կարևոր
5329 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 13:03
Քաղաքական

Ինչո՞ւ է Լապշինը շրջում հայկական Սփյուռքում, և ինչպե՞ս ադրբեջանաթուրքական ուժերը նրան չեն չեզոքացնում. հրեա բլոգերի առեղծվածը՝ Հոխիկյանի դիտարկմամբ

Ինչո՞ւ է Լապշինը շրջում հայկական Սփյուռքում, և ինչպե՞ս ադրբեջանաթուրքական ուժերը նրան չեն չեզոքացնում. հրեա բլոգերի առեղծվածը՝ Հոխիկյանի դիտարկմամբ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի՞նչ է անում Լապշինը․

Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված պատմությունները մեր երկրում և աշխարհի հայերի մեջ արդեն ավելի քան 7 տարի ակտիվ քննարկվում են։ Լապշինը առավել հայտնի դարձավ 2016-ի դեկտեմբերի 15-ին, երբ Բելառուսում նրան ձերբակալեցին ու հանձնեցին Ադրբեջանին՝ Արցախ այցելելու համար։

Այդ օրվանից հրեա բլոգերը դարձավ հայերի սիրելի հերոսներից մեկը։ Բայց սա դասական օրինակ է, թե ինչպես հերոսացնել ներդրված գործակալին։ Աշխարհում այդպիսի դեպքեր շատ կան, եղել են Սիրիայում, Իրաքում, Հարավսլավիայում, Լիբանանում, Ռուսաստանում։ Խոսենք Հայաստանի այս դեպքի մասին։

Լապշինը «ադրբեջանական բանտում» մնաց մոտ 9 ամիս՝ մինչև 2017-ի սեպտեմբեր։ «Ադրբեջանական բանտը» չակերտների մեջ եմ գրել, քանի որ չկա որևէ ապացույց նրա բանտարկության մասին։ Լապշինին բանտում տեսնելու մասին հայտնել են միայն Ադրբեջանի և Իսրայելի մի քանի իրավապաշտպաններ։

Սակայն Լապշինի հնարավոր բանտարկության ամբողջ ընթացքում իրավական առումով ամենամեծ աշխատանքը, թերևս, կատարել է Հայաստանի փաստաբանների պալատի այն ժամանակվա նախագահ Արա Զոհրաբյանը՝ վճարելով Բելառուսում գործող որոշ փաստաբանների, ապա նաև միջազգային մի շարք իրավապաշտպան հարթակներում բարձրացնելով հրեա բլոգերի շտապ ազատման հարցը։

Այդ ընթացքում է, որ ես Արա Զոհրաբյանի հետ համագործակցեցի և ինձ վրա վերցրի Լապշինի մասին տեղեկատվության տարածման աշխատանքը, կապ հաստատեցի Լապշինի ընտանիքի հետ, խոսեցի Բելառուսում ՀՀ դեսպանության հետ, որ քանի դեռ Լապշինի ընտանիքը այդ երկրում է, փորձեն ապահովել նրա անվտանգությունը Ադրբեջանի հնարավոր սադրանքներից։

Հետո Լապշինի կինը երեխայի հետ տեղափոխվեց Իսրայել, և այնտեղ եղած ժամանակ էլ ես մշտական կապ էի պահում ընտանիքի հետ, փորձում իմանալ նրանց կարիքների մասին, որպեսզի հնարավորության դեպքում Իսրայելի հայկական համայնքի միջոցով օգտակար լինենք։ Լապշինի կինը ինքն էր հաճախ զանգում և պատմում իրենց մասին։

Լապշինի՝ «ադրբեջանական բանտում» եղած ժամանակ տեղեկություն տարածվեց, որ հրեա բլոգերի նկատմամբ մահափորձեր են եղել։ Փոքրամարմին Լապշինին մի քանի հաստավիզ տղամարդիկ կապել ու նախ փորձել են մետաղալարով խեղդել, ապա կախել են։ Ժամեր շարունակ՝ խեղդված ու կախված վիճակում, պարզվում է, Լապշինը չի մահացել, ու Ադրբեջանի մարդասեր բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Դրանից հետո Լապշինի նկատմամբ մահափորձի տեղեկությունը, չգիտես ինչպես, դուրս է եկել Ադրբեջանի իրավապահ համակարգից ու տարածվել լրատվամիջոցներում աշխարհով մեկ։

Հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանկարծ վախեցավ, որ Լապշինին էլի կսպանեն, և համաներումով ազատ արձակեց նրան։

Լապշինը հերոսի լուսապսակով վերադարձավ Իսրայել ու հենց տեղ հասավ, հրապարակեց այսպիսի տողեր․ «Ամոթ է խոստովանել, բայց մինչև ադրբեջանական բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է և պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հարգանքով։ Ինչ հիմար եմ եղել։ Դեռ 1988 թվականին Ադրբեջանը սկսել է ահաբեկչությունը Սումգայիթի, Բաքվի և Ղարաբաղի հայերի նկատմամբ։․․․ Հայեր, դիմացեք։ Այս մարդիկ ցանկանում են ձեզ տեսնել մահացած և վերջ»։

Այս նախադասությունները ավելի հերոսացրին հրեա բլոգեր Լապշինին հայ ազգի աչքում, և նա դարձավ բոլորի սիրելի գործիչը։

Իսրայել վերադառնալուց օրեր անց Ալեքսանդր Լապշինը զանգեց ինձ և շնորհակալություն հայտնեց աջակցության համար։ Ես առաջարկեցի Երևանում լինելիս հանդիպել Արա Զոհրաբյանի հետ, քանի որ նրա ցուցաբերած օգնությունը ավելին է։ Խոստացավ անպայման հանդիպել Զոհրաբյանի հետ։ Հետագա ամիսներին Լապշինը եկավ Հայաստան, հանդիպեցինք, ծանոթացանք, մտերմացանք ընտանիքներով։ Ես նրան ընտանյոք հրավիրեցի իմ տուն, նա՝ ինձ հրավիրեց։

2019-ի մայիսի 11-ին ՀՀ կառավարությունից ինձ առաջարկ եղավ մասնակցել տնտեսական համաժողովի, որին իմ առաջարկով հրավիրեցին նաև Ալեքսանդր Լապշինին։ Համաժողովի ժամանակ տեղի ունեցավ հանդիպում, զրույց Լապշինի, իմ, Նիկոլ Փաշինյանի, նրա այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու ևս 1-2 նախարարների մասնակցությամբ։ Այդ մասին բազմիցս պատմել եմ, չկրկնեմ։

Հետո Եվրոպայում շրջագայելիս Լապշինը ինձ հաճախ գրում էր, թե այս կամ այն երկրում իրեն հետապնդում են ադրբեջանցի լրտեսները։ Նույնիսկ Սլովակիայում իբր թե մահափորձ էր եղել, ու պարզվել էր, որ դրա հետևում կանգնած էր Ադրբեջանի ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Նագիևը։ Անկեղծ ասեմ, ես հավատում էի Լապշինին։

2020-ի պատերազմից օրեր անց Լապշինը ինձ ձայնային հաղորդագրություն ուղարկեց և հիշեցրեց 2019-ի խոսակցությունը, ապա Արցախի մասնակի հանձնման համար ակնհայտ մեղադրեց Նիկոլ Փաշինյանին։ Իմ բազմաթիվ առաջարկներին, որ ինքը պատմի խոսակցությունների մասին, Լապշինը մերժում էր՝ արդարանալով, թե Նիկոլը կհրահանգի իրեն սպանել։ Այդ մասին նա ասել է նաև ձայնային հաղորդագրություններում, որոնք առգրավել ու պինդ-պինդ պահում է ՀՀ ԱԱԾ-ն։

2021-ի մայիսի 20-ին ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մեղադրեց Լապշինի ապօրինի կալանավորման համար և պարտավորեցրեց 30,000 եվրո վճարել։ Դա մինչև օրս չի վճարվել Լապշինին։ Ոչ ոք չի էլ պահանջում։

Փոխարենը 2021-ի այդ նույն օրերին Լապշինը մի քանի անգամ հանդիպեց ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ, եղավ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ կապված լրատվամիջոցներում, այնտեղ որոշ անձանց հետ հանդիպեց, ապա հանդիպեց Վլադիմիր Կարապետյանի դստեր հետ, ինչից հետո սկսեց ինձ մեղադրել, թե ես ստում եմ՝ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին։

Ապա Լապշինը սկսեց շրջել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերով, մոտենալ առաջնագծին ու ՀՀ անվտանգության մարմինների թողտվությամբ նկարել մեր բնագծերը։ Լապշինը եղավ Հայաստանի գրեթե ամբողջ սահմանամերձ հատվածներում ու հերոսի լուսապսակով, որպես Ադրբեջանի կողմից հալածված, սկսեց մարդկանցից տեղեկություններ հավաքել առաջնագծի վիճակի մասին։

Հայաստանի առաջադեմ մի շարք անհատներ այնքան էին ոգևորված Լապշինով, որ բացեցին իրենց դռները նրա առաջ ու տվեցին ինչ կարող էին՝ փող, ճոխ նվերներ, տեղեկություններ, նկարներ, տեսանյութեր, գաղտնի քարտեզներ և այլն։

Հետո Լապշինը նույն հերոսի լուսապսակով շրջագայության մեկնեց Սփյուռքում։ Լինում է տարբեր հայաշատ վայրերում, ելույթներ ունենում տեղի հայկական համայնքների մոտ, ներկայացնում իր տառապանքները «ադրբեջանական բանտում», մահափորձերն ու հրաշքով փրկվելը, ձեռքի հետ էլ տողերի արանքում քարկոծում է Հայաստանի ազգային գործիչներին, այդ թվում՝ ինձ անվանում ադրբեջանական ու ռուսական գործակալներ, իսկ սփյուռքահայերը հիացած լսում են հրեա բլոգերին, հավատում նրա ասածներին, հավանաբար հրաժեշտին էլ թանկ նվերներով կամ մեծ փողերով ճամփի դնում։

Հիմա մի քանի հարցեր, որոնք կարող է ինքն իրեն տալ յուրաքանչյուր խելամիտ հայ Հայաստանում և Սփյուռքում․

1․ Եղե՞լ է արդյոք Ալեքսանդր Լապշինը ադրբեջանական բանտում։

2․ Ինչպե՞ս է պատահել, որ Լապշինին մետաղալարով խեղդելուց ու կախելուց հետո, երբ նա ժամերով կախված է մնացել մենախցում, չի մահացել ու փրկվել է։

3․ Ադրբեջանից ազատվելուց հետո ինչպե՞ս է պատահում, որ Լապշինը շրջում է ամբողջ աշխարհում, ելույթներ ունենում Իլհամ Ալիևի դեմ, բայց ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայությունները նրան չեն չեզոքացնում։

4․ Ինչո՞ւ գրեթե 3 տարի Ադրբեջանը չի վճարել ՄԻԵԴ-ով պարտադրված տուգանքը, բայց Լապշինը չի բողոքարկում Ադրբեջանի այդ քայլը։

5․ Ադրբեջանից հեռանալուց հետո ի՞նչն է Լապշինին այդքան հետաքրքրում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։ Ինչո՞ւ է նկարել առաջնագծային տարածքները։

6․ 2020թ․ պատերազմից առաջ և պատերազմից անմիջապես հետո Նիկոլին դավաճան անվանող Լապշինը ինչո՞ւ 2021-ի մայիսից հետո հանկարծ դադարեց մեղադրել Նիկոլին ու նույնիսկ սկսեց համագործակցել ՀՀ իշխանության հետ։

7․ Ինչո՞ւ է Լապշինը շրջում Սփյուռքի հայկական համայնքներում և ի՞նչ է ուզում նա աշխարհի հայերից»։