կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-12 05:09
Առանց Կատեգորիա

Տարբերություն չեն դնում՝ հայ է, հույն, թե հրեա

Տարբերություն չեն դնում՝ հայ է, հույն, թե հրեա

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատվիրակութունը երեկ այցելել է Կ.Պոլսի հայոց պատրիարքարան։ Կուսակցության փոխնախագահ Օսման Քորություրքը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ, որից հետո կազմակերպվել է ասուլիս։

Պատասխանելով լրագրողների հարցերին` Օսման Քորություրքն ասել է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հավատարիմ է Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնություններին տրված իրավունքների պաշտպանությանը։

Իսկ թե ինչո՞ւ կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին իր ցուցակում չի ընդգրկել հայ թեկնածուների, թուրք քաղաքական գործիչը պատասխանել է. «Մենք տարբերություն չենք դնում՝ հայ է, հույն, հրեա, քուրդ կամ էլ չերքեզ։ Ընտրություններին մասնակցելու համար դիմած 4300 անձանց շարքերում շատ արժեքավոր մարդիկ կային։ Ցավոք, տիպված էինք այդ թիվը հասցնել 550–ի»։

Իսկ հարցին, թե արդյո՞ք պատրիարքարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը, Քորություրքը պատասխանել է, որ այդ թեման չեն քննարկել։

Ի դեպ, Ցեղասպանության վերաբերյալ Ժողովրդա-հանրապետական կուսակցության դիրքորոշումը հետևյալն է. «Մենք գիտենք, որ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն երկու կողմն էլ ցավ է տեսել։ Մենք կողմնակից չենք, որ այդ իրադարձություններին տրվի ցեղասպանություն բնորոշումը։ Թող թեման քննարկեն պատմաբանները։ Եթե քննարկումների արդյունքում որոշ մանրամասներ ի հայտ գան և դրանց առնչությամբ համաձայնություն ձեռք բերվի պատմաբանների միջև, մենք դա կընդունենք»։