Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 17:53
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջավախքից նվեր ստացած շլդիկը կառավարական առանձնատների տերն ու տիրակալն է․ Փաշինյանը զրուցեց Վրաստանի հայ համայնքի հետ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպմանը առանձնահատուկ ջերմ ողջույններ հղեց Ջավախքի հայրենակիցներին և ներողություն խնդրեց, որ այս անգամ Ջավախք չայցելեց՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա հիշեցրեց, որ անցյալ այցին շլդիկ է նվեր ստացել Ջավախքում, անունն Արջուկ է դրել և Արջուկը հիմա կառավարական առանձնատների տերն ու տիրակալն է՝ ամբողջը գտնվում  է նրա վերահսկողության տակ։

Նա տեղեկացրեց, որ 2018 թ-ի հունիսին, երբ այցելել է Վրաստան և հանդիպել գործարարների հետ, իր վրա շատ ծանր տպավորություն է թողել այն խոսքը, որ տուրիստներն ուզում են գալ Հայաստան, բայց ավտոբուսի վարորդները հրաժարվում են, քանի որ մեքենաները ջարդուփշուր են լինում․ «Հենց եկա Երևան, ասացի, որ Բագրատաշեն-Երևան ճանապարհը բերեն լավ վիճակի։ Ճիշտ է այն դեռ իդեալական վիճակում չէ, բայց հնարավորինս արագ կբերենք իդեալական վիճակի»։

Վրաստանի պաշտոնատար անձանց հետ պայմանավորվել է, որ Նինոծմինդա-Բավրա հատվածում ճանապարհաշինական աշխատանքներ կատարավեն․ ներկա այցին ասել են, որ աշխատանքները մեկնարկել են։

«Այս ընթացքում հասցրել եմ աշխատել Վրաստանի 3 վարչապետի հետ․ շարունակում եմ իմ ընկերական հարաբերությունները վարչապետներ Կվիրիկաշվիլիի և Բախտաձեի հետ, դրա մասին տեղյակ եմ պահել գործող վարչապետ Գախարիային։ Սա հայ-վրացական հարաբերություններին բնորոշ բան է, արժեքային այս համակարգն է, որ մեր ժողովուրդներին միացնում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վիրահայ համայնքի ներկայացուցչի հարցին՝ ե՞րբ կարող ենք խոսել, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական բնույթ կստանան, Փաշինյանը պատասխանեց, որ դա հեշտ չէ։

«Նոր կտարակարանում այսպիսի մի տող կա՝ Ի սկբանե Բանն էր․ այսինքն, ինչ-որ բան տեղի է ունենում, երբ տեղի է ունենում մեր մտքում։ Ռազմավարական հարաբերությունների կառուցումը մեկ օրում տեղի չի ունենում, բայց ամենակարևոր բանը տեղի ունեցել է՝ դա տեղի է ունեցել մեր մտքում։ Այս պայմաններում խոսել մեր ռազմավարական հարաբերությւոնների մասին, դա այնքան էլ հեշտ բան չէ․ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Վրաստանը ԵՄ հետ ասոցացման համաձանագիր ունի և պլանավորում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, մինչդեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Առաջին հայացքից՝ կան բաժանարար գծեր, բայց հասել ենք այս մակարդակին, որ խոսում ենք հարաբերությունների՝ ռազմավարական բնույթ տալու մասին»,-ասաց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց, որ բաժանարար գծերից խուսափելու համար Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվել են հարաբերությունները կառուցեն հնարավորինս դուրս աշխարհաքաղաքական պրոցեսներից։

«Մեր հարաբերությունների համար պետք է նոր հարթություն ձևավորել։ Այո՛, մենք առնչվում ենք Արևելյան գործընկերության ծրագրով, բայց նաև բախվում ենք պրոբլեմների, որտեղ մեր ներկայացումը կարող է հակադիր տպավորություն թողնել․ հիմա մտածում ենք՝ նոր հարթակ ստեղծել, որտեղ մեր հարաբերությունները դուրս լինեն արտաքին ազդեցություններից»,-ասաց ՀՀ վարչապետը և արձանագրեց, որ հիմա այդ գործընթացը սկսված է։

«Շատ խնդիրներ մեր հարաբերություններում չեն լուծվել կառուցողական ֆոնի բացակայության պատճառով․ մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը անընդհատ կասկածել է մեզ ինչ-որ հետին մտքերի, ենթադրյալ դավադրությունների մեջ։ Ի՞նչն է փոխվել․ այն, որ մենք այդ մասին բարձրաձայն խոսում ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։  

Նա նաև արձանագրեց, որ 0 կմ-ից 100-րդ կիլոմետրի վրա միանգամից հայտնվել հնարավոր չէ, անխուսափելիորեն պետք է անցնել 1, 2, 3, 10, 20 կմ, որ հասնենք 100-րդ կմ-ին։

«Հիմա մենք այս ճանապարհը սկսել ենք։ Հնարավոր է՝ մենք դեռ 1 կմ էլ չենք անցել, բայց որ այդ կետից շարժվել ենք, ես դրանում համոզված եմ ու ունենք վճռականություն՝ հետևողականորեն այդ ճանապարհը անցնելու։ Կլինեն պրոցեսներ, որոնք կարագացնեն ընթացքը, կլինեն, որոնք կդանդաղեցնեն, բայց մենք պետք է անխուսափելիորեն այդ ճանապարհն անցնենք․ դա ռազմավարական ճանապարհ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․