կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 17:45
Հասարակություն

Երբ մենք՝ հրեաներս, ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, ուրանում ենք մեր իսկ զոհերի հիշատակը. հրեա պատմաբան

Երբ մենք՝ հրեաներս, ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, ուրանում ենք մեր իսկ զոհերի հիշատակը. հրեա պատմաբան

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող` «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ հրեա պատմաբան Յաիր Աուրոնը:

 

Նա նախ նշեց, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ավելին` ժխտում է այն, այնինչ` առաջինը պետք է ճանաչեր:

 

«Երբ մենք` հրեաներս,  ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, ուրանում ենք մեր իսկ զոհերի հիշատակը: Եթե մարդկությունը չի հասկանում ցեղասպանության պարզ դասերը, ոճրագործությունն անպայման մի օր կրկնվում է»,- ասաց պատմաբանը:

 

Հրեա պատմաբանը հավելեց. «Չտեսնված բան է, որ հայերը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս խոսում են նաև այլ ցեղասպանությունների մասին: Ես շատ կցանկանայի, որ իմ երկիրն էլ ունենար նույն համարձակությունը, որը դուք ունեք: Դուք ցեղասպանության և ժխտողականության զոհ եք: Եթե Ցեղասպանությունն անգամ ճանաչվի, ցավը չի թեթևանալու: Հարկավոր է գտնել ճանապարհ՝ շարունակելու վերապրելու պայքարը: Ցավոք, ձեր այդ պայքարը դեռ ավարտված չէ: Երբ նայում ես Ղարաբաղի հարցին, դա ավելի քան պարզ է դառնում»մ- ասաց Յաիր Աուրոնը:

 

Հրեա գիտնականի համոզմամբ` Թուրքիան առանց Հայոց ցեղասպանության ճանաչման չի կարող դառնալ ժողովրդավար երկիր: «Թուրքերը պետք է ճանաչեն Ցեղասպանությունը՝ դուրս գալով ժխտողականության օղակից: Ինչպե՞ս է հնարավոր, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց ընդամենը քսանչորս երկիր է ճանաչել պատմական իրողությունը: Ցեղասպանությունը չի ճանաչել ԱՄՆ-ը, չի ճանաչել նաև Գերմանիան, որն, իր անցյալից ելնելով, առաջիններից մեկը պետք է գնար այդ քայլին: Իհարկե, ամենավատը անտարբեր դիտորդ լինելն է: Մարդիկ ամեն րոպե աշխարհի տարբեր անկյուններում սպանում են միմյանց, իսկ մենք ոչինչ չենք անում: Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ եթե զոհի կողմը չենք, ուրեմն ոճրագործի կողմն ենք, երրորդ կողմ գոյություն չունի»,- ասաց Յաիր Աուրոնը: