Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
… Հաջորդ օրը Ռաֆիկը նորից բարձրացավ եկեղեցի տանող ճանապարհով: Օրն արդեն իրիկնացել էր: Տեր Գուրգենն ավարտել էր օրվա սպասավորությունները եւ նստած Սուրբ Առաքելոց եկեղեցու դիմաց գտնվող մի սալի` անթարթ նայում էր լճին: Ռաֆիկը ողջունեց քահանային եւ հրավերն ստանալով` նստեց նրան մոտ: Այս մարդն ավելի ու ավելի էր հետաքրքում տեր Գուրգենին ոչ թե այն պատճառով, որ ջերմեռանդ աղոթում էր, այլեւ այն պատճառով, որ մարդու եւ Աստծո կապի ավելի խորություններն է գնում, փորձում է ավելի շատ բան հասկանալ` ինքն իրեն քննելով: «Ինչպես երեւում է` այս բարի մարդը լուրջ է վերաբերում այս աշխարհի հոգեւոր խորհուրդներին»,- մտածում էր տեր Գուրգենը:
- Անկեղծ ասած, զավակս, ես հաճախ չեմ հանդիպում քեզ նման ճշմարիտ հավատացյալների:
- Տեր հայր, մեր տանը դեռ պահպանվում են պապիս գրքերից մի քանիսը,- ասաց Ռաֆիկը:
- Ինչպիսի՞ գրքեր են, զավակս:
- Մի փոքրիկ Ավետարան, աղոթագիրք եւ Պատարագամատույց: Մեծ հայրս քահանա է եղել:
- Եվ որտե՞ղ է քահանայագործել:
- Հոկտեմբերյանի շրջանի Ջաֆարապատ գյուղում: Հիմա էդ գյուղը Գետաշեն է կոչվում:
- Երկա՞ր ժամանակ:
- Դա եղել է շատ ու շատ տարիներ առաջ՝ 1896-ից մինչեւ 1924 թվականը:
- Եվ ինչպե՞ս են կոչել քո պատվարժան պապին:
- Տեր Սահակ, տեր Սահակ Սիմոնի Տեր-Սահակյան:
- Մի րոպե, մի րոպե …,- տեր Գուրգենը ինչ-որ բան հիշեց:- Եթե չեմ սխալվում տեր Սահակ քահանան եղել է Սարդարապատի հերոսամարտի անվանի մարդկանցից մեկը: Նրա մասին նույնիսկ ՙԷջմիածին՚ հանդեսն է նյութ հրապարակել, եթե չեմ սխալվում՝ տասը տարի առաջ:
- Հրապարակումը եղել է ինը տարի առաջ՝ 1983 թվականին:
- Հիմա ես կգնամ,- ասաց Տեր Գուրգենը:- Դու սպասիր, զավակս:
Տեր Գուրգենը արագ վեր կացավ, գնաց դեպի իր կացարանը: Քիչ հետո ետ եկավ, ձեռքին «Էջմիածին» հանդեսըն ձեռքին:
- Ահա, հենց այդ հանդեսն ինձ մոտ կա: Միհրան Հովհաննեսի Մուրադյանը մի հոդվածաշար է տպագրում «Հայ ժողովրդի ինքնապաշտպանության ճակատամարտերին մասնակցող հոգեւորականներ» խորագրով: Այս համարում նաեւ Ձեր պապի մասին է գրված:
Ռաֆիկը երկյուղածությամբ իր ձեռքը վերցրեց հանդեսը, զգուշորեն թերթեց եւ 30-31-րդ էջերում կարդաց:
«Սարդարապատի համազգային գոյամարտին եռանդուն մասնակցություն են ցույց տվել նաեւ հայ ժողովրդի հոգեւոր հովիվները»:
Շատ է գրվել հայտնի գիտնական եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանի, Կարնո առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի Բաբայանի ղեկավար մասնակցության մասին: Նրանք խաչը ձեռքներին կռվի են առաջնորդել սակավաթիվ մնացած հայ զորքին: Սակայն գյուղական քահանաներն այդ օրերին խաչի փոխարեն հրացան վերցրած կռվի են տարել իրենց համագյուղացիներին եւ քաջաբար մարտնչել են դիրքերում՝ գործնական օրինակ ծառայելով իրենց իսկ կոչով կռվի դաշտ դուրս եկած երկրագործ մարդկանց:
Սարդարապատի հերոսամարտի օրերին մեծ գործ է կատարել Ղուրդղոզու գավառակի (այժմ Հոկտեմբերյանի շրջան) Ջաֆարապատ (այժմ Գետաշեն) գյուղի քահանա Տեր Սահակ Սիմոնի Տեր-Սահակյանը:
Տեր Սահակը ծնվել է 1870 թվականին Ջաֆարապատ գյուղում, սակայն նրա ծնողները Արարատյան դաշտ են եկել Արեւմտահայաստանից՝ Սասունից, չկարողանլով տանել թուրք բռնակալների լուծը եւ ցանկանալով ազատ շունչ քաշել ռուսական պետության հովանու տակ:
Գյուղի ծխական դպրոցում գրաճանաչություն սովորելուց հետո պատանի Սահակն ընդունվում է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, որն ավարտվում է 90-ական թվականներին: 1896 թվականին Տ.Տ. Մկրտիչ Խրիմյանի կաթողիկոսության ժամանակ ճենարանավարտ Սահակը ձեռնադրվում է Ջաֆարապատ գյուղի քահանա:
Երիտասարդ քահանան հոգեւոր, կրթական գովելի աշխատանք է կատարում իրենց գյուղում, կանոնավոր հիմքերի վրա է դնում ծխական դպրոցը: Գյուղացիներին սովորեցնում է բաժանորդագրվել Թիֆլիսում լույս տեսնող հայերեն թերթերին: Հոգեւոր աշխատանքը համատեղելով երկրագործության հետ՝ Տեր Սահակը միաժամանակ չի դադարում մաճ բռնելուց:
1917 թվականին, ռուսական փետրվարյան հեղափոխությունից հետո, Արաքսի հակառակ ափին ապրող մահմեդականները փորձում էին Արաքսն անցնել եւ կողոպտել Ջաֆարապատ եւ Քյալագար գյուղերը: Տեր Սահակը ոտքի է հանում գյուղի ժողովրդին եւ հաջող հակահարված տալիս ինչպես Ղարաղալայի կամուրջը, նույնպես եւ Արաքս գետը անցնելու փորձ կատարողներին: Տեր Սահակին հաջողվում է համագյուղացիներին սովորեցնել զինվել եւ կազմ ու պատրաստ լինել ամեն մի նոր փորձության դեմ:
Արաքսի հանդիպակաց ափի մահմեդականների հարձակումները Ջաֆարապատի եւ մերձակա հայկական գյուղերի վրա շարունակական բնույթ են ստանում: 1918 թվականի մայիսի 9-ին Տեր Սահակը, ինչպես եւ շրջակա գյուղերի բոլոր գյուղացիները իրենց ընտանիքները տեղափոխում են Էջմիածին, սակայն իրենք զինված մնում են հայրենի գյուղերում:
Նրա խորհրդով եւ նրա օրինակին հետեւելով, այդպես են վարվում Ջաֆարապատի եւ մոտակա գյուղերի զենքի ընդունակ բոլոր տղամարդիկ:
1918 թվականի մայիսի 21-ին թուրքական բանակը գրավում է Սարդարապատ գյուղն ու կայարանը, իսկ գիշերը, նրանց հետ եկած բաշիբոզուկները հարձակվում են գյուղերի վրա՝ թալանելու եւ այրելու: Տեր Սահակի ջոկատները կռվի են բռնվում նրանց հետ եւ դուրս քշում գյուղերից, իսկ արդեն մայիսի 22-ին սկսվում է հայ զորքի հակահարվածը Սեւ ջրի կողմից: Տեր Սահակն անմիջապես իր շուրջն է հավաքում Ջաֆարապատի, Քյալագարխի, Շահրիարի եւ Ջանֆիդա գյուղերի զենք բռնող գյուղացիներին ու կռվի տանում նրանց տաճկական բանակի դեմ:
Ռազմաճակատի ընդհանուր հրամանատար գնդապետ Դանիել բեկ Փիրումյանը որոշում է Տեր Սահակի ջոկատի տեղը: Նրանք անմիջապես դիրքեր են մտնում Տեր Սահակի ղեկավարությամբ, կռվի բոլոր յոթ օրերի ընթացքում, կուրծքները ժայռի նման դեմ տված թշնամու կատաղի գրոհներին, նրանք մարտնչում են եւ հերոսաբար պաշտպանում իրենց բնագիծը՝ արժանանալով հրամանատարի խրախուսանքին:
Սարդարապատում, 1918 թվականի մայիսի 22-27ին, ինչպես ասում են, հրաշք տեղի ունեցավ: Թուրքական բանակը պարտվեց, փախուստի մատնվեց ու ջախջախվեց, սակավաթիվ հայ զորքը հաղթանակ տարավ:
Պարտված ու փախուստի մատնված թուրքերը, սակայն, չհաշտվեցին իրենց դրության հետ: Երբ Բաթումում կնքված հաշտության պայմանագրով հայ զորքը ետ քաշվեց եւ կորցրեց իր նպաստավոր դիրքերը, թուրքական բանակի հրամանատար Շեւքի փաշան ժամանակը պատեհ համարեց պարտության վրեժը լուծելու համար եւ մեկ զորաբաժնով հարձակման անցավ այս անգամ արդեն Էջմիածնի վրա, քաղաքից ութ կիլոմետր դեպի արեւմուտք ընկած Քյորփալու (այժմ Արշալույս) գյուղի մոտից: Այդ կռիվը հայտնի է «Քյորփալուի կռիվ» անունով:
Էջմիածնի վանքերի զանգերի տագնապալի ղողանջները սարդարապատյան օրերի նման հայ ժողովրդին ոտքի հանեցին: Տեր Սահակը Էջմիածին քաղաքում տեղավորված ջաֆարապատցիներից, մյուս գյուղացիներից եւ սուրմալվեցիներից կազմեց մեծ ջոկատ, ինքն էլ զինված՝ նրանց գլուխն անցավ, ոտքով հասավ Քյորփալու՝ կռվի վայրը, որտեղ գտնվում էին նաեւ Գրամփա գյուղի քահանա Տեր Հովհաննեսի աշխարհազորային ջոկատը եւ Էջմիածնի ամբողջ շրջանի գյուղերի աշխարհազորայինները: Կռիվը կատաղի էր եւ վտանգավոր, թուրքերը ցանկանում էին ուժեղ հարվածով կոտրել հայերի դիմադրությունը եւ մեկ շնչով հասնել մինչեւ Երեւան:
Առանց հայ զորահրամանատարության եւ կառավարության թույլտվության, ինքնագլուխ, աշխարհազորայիններին օգնության հասան Էջմիածին քաղաքում գտնվող մահապարտների 5-րդ գունդը, քաղաքի պարետային վաշտը եւ Սամաղարում գտնվող պարտիզանական գունդը՝ հինգ թնդանոթներով: Յոթ ժամ տեւած կատաղի մարտերից հետո թուրքերը գլխովին ջարդված, Քյորփալուի ղռերում թողնելով իրենց բանակի քառորդ մասը՝ սպանվածներ, մինչեւ Սարդարապատ խուճապահար փախան: Հայերը չհետապնդեցին, կանգ առան սահմանագծում:
Տեր Սահակի եւ Տեր Հովհաննեսի եռանդուն մասնակցությունը ոգեշնչման եւ անձնազոհության խթան հանդիսացավ հայ փոքրաթիվ զորքերի համար: Այս անգամ եւս ժողովուրդը փառավոր հաղթանակ տարած քահանաներին եւ հայ մարտիկներին, գյուղերի միջով անցնելիս, ցնծությամբ դիմավորեց եւ «ուռա»-ներով ճանապարհեց:
Նույն 1918 թվականի վերջերին ջաֆարապատցիները հնարավորություն ստացան վերադառնալու թուրքական բռնագրավումից ազատագրված իրենց գյուղը: Տեր Սահակն իր բազմանդամ ընտանիքով նույնպես վերադարձավ Ջաֆարապատ, որը ավերակույտի էր վերածվել թուրք նվաճողների իշխանության տակ: Սովն ու համաճարակային հիվանդությունները, գյուղատնտեսական ծանր աշխատանքները իրենց բացասական ազդեցությունը գործեցին Տեր Սահակի առողջության վրա, եւ նա վախճանվեց 1924 թվականին 54 տարեկան հասակում: Էջմիածնի միաբանությունը Արիստակես եպիսկոպոս Զուլոյանին Ջաֆարապատ էր ուղարկել պատշաճ թաղում կազմակերպելու համար: Ինչպես Ջաֆարապատի, նույնպես եւ շրջակա գյուղերի բնակիչները հավաքվել էին իրենց հարգանքը մատուցելու օրինակելի հոգեւոր հովիվ, աշխարհազորայինների հերոս ղեկավար, հայրենասեր Տեր Սահակ Սիմոնի Տեր-Սահակյանին»:
Ռաֆիկը՝ լուռ, հանդեսը վերադարձրեց քահանային:
- Վերցրու քեզ, զավակս,- ասաց տեր Գուրգենը:- Չէ, սուրբ հայր,- պատասխանեց Ռաֆիկը եւ մի փոքր դադար տալուց հետո ավելացրեց,- իմ պապն իմ հիշողության մեջ պահպանվել է մորս պատմություններով, այն մի քանի գրքերով, որ մնացել են: Ինչ-որ այստեղ գրված է, ես այս կամ այն կերպ լսել եմ մերոնցից: Ոմանք զուտ կենսագրական տեղեկություններ են հաղորդել, մյուսները ճոխ ու հեքիաթային բաներ են պատմել: Ու իմ մեջ մի ուրիշ տեր Սահակ կա, ով արդեն սուրբ է իմ համար: Ես այդ տեր Սահակին եմ ուզում պահել իմ մեջ:
Տեր Գուրգենը երկար խորհեց այս մարդու ասածների մասին ու վերջապես ասաց.
- Ճիշտը դու ես, զավակս: Մենք մեր հարազատներին այլ կերպ ենք պահպանում: Կենսագրությունները, գիրն ընդհանրապես այլ բան է,իսկ հիշողությունը, սովորական մարդկային հիշողությունն՝ այլ բան: Եվ կարեւորը մարդկային հիշողությունն է, որը մեզ համար պահպանում է մեր մեռյալներին: Դա ամենաճշգրիտ կենսագրությունն է…
... Մութը խաղաղ, հուշիկ իջնում էր թերակղզու, լճի, աշխարհի վրա: Ռաֆիկը հրաժեշտ տվեց սուրբ հորը եւ գնաց դեպի իր կացարանը, իր հերթական ժամանակավոր կացարանը:
Որտե՞ղ ենք սկսվում մենք եւ որտե՞ղ շարունակվում: Ինչպես շատ ու շատ բան, այս էլ անբացատրելի է…
Երկու օրից Ռաֆայել Բաղդասարյանը գնաց Մոսկվա…
Սերգեյ Գալոյան