Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երբ համավարակը եկավ, բոլորը հարցնում էին՝ չի լինելու, չէ՞, «Հայ Ֆեստ»-ը, այն թարս հարևանների նման, որ գնում ես իրենց տուն, հարցնում են՝ սոված չեք, չէ՞։ Ի հեճուկս բոլորի՝ «Հայ Ֆեստն» այս տարի կկայանա. Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայ Ֆեստ» թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։
Այնուամենայնիվ, վճռել են՝ այս տարի 18-րդ «Հայ Ֆեստ»-ը կկայանա անսովոր ձևաչափով՝ առցանց, սակայն՝ անփոփոխ ամսաթվով՝ հոկտեմբերի 1-8-ը:
«Երբ բոլորը հետաքրքրվում էին՝ այս տարի կլինի՞ փառատոնը, թե՞ ոչ, դրանից էլ բխեց մեր այս տարվա կարգախոսը՝ «Լինե´լ. սա խնդիր չէ», որը հավանության արժանացավ բոլորի կողմից»,- նշեց Արթուր Ղուկասյանը:
Ըստ նրա՝ ուսումնասիրել են առցանց այլ փառատոների թերություններն ու բացթողումները և փորձել չկրկնել «Հայ Ֆեստ»-ում:
Փառատոնի նախագահը տեղեկացրեց, որ այն այս տարի կընթանա երեք հիմնական ծրագրով: «Գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասերում՝ «Հայ Ֆեստ»-ը գալիս է ձեր տուն» խորագրով։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին, ինչը հնարավորություն կտա առանց տանից դուրս գալու (սեփական պատշգամբից) հետևել ներկայացումների ընթացքին։ Գերհագեցած կլինեն փառատոնի առցանց հարթակները. կցուցադրվեն 5 բացառիկ աշխարհահռչակ ներկայացումներ, որոնք ձեռք են բերվել մեկանգամյա ցուցադրության իրավունքով»,- նշեց նա։
Ի դեպ, առաջին անգամ փառատոնը կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։
«Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև թատերական մեծ համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև»,- կարևորեց փառատոնի ղեկավարը:
Ըստ Արթուր Ղուկասյանի՝ յուրաքանչյուր քաղաքում, որտեղ կա փառատոն, քաղաքապետարանը պետք է լինի գլխավոր աջակիցը։ «Հիմնականում այդպես է բոլոր քաղաքներում, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Քաղաքապետը կապ չունի, համակարգն է այդպես, կամ գուցե դա որոշակի բյուրոկրատիա է։ Ոչ թե մշակույթի նախարարությունը պետք է լինի գլխավոր աջակիցը, այլ քաղաքապետարանը, քանի որ դա Երևանի փառատոնն է։ Իսկ փառատոնը քաղաքի դեմքն է, այդ դեմքը թարմ պահելու համար պետք է գումարներ ծախսվեն»,- նշեց փառատոնի ղեկավարն ու անդրադարձավ ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորմանը.․ «Մեզ աջակցում է ԿԳՄՍՆ-ն, բնականաբար, նախորդ տարվա համեմատ, կրճատել են բյուջեն՝ նախկին 20 մլն-ի փոխարեն դարձրել 18 մլն. դե իրենք սիրում են կրճատել, բայց որ աջակցում են՝ շնորհակալություն»։
Մեր զրուցակիցը ԿԳՄՍՆ-ում մշակույթի փոխնախարարների ընտրությունը ճիշտ է համարում, սակայն համարում է, որ միավորման արդյունքում տուժում են բոլոր ոլորտները: «Այսօր տուժում են և՛ մշակույթը, և՛ կրթությունը, և՛ սպորտը, և՛ գիտությունը։ Երբ կրթությունն ու մշակույթը դնում ես մի հարթության վրա, առաջինը տուժում է մշակույթը, հետո՝ կրթությունը»,- նշեց Արթուր Ղուկասյանն ու մատնացույց արեց տասը երկրների փորձը՝ բոլորում էլ, ի վերջո, միավորվելուց հետո կրկին առանձնացել են՝ որպես առանձին նախարարություններ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը