Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին, կկայանա օգոստոսի 1-10-ը: Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ` կորոնավիրուսի պատճառով:
Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն այսօր վստահեցրեց, որ բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 21 մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝ Դավիթ Եղիազարյանի կատարմամբ: «Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացմամբ՝ ըստ Հ. Մաթևոսյանի: Իսկ առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն:
Այս տարի հասկանալի պատճառներով փառատոնը կիսով չափ ընթանում է առցանց, սա կդառնա՞ նախադեպ, որ համավարակը հաղթահարելուց հետո, մեկ տարի անց էլ փառատոնի միջազգային ժյուրին ու արտիստները մասնակցեն առցանց, թե՞ հանդիսատեսի հետ կենդանի շփումն ավելի նախընտրելի է, Yerkir.am–ի հարցին ի պատասխան փառատոնի տնօրենը շտապեց տեղեկացնել. «Բնակաբանար, կենդանի շփումը անհրաժեշտ է, ուղղակի առանց դրա հնարավոր չէ: Դրա համար էլ մեր բացօթյա ներկայացումների հանդիսատեսի քանակը կլինի սակավաթիվ, որպեսզի հանդիսատես-դերասան կապը կայանա»,- ասաց Մ. Մխիթարյանն ու դժվարացավ խոսել փառատոնի հաջորդ տարվա ճակատագրի մասին. «Լիահույս եմ, որ գալիք տարի՝ «Արմմոնո» 19-րդ թատերական փառատոնը կհյուրընկալի այն բոլոր հյուրերին, որոնք պատրաստվում էին այս տարի գալ, կմասնակցեն՝ հաջորդ տարի»:
Մանրամասները՝ տեսանյութում.