Փոխարժեքներ
23 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.74 |
EUR | ⚊ | € 416.6 |
RUB | ⚊ | ₽ 4.0489 |
GBP | ⚊ | £ 493 |
GEL | ⚊ | ₾ 139.52 |
Որտե՞ղ ես, հրեա ժողովո՛ւրդ, Հայաստանի հրեական համա՛յնք, մի՞թե տառապում ես պատմական հիշողության ամնեզիայով, կուրացել ու խլացե՞լ ես:
Ինչպե՞ս կարող է ցեղասպանություն ապրած ազգի պետությունը, մասնակցել նոր ցեղասպանության, աջակցել ու նորագույն զենք ապահովել գազան թուրքերի ժառանգորդին: Մարդկության դեմ գործած նրանց աննախադեպ հանցանքը անպատիժ թողնելն էր, որ կործանում է մոլորակը, որ սերմանում է նորանոր ցեղասպանություններ:
Գիտեմ, որ անհանգիստ են նահատակված միլիոնավոր հրեաների հոգիները, Լեմկինի հոգին, աշխարհացրիվ ազնիվ ու խիզախ հրեաների հոգիները: Ես չեմ հավատում. որ ձերը միայն ձե՛ր ցավն է, և դուք անտարբեր աչք ու ականջ եք գոցում ուրիշի հար ու նման ցավի դեմ:
Աշխարհի խելացի, վերլուծող ժողովո՛ւրդ, մի՞թե չեք տեսնում որ թուրանական անապատի փոշուց՝ չարի զորությամբ ծնունդ առած այս երկգլխանի վիշապը սպառնում է ողջ մարդկությանը, սպառնում է ինքն իրեն ծնել ու նոր գլուխներ աճեցնել:
Մի՞թե չեք գիտակցում, որ Արցախի դեմ սանձազերծած նրանց պատերազմը սպառնում է նաև ձեր ավետյաց երկրին:
Հավատացե՛ք, իր հնամենի երկրում ազատ ապրելու համար պայքարող խաղաղասեր ժողովրդին ոչնչացնելու նպատակով վաճառած ու նվիրած զենքերը բումերանգի նման կվերադառնան:
Մի՞թե դուք կարող եք նաև ձեր խղճի վրա կրել այսքան որդեկորույս հայ մայրերի հավիտենական անեծքը:
Դեպի ո՞ւր է գնում ձեր հայրենի պետությունը՝ ձեռք-ձեռքի թուրքական մեկ ազգ-երկու պետության հետ, ով թալանում, գողանում, ավերակում է իր ճամփին կանգնած ազգերի հողը, հայրենիքը, մշակույթը, ով հայտարարում է, որ Երուսաղեմը նույնպես թուրքական քաղաք է: Հավատացեք, վաղը գալու են նաև սուրբ քաղաքը խլելու: Ձեր պետությունը զենքերը ոչ միայն վաճառում է, այլև նվիրում մեր թշնամուն, մասնագետներ է տրամադրում՝ դիպուկ կրակելու ու գնդակոոծելու մեր զավակներին: Մի՞թե Աստծո ընտրյալ ժողովրդի պետությանը վայել է օժանդակել մի ուժի, որը տարածաշրջանը դարձնում է տեռորիզմի, վանդալիզմի հանցավոր տարածք՝ ականապատելով այն կործանարար հետևանքներով: Մի՞թե դուք պետություն կերտեցիք, որ թույլ տաք այն դառնա գործիք՝ ու աշխատի հանուն սոսկ նավթահոտ ղուրուշի, հանուն պանթուրքիստական մոլագարության:
Հրեական առաջադեմ հեռատես ուժերը փորձե են անում, որոնք ձախողվում են: Չէ՞ որ ձեր ազգը ամենամիասնականն ու համախմբվածն է բոլոր ազգերի մեջ: Միավորվեք նաև այսօր՝ հանուն տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության, հանուն նոր ցեղասպանության կանխման:
Մի՞թե դուք թույլ եք տալու, որ ձեր ավետյաց երկիրը դառնա ցեղասպան երկիր;
Կանգնեցրեք Իսրայելին, պինդ բռնեք նրա ձեռքը, այլապես ձեզ չեն ների Հոլոքոստի զոհերի հոգիները, ձեզ չի ների բոլորիս Արարիչը, ով մարդկությանը ապրելու երկրոդ շանսը տվեց, և Նոյի փրկության տապանը հանգրվանեց Արարատի, հենց Արարատի՛ գագաթին:
Հրեա ժողովո՛ւրդ, օգնի՛ր փրկելու երկիր մոլորակը այս նոր՝ պանթուրքիստական սոդոմ-գոմորից՝ գոնե արգելելով ձեր պետությանը զենք չվաճառել նենգ, կործանարար ուժին:
Հավատում ենք, որ դու կարող ես դա անել:
Էվելինա Բաղդասարյան