Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե 2 ամսով, այլ` առնվազն 2 տարով: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված 40 հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, պարեկություն կարվի Հայաստանի ողջ տարածքում: Բայց, նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն: Ըստ տեղեկությունների, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես 200 եվրոպացի մասնագետ: Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հետ։
- Նախ գնահատեք, խնդրեմ, ԵՄ դիտորդների՝ անցած 2 ամիսների առաքելությունը` ի՞նչ տվեց դա Հայաստանին: Հիմա խոսք է գնում Հայաստանի ողջ տարածքում դիտորդություն իրականացնելու մասին, ո՞րն է նպատակը։
- Դիտորդական նախորդ խումբը եկավ աննախադեպ քարոզչական հրետանային աջակցությամբ։ Աննախադեպության համախտանիշով տառապող իշխանությունը դա համատեղ փրկության դուռ համարեց։ Բայց հասարակությունը տեղեկատվություն չունի արդյունքների մասին։ Եթե կային անվտանգային ինչ-ինչ խնդիրներ, գուցե տեղակատվության մի մասը կարող էր փակ լինել, բայց, ընդհանուր առմամբ, դիտորդների աշխատանքից մնացինք «բեխաբար»։ Ի վերջո, նրանք մեր երկրում էին աշխատել, եւ իրավիճակի իրենց գնահատականը մենք իրավունք ունենք իմանալու։
- Հատկապես որ ի սկզբանե հայտարարվում էր, թե առաքելությունն ավարտելուց հետո զեկույց է ներկայացվելու։
- Բայց դա գաղտնի պահվեց․․․ Վերջին շրջանում մեծ «տառապանքների» մեջ էի՝ որտե՞ղ է Միշել, Բորել, ֆոն դեր Լայեն «հրաշալի եռյակը»։ Լաչինի միջանցքի մարդասիրական աղետին նրանք նայում են՝ ինչպես ամերիկյան հայտնի ֆիլմի վերնագիրն է՝ «С широко закрытыми глазами», լայնորեն փակած աչքերով։ Չեն տեսնում՝ ինչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ի վերջո, միջանցքը կարգավիճակ ունի։ Լաչինի միջանցքի վերաբերյալ եվրոպական կառույցների վերաբերմունքը ցույց է տալիս, որ նրանց համար առաջին տեղում ոչ թե հայերի, ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքն է, այլ աշխարհաքաղաքական շահերը, դիցուք՝ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, առաջին հերթին՝ Հայաստանում սասանելը։ Վրաստանում եւ Ադրբեջանում ՌԴ-ն ռազմական ներկայություն վաղուց չունի, եւ հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ են ԵՄ դիտորդները մեկ ամիս հետո ուզում գալ, այլ ոչ թե հիմա, եթե չասենք՝ մեկ ամիս առաջ։ Եվ քանի որ տեղեկատվությունն ամբողջական չէ, դժվար է ասել՝ ինչ առաքելությամբ են գալիս, որովհետեւ հիմա խոսվում է նաեւ Հայաստանի ողջ տարածքում դիտարկման կետեր ստեղծելու մասին։ Փաստորեն, ավելի մեծ որոգայթներ են լարվում տարածաշրջանում, եւ որսի թիրախ են ընտրել հայերիս։ Մենք ենք որսի մեծ շուրջկալի զոհը լինելու։ Ես որեւէ անվտանգության ապահովման, Ադրբեջանի հետ ճգնաժամի հաղթահարման որեւէ ներուժ Եվրոպայի կողմից չեմ տեսնում։
- Արեւմուտքը դիտորդների միջոցով ի՞նչ խնդիր կարող է լուծել։
- Պատմականորեն Կովկասը համարվում է ռուսական արջի «փորը», այսինքն՝ ամենաթույլ պաշտպանված տեղը։ Կովկասում կուտակում են դիտորդներ, որոնք, վստահաբար, լինելու են հատուկ ծառայության աշխատակիցներ եւ խնդիր են ունենալու հավաքագրել եւ մշակել տեղեկատվություն, ազդել հասարակական կարծիքի վրա, առաջացնել դրական սպասումներ եվրոպական միջամտության նկատմամբ եւ խորացնել Ռուսաստանի նկատմամբ առկա եւ մեծապես արդարացված դժգոհությունը, խզել նրա հետ մեր դաշնակցային կապերն ու անցնել արեւմտյան ուղղության։ Իսկ արեւմտյան ոչ մի պետություն մեր տարածաշրջանին այնքան մոտ չէ, որքան մեր ոխերիմ հարեւան Թուրքիան։ Պատրաստում են տարածաշրջանում նոր որոշողի, դերակատարի թագադրում՝ ի դեմս Թուրքիայի։
- Թուրքիայի հետ ՀՀ սահմանը վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հատվածում եվրոպացիների «դիտարկումը»։
- Մեծ ցնցումներ են լինելու։ Ոչ մի արմատական փոփոխություն առանց ցնցումների չի լինում, եւ այդ փոփոխությունն էլ մեկ օրում, մեկ ամսում չի լինելու։ Տեսեք, թե Վրաստանից, Ադրբեջանից ռուսական զորքը քանի տարի հետո դուրս եկավ։ Այնպես չէ, որ երկաթուղային վագոնները շարվելու են, եւ ռուսները նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ վերադառնալու են իրենց հայրենիքը։ Լինելու է անցման շրջան՝ դրան բնորոշ ամենազազրելի ու շնական հետեւանքներով։
- Բայց, մյուս կողմից, ՌԴ-ն ինքն է կարծես ձեռքերը լվացել Հայաստանից, ՀԱՊԿ-ի անգործության տարբեր փաստեր ենք տեսել, Ռուսաստանի ոչ դաշնակցային վերաբերմունք: Արեւմտամետները կհակադարձեն՝ իսկ ի՞նչ անել, եթե ոչ նոր դաշնակիցներ փնտրել։
- Պետք է աշխատել դաշնակցի հետ։ Մենք չենք խոսում տնտեսական, սոցիալական կամ մշակութային քաղաքականության մասին, որտեղ իշխանության փոփոխման հետ փոխվում են շեշտադրումները, հանրային ռեսուրսների վերաբաշխում է կատարվում նշածս ուղղություններում։ 2018թ. հեղաշրջման արդյունքում իշխանության եկածները հմտորեն թաքցրին իրենց մտադրությունը։ Նրանց առաջին նպատակն իշխանությունը գրավելն էր, իսկ դրանից հետո հակակոռուպցիոն պայքարի, դատական համակարգի առողջացման, նախկիններին պատժելու եւ ամբոխահաճ այլ մանյովրային արշավների շղարշի ներքո սկսեց ուրվագծվել հարվածի գլխավոր ուղղությունը՝ արտաքին քաղաքական ուղեգծի տեղաշարժը դեպի Արեւմուտք։ Մենք հիմա այդ տեկտոնիկ տեղաշարժի մեջ ենք։ Անխոս, մեզ հիմա մտահոգում է Արցախում ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը, բայց Լաչինի ճգնաժամն օգտագործվում է որպես միջոց, լծակ՝ արտաքին քաղաքական ուղեգծի տեղաշարժն ապահովելու համար։ Կարելի էր դրա հետ հաշտվել, եթե արդյունքում Արցախում ապրողների անվտանգության աստիճանը բարձրանար, ստանային գոնե ինքնավարություն, երաշխավորվեր Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այսինքն՝ կարելի էր փոխել կողմնորոշումը հանուն ազգային շահի։ Բայց նրանք Արցախը մի կողմ են դրել, ՀՀ-ից բռնազավթված տարածքների վերադարձը, արտաքին աշխարհի հետ մեր հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելը օրակարգ չեն բերել։ Հետեւաբար այն, ինչ մտադիր են անել, դառնալու է փուչ ու ինքնանպատակ տեղաշարժ է։ Եվ դա հիմք է տալիս շատ վերլուծաբանների՝ պնդելու, որ հիմա ստորագրվում է սրանց իշխանության բերելու կատարողական ակտը։ Մարդիկ վճարում են իրենց ստացածի գինը՝ ըստ պահանջագրի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։