Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում «առանձին հանդիպումներ» են անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Դրանք տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսային շփումների զարգացման ընթացքում. գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։
««Բանակցությունների ընթացքում քննարկվել են հրատապ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ»,– նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները դեռ մանրամասներ չեն հայտնում: Եվրոպական որոշ պարբերականներ կարծում են, որ Մոսկվան, իբր, նախապատրաստում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում և «ձգտում է խաղաղության հասնել Լեռնային Ղարաբաղում»:
Բայց ամերիկյան Politico հրատարակությունը հայտնում է, որ Վաշինգտոնը միանում է ակտիվ խաղին ղարաբաղյան ուղղությամբ: Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոն կատարելիք այցերի ընթացքում առանձին կզրուցեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Միևնույն ժամանակ, նշում է պորտալը, չկան տվյալներ՝ նախարարները կհանդիպե՞ն միմյանց հետ, թե՞ բանակցություններ կվարեն եռակողմ ձևաչափով: Պետդեպարտամենտը դեռևս մեկնաբանություն չի տվել:
Մինչ այժմ Ռուսաստանը խաղում էր հիմնական միջնորդի դերը, բայց Մոսկվայում հրադադարի մասին ձեռք բերված երկու համաձայնագրերը չեն դադարեցրել բախումները: Ինքը՝ Պոմպեոն, մեկնաբանելով առաջիկա հանդիպումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է հետևյալը. «Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է: Եվ մենք, ինչպես եվրոպական երկրների մեծ մասը, դեռ հավատում ենք, որ առաջ գնալու ճիշտ ճանապարհը հակամարտության դադարեցումն է: Ոչ մի երկիր չպետք է միջամտի, յուղ լցնի այս հակամարտության վրա: Ո՛չ զենք, ո՛չ աջակցություն: Այս պահին է, որ հնարավոր է հասնել դիվանագիտական լուծման, որն ընդունելի է բոլորի համար: Ահա, թե ինչի մասին ես կխոսեմ նրանց հետ ուրբաթ օրը»: Պետքարտուղարը, ասելով, որ «ոչ մի երկիր չպետք է միջամտի և յուղ լցնի հակամարտության վրա», նկատի ունի, իհարկե, Թուրքիային:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը իրավիճակը որոշակիորեն «կրեատիվ» է գնահատում. «Հակամարտությունը անհնար է լուծել ռազմական ճանապարհով, այն պետք է կարգավորել սահմանների և ինքնիշխանության տեսանկյունից։ Եվ սա այն է, ինչին մենք ձգտում ենք: Ռուսաստանը դրան հասնում է այնպես, ինչպես Ֆրանսիան: Եվ մենք հուսով ենք, որ կողմերը կհամաձայվեն, որ այս խումբը կամ ցանկացած խումբ, որի հետ կողմերը կարող են համաձայնել, իրենց համար վստահելի կլինի այս հիմնարար խնդրի լուծման հարցում, որպեսզի հակամարտությունը, սպանությունն ու ավերածությունները վերջանան»:
Համաշխարհային դիվանագիտությունը նույնպես ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան ուղղությամբ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկելու հակամարտությունը: Ընթացքի մեջ են Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսային բանակցությունները այլ երկրների իրենց գործընկերների հետ:
Բայց առաջնագծում գոնե զինադադարի հասնել չի հաջողվել: Կողմերը միմյանց մեղադրում են խախտումների մեջ, շարունակում են ռազմական գործողությունները և օգտագործում ռազմատենչ հռետորաբանություն: Միևնույն ժամանակ, Բաքվի և Երևանի դիրքերը խստանում են, ինչը հակասում է նախկինում համաձայնեցված խաղաղ կարգավորման սկզբունքներին: ԱՄՆ նախկին դեսպան Քերի Քավանոն, որը Մինսկի խմբի համանախագահ էր 1999-2001թթ., կարծում է, որ «այսօր հակամարտության սրումը տարբերվում է նախկիններից ուժգնությամբ և ստատուս քվոն փոխելու՝ Ադրբեջանի հստակ ցանկությամբ. այսօր Բաքուն կարծում է, որ ռազմական ճանապարհով կարող է հաջողության հասնել»: Ավելին՝ Անկարան բացահայտորեն աջակցում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու՝ նրա ցանկության մեջ: Հնարավոր է, ըստ շատ փորձագետների, «հետագա սրումը միայն լարի իրավիճակը, այդ թվում՝ այն կարող է վերաճել ավելի լայն հակամարտության՝ տարածաշրջանային այլ խաղացողների ներգրավմամբ՝ ոչ միայն Թուրքիայի»:
Մինսկի խումբը պետք է որևէ «կոշտ» լուծում առաջարկի՝ խթանելով հակամարտող կողմերին զինադադարի: Սա առաջին բանն է: Երկրորդ՝ Բաքուն և Երևանը պետք է հասկանան և ընդունեն այն թեզը, ըստ որի՝ հակամարտության լուծման հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով, և անհրաժեշտ են փոխզիջումներ: Երկու կողմից էլ բախումների արդյունքում շատ մարդիկ զոհվեցին, ավերվեցին տներ և սոցիալական ենթակառուցվածքներ: Հիմա Բաքվին և Երևանին դժվար է ստիպել մտածել փոխզիջումների մասին: Լավրովին դա չի հաջողվել: Կհաջողվի՞ Պոմպեոյին»,- գրում է Տարասովը։