կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-30 16:06
Առանց Կատեգորիա

Ի դեմս Արցախի՝ Վրաստանը կարող է ունենալ նոր հարևան

Ի դեմս Արցախի՝ Վրաստանը կարող է ունենալ նոր հարևան

Ինչպես 1988 թ. Սպիտակի երկրաշարժի, 1990-ական թթ. Արցախյան գոյապայքարի և 2016 թ. Ապրիլյան քառօրյայի ծանր օրերին, այնպես էլ արցախահայության և բովանդակ հայ ժողովրդի առջև ծառացած այս նոր արհավիրքի՝ Արցախի սահմանների ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական լայնածավալ հարձակման օրերին ջավախահայությունն ապրում է հայրենիքի հևքով: Օրերս հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան Ջավախքում և Թբիլիսիում: Yerkir.am-ն այդ առիթով մի քանի հարցեր ուղղեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանին:

- Պարո՛ն Գաբրիելյան, ինչպե՞ս արձագանքեց պատերազմին ջավախահայությունը: 

- Ջավախահայությունը պատերազմի լուրը ստանալուն պես հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Սկզբնական շրջանում կարող երիտասարդներն ամենուր ցուցակագրվել են՝ կամավոր մեկնելու համար ռազմաճակատ: Այնուհետև, երբ կապ է հաստատվել ՀՀ-ի պետական պատկան օղակների ներկայացուցիչների հետ և հայտնի է դարձել, որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա, սկսվել են հումանիտար օժանդակության ուղղությամբ լայնածավալ միջոցառումները: Կարճ ժամանակում արդեն պատրաստ էին սննդով և այլ անհրաժեշտ իրերով բեռնված առաջին բեռնատարները, որոնք, որոշակի դժվարություններով հատելով սահմանը, 2 օր առաջ արդեն մտել են ՀՀ: Փաստենք, որ Վրաստանի իշխանությունները մեծ դժվարությամբ և ջավախահայության բողոքի հուժկու ալիքի ներքո թույլ տվեցին հումանիտար օժանդակության առաջին բեռնատարների ելքը երկրից: Հիշեցնենք՝ սահմանին հավաքվել էր շուրջ 3.000-5.000 ջավախահայ, ինչն աննախադեպ էր: Այդուհանդերձ, անվադողերով բեռնված մեքենաներն այդպես էլ չկարողացան դուրս գալ երկրից:   

- Խոսենք երեկվա դեպքերից. ի՞նչ էին պահանջում Ջավախքի երիտասարդները Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետի մոտ: Ինչո՞ւ էին փակել միջպետական ճանապարհը:

- Ցավոք, ինչպես նշեցի, Վրաստանը խոչընդոտներ է հարուցել, և ջավախահայության հավաքած մեծաքանակ հումանիտար օժանդակությունն արգելվել է անցկացնել ՀՀ: Ջավախահայ երիտասարդները երեկ հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է Թուրքիայից մուտք գործող բեռնատարներին հեշտությամբ թույլատրվում մտնել Վրաստան, իսկ ահա Վրաստանից ՀՀ մուտք գործող բեռնատարները հանդիպում են արգելքների: Ահա այս փաստի առիթով երեկ նրանք Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի մոտ փակել էին  Թուրքիայից Վրաստան մուտք գործող բեռնատարների ճանապարհը:

- Կատարվե՞լ է նրանց պահանջը, այժմ կարո՞ղ են բեռները տեղափոխել ՀՀ:

- Դեռ պարզ չէ: Վրաստանի խորհրդարանի ներկայիս և նախկին պատգամավորներ Ս. Մանուկյանն ու Ս. Պետրոսյանը եկել և տեղում բանակցել են, խնդրել են բացել միջպետական ճանապարհը: Այժմ շուրջ 20 տոննա կարտոֆիլ կա հավաքված, պետք է շուտով այն հասնի սահմանային անցակետ, այդժամ պարզ կլինի՝ կրկին արգելքներ լինելո՞ւ են, ի՞նչ պատճառով և այլն:

- Պարո՛ն Գաբրիելյան, Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի երկու պատգամավորներ (իշխանական և ընդդիմադիր) գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ տարածեցին՝ թե՛ աջակցելով Ադրբեջանին, թե՛ դատապարտելով հայկական կողմին, անգամ ՀՀ-ին մեղադրեցին Վրաստանի հանդեպ ոտնձգությունների մեջ: Ի՞նչ էր թաքնված այս ամենի հետևում:

- Այո, Վրաստանի խորհրդարանի երկու գործող պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժումից» Ազեր Սուլեյմանովը և «Վրացական երազանքից» Ռուսլան Գաջիևը, իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են արցախա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադարձություններին՝ նաև մեղադրելով ՀՀ-ին Վրաստանի դեմ ուղղված հանցագործությունների մեջ: Բնականաբար, Ադրբեջանը լավագույնս է գիտակցում Վրաստանի տեղն ու դերը ՀՀ-ի համար` և՛ ռազմավարական իմաստով, և՛ քաղաքակրթական հողի վրա, և սեփական ահաբեկչական պլանների իրագործման համար ամեն ինչ արվել և արվում է՝ հնարավորինս վատացնել, հատկապես այս փուլում՝ արհեստական վիհեր ստեղծել ՀՀ-Վրաստան հարաբերություններում: Փաստենք նաև, որ թե՛ մեր Խորհուրդը, թե՛ Վրաստանի խորհրդարանի՝ Ջավախքից ընտրված պատգամավորը, թե՛ ՏԻՄ ներկայացուցիչները, թե՛ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին Ջավախքից իրենց թեկնածությունն առաջադրած մի շարք քաղաքական այրեր իրենց հայտարարություններում թե՛ աջակցել են Արցախի արդար պայքարին և դատապարտել ադրբեջանական ագրեսիան, թե՛ կարմիր թելի պես տարել այն միտքը, որ ՀՀ-Վրաստան հարաբերությունների վատացմամբ շահագրգիռ ադրբեջանական ուժերն ու անձինք հաջողության չեն հասնելու:

- Դուք մշտական կապի մեջ եք նաև Վրաստանի պետական այրերի հետ, ինչպե՞ս են նրանք տրամադրված, ի՞նչ է խոսվում կուլիսներում արցախյան պատերազմի մասին:

- Չեզոքության պահպանման մասին այն պաշտոնական հայտարարությունները, որոնք տարածեցին Վրաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ընդհանուր առմամբ, ընկալելի են նաև հասարակական-քաղաքական լայն շրջանակների համար: Տեղյակ եք, որ բավական կտրուկ հայտարարություն տարածեց Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ փաստելով, որ Վրաստանը ռազմական  տարանցման երկիր չի դառնա, Ղարաբաղյան  հակամարտության հարցում չեզոք է և  բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Գիտեք, որ Մ. Սահակաշվիլին հայտարարել էր. թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության  տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը: Այդ առումով բավականին խիստ և կարևոր էր Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկու մեկնաբանությունը, ըստ որի՝ Սահակաշվիլու հայտարարությունը սադրիչ է, նպատակն է հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի միջև բախումներ առաջացնելը, որը կարող է վերածվել հակամարտության:

- Ադրբեջանի հետ տնտեսական, էներգետիկ, տարանցիկ և բազմաթիվ այլ կախվածություն ունեցող Վրաստանի՝ ՀՀ-ի հանդեպ չեզոքությունը, որքան էլ մեզ համար ոչ հաճելի, այդուհանդերձ, ընկալելի է: Ինչո՞վ կբացատրեք վրացական իշխանությունների կողմից Ադրբեջանի հանդեպ նույնանման դիրքորոշումը:  

- Բնականաբար, Վրաստանում հիմարներ չեն նստած և լավ են հասկանում, որ Արցախում պատերազմն այս անգամ կարող է տեղափոխվել Ադրբեջանի և Այսրկովկասի զարկերակների, այն է՝ Թալիշի դիրքերից ուղիղ գծով ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Ադրբեջան-Վրաստան ռազմավարական նշանակության միջպետական մայրուղու և, ամենակարևորը, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու վրա: Այս իրողությունը,  պարզապես չի կարող մտորելու տեղիք չտալ Վրաստանի իշխանություններին, քանի որ, եթե Ադրբեջանն աշխարհին հետաքրքրում է որպես նավթի, գազի աղբյուր կամ Ասիան Եվրոպային կապող տարանցիկ ուղի, ապա հիշեցնենք, որ այդ ամենը միս ու արյուն է ստանում` Վրաստանով անցնելով: 

Պատերազմն անկանխատեսելի է, հատկապես` այս մեկը, և Ադրբեջանի նման վարքագծի պայմաններում Վրաստանը, ի դեմս Արցախի, անգամ կարող է ունենալ նոր հարևան:

Վ. Սարգսյան