Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Հայրենիքի շքանշանով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք՝ Հայրենիքի շքանշանը տրվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց:
Yerkir.am-ը հայտնում է, որ Գարեգին Պողոսյանը ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում, այնուհետև ռազմական կրթությունն ու զինվորական կարիերան շարունակել տարբեր ռազմական հաստատություններում և հայկական զինված ուժերում:
Ջավախահայությունը ցնծությամբ է ընդունել իր հերոս զավակին Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացնելու մասին լուրը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ազգային հերոսի կոչմանն են արժանացել նաև ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը, ովքեր նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով:
Այսպիսով՝ Հայաստանի ազգային հերոսների թիվը դարձավ 23, որոնցից 22-ն ազգությամբ հայ են, 1-ը՝ ռուս:
Վահե Սարգսյան