կարևոր
18883 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-16 11:03
Տարածաշրջան

Թուրքիայում 15 միլիոն գաղտնի հայ, հույն և հրեա է ապրում․ Անկարայի նախկին քաղաքապետ

Թուրքիայում 15 միլիոն գաղտնի հայ, հույն և հրեա է ապրում․ Անկարայի նախկին քաղաքապետ

Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն իր սոցիալական էջում գրառում է արել։ Գյոքչեքը, ելակետ ընդունելով Օսմանյան պետության 1914 թ․ մարդահամարի տվյալները, պնդել է, թե ներկայիս Թուրքիայում 15 միլիոնից ավելի գաղտնի հույներ, հրեաներ և հայեր են ապրում։ Գյոքչեքը, սակայն, դիտումնավոր կերպով աչքաթող է արել վերջին 120 տարիներին կատարված ցեղասպանությունների, տեղահանությունների, պոգրոմների փաստը։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով պոլսահայկական Ակօս շաբաթաթերթը։

Ըստ աղբյուրի՝ Գյոքչեքն իր գրառման մեջ նշել է․

«1914 թ․ Օսմանյան պետության մարդահամարը․․․

Այդ տարեթվին Օսմանյան կայսրությունում 3.353.825 հույներ, հրեաներ և հայեր կային․․․
Բնակչության 18․22 տոկոսը․․․

Թուրքիայի 2024 թ․ բնակչությունը կազմում է 85.372.377 մարդ․․․
Եթե հիմք ընդունենք նույն հարաբերակցությունը, ապա Թուրքիայում ներկա պահին պետք է որ ապրեն 15.554.847 հույներ, հայեր և հրեաներ․․․
Ես ուզում եմ նրանց ճանաչել Թուրքիայում․․․
Չի կարելի որևէ մեկին մեղադրել հույն, հայ և հրեա լինելու մեջ, բայց ինչպես որ սիրիացիները, աֆղանացիներն ու թուրքմենները ճանաչելի են իրենց անուններով, ազգությամբ և ինքնությամբ, այնպես էլ մեր իրավունքն է հայերին, հույներին և հրեաներին իրենց ինքնությամբ ճանաչելը։
Հարկ է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը շտապ կերպով մի օրենք հրապարակի, ըստ որի՝ այդ անձանց իսկական ծագումն արտացոլվի ինքնության վկայականներում և անձնագրերում․․․

Համոզված եմ, որ ինչպես որ թուրքն է հպարտանում իր թրքությամբ, այնպես էլ հույնը՝ իր հույն լինելու, հայը՝ հայ լինելու, հրեան էլ՝ հրեա լինելու համար․․․

Արդյոք ի՞նչ է այդ մասին մտածում թվիթերյան հանրությունը»։
https://www.agos.com.tr/tr/yazi/30659/gokcek-e-gore-turkiye-de-15-milyon-gizli-rum-ermeni-ve-yahudi-varmis

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net