Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջավախքի Նինոծմինդա քաղաքի բնակչուհի Նազելի Բաբաջանյան – Ծառուկյանը (Նազելի Նաիրի) արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ջավախահայության խնդիրների վերաբերյալ անդրադարձին.
«Պարոն Փաշինյան ջան,
եթե ըստ Ձեզ Ջավախահայության հիմնախնդիրներից կարևորագույնը այդ խայտառակ ճանապարհն է, որի վերանորոգված հատվածը ընդամենը 16 կիլոմետր է, այսինքն սահմանից մինչև Գորելովկա, որից հետո սկսվում է անցյալ տարվա վերաասֆալտած 2 կիլոմետրը, մինչև Օռլովյա գյուղ, այնտեղից շրջկենտրոն կրկին քարե դար է ու եթե այդ հատվածների մասնատած ասֆալտապատումը դուք լուծված խնդիր եք համարում՝ աչք փակելով մեզ սպառնացող բյուր ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ.
Հայկական դպրոցների վրացականացում, հայկական դասագրքերի արգելում, դպրոցներում հայկական հիմնի, հայկական դրոշի արգելում, դասագրքերի 80% վրացալեզու...
Գյուղերում անասնապահության խթանի փոխարեն բյուր ու ծանրագույն հարկեր ու տուրքեր, այսինքն դառը դատիր, դատարկ նստիր, իսկ Դուք հպարտորեն խոսում եք ինչ որ ողորմելի լուծված խնդրից։ Դա խնդիր չի կարելի համարել, դա նույնիսկ Ձեր ձեռքբերումը չէ, քանզի Սահակաշվիլիի օրոք մենք ճանապարհներ ունեինք աշխարհն էր զարմանում, ու Վրաստան պետությունը իր երկրի տարածքների համար հոգում է, շատ լավ, մենք գոհ ենք, Դուք մեր ազգայինը պահպանելու խնդիրները լուծող հարցերով զբաղվեք, թե չէ ամեն մի թեթև բարերար կարող է լուծել 10 կմ ճանապարհաշինության խնդիրը, որ մի հատ էլ պետական բարձր ամբիոններից բարձրսձայնենք, այն էլ Վրաստանի ծախսերով արված գործի մասին։
Դուք փորձեք պայմանավորվել, որ մեզ տեխզննում չպարտադրեն, մինչև մեզ Եվրոպական ճանապարհ չհանձնեն:
Դուք Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչների սերտիֆիկացման խնդիրը լուծեք, դուք հայկական դպրոցների դասագրքերի խնդիրը լուծեք, Դուք բարեհաճեք այցելել Ջավախք ու ծանոթանալ մեր խնդիրներին։
Երբ այցելում եք որևէ տեղ, պաշտոնական այցերի շրջանակներում ձեզ ոչ մի պաշտոնյա մեր հիմնախնդիրների մասին չի ասելու, դա իր դիրքից ու շահերից չի բխում. Դուք այցելեք Ջավախք ու այս անգամ շփվեք ժողովրդի հետ, առանց պատնեշաձողերի ու միայն այդ ժամանակ կհասկանաք, թե որքան անհեթեթ է Ձեր խոսքը լուծված խնդիրների վերաբերյալ։
Ջավախքցին իր քար ու քռչի (քուռչ՝ Ջավախքի բարբառով՝ քարաժայռ -խմբ.) պես դիմացկուն է, առանց ձեր ասֆալտի էլ կապրի, Ջավախքցուն հայ մնալու հենասյուն է պետք, իր հայ սերունդն է պետք, իր արվեստով, իր պատմությամբ, իր մշակույթով, իր բանաստեղծներով ու գրողներով, իր էթնոսի պահպանությամբ։
Սա է Ջավախքցու խնդիրը, թե չէ Վրաստանում մեր կյանքին ու ապրուստին վտանգ չկա, այստեղ կա հայ մնալու վտանգ։ Եվ դրա առաջի մեղավորը մեզ անտեսող մեր Հայաստան հայրենիքն է, որը մեզ վերաբերող խնդիրները դիտարկում է կեղծ ու զուտ պաշտոնական ձևաչափի մեջ, անհետևողական, ժողովրդի դեմքին թոզ փչելու և զուտ Հայաստանի շահերին հարող ձևաչափերի մեջ»։