը:Նրանք, ովքեր նախընտրում են ընդմիշտ չվերադառնալ, պետք է փոխհատուցում ստանան իրենց ունեցվածքի համար և պետք է կարողանան հավաքել իրենցից հետո թողած ցանկացած իր, ինչպես նաև մուտք գործել ցանկացած բանկային հաշիվ, օրինակ՝ կենսաթոշակները ստանալու համար: Ադրբեջանը նաև պետք է ապահովի, որ տարհանվածների ունեցվածքը պաշտպանված լինի թալանից կամ այլ վնասից։

Վերադարձողների համար Ադրբեջանը պետք է ապահովի հայալեզու կրթության հասանելիությունը և կոնկրետ երաշխիքներ տա՝ պաշտպանելով մարդկանց քաղաքացիական, քաղաքական, կրոնական և մշակութային իրավունքներն առանց խտրականության իրականացման

Փախած էթնիկ հայերին պետք է տրամադրվեն բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու հստակ ուղեցույցները Լեռնային Ղարաբաղում իրենց բնակությունը վերսկսելու և իրավունքների, այդ թվում՝ սեփականության և սոցիալական ապահովության իրավունքի ապահովման վերաբերյալ: Ապագա պայմանավորվածությունները պետք է նախատեսեն էթնիկ հավասարակշռություն ոստիկանական և տեղական կառավարման կառույցներում: Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա 1990-ականների և 2020թ. պատերազմների ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու համար մարդկանց հետապնդելուց։

«Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան էին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար: Ադրբեջանի գործընկերներն այժմ պետք է ապահովեն, որ Ադրբեջանի իշխանությունները այս տրավման և կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության», - ասել է Ուիլյամսոնը։