Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում երեկ տեղի ունեցավ «Մեկ տանիքի ներքո» խորագրով «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական 3-րդ փառատոնի բացումը: Փառատոնը բացվեց «Մեկ թագավորի թատրոն» ներկայացմամբ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 3 տարի առաջ փառատոնը կազմակերպել են` կարևորելով երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժը, մայրաքաղաք-մարզեր միջմշակութային համագործակցությունը:
«Տարեցտարի հասարակության կողմից փառատոնի հանդեպ հետաքրքրությունն ավելանում է: Փառատոնի հիմնական նպատակն էսկսնակին տալ ինքնադրսևորվելու հնարավորություն: Ճիշտ է, որևէ մեկին չենք կարող շնորհք պարգևել, բայց կարող ենք օգնել շնորհալի երիտասարդին` դառնալ պրոֆեսիոնալ: Ուզում ենք, որ երաժիշտները, նկարիչները, դերասանները հանդիպեն միմյանց` որպես մեկ ամբողջական մշակութային սերունդ»,- ասաց Մուրադյանը` հավելելով, որ արվեստը միշտ էլ ունի ազատ տեղ, և երբեք որևէ շնորհալի մարդ մեկ ուրիշի տեղը չի գրավում: «Շատ կարևոր է մարդու առաջին քայլը, դրա համար էլ պետք է երիտասարդներին խրախուսել. որտեղ երիտասարդություն, այնտեղ էլ ապագա կա»,- շեշտեց նա:
Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն էլ նշեց, որ փառատոնի նպատակը երիտասարդական ստեղծագործական մթնոլորտ ստեղծելն ու դրա զարգացումը խթանելն է: «Տարբեր բուհերում սովորող ուսանողներին միավորող այս փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելանում է: Փառատոնն այս տարի ունի 350 մասնակից` նախորդ տարվա 200-ի փոխարեն: Ավելացել է նաև մարզերի մասնակիցների թիվը»,- հայտնեց նա:
Մայիսի 11-ից հունիսի 11-ը փառատոնի մասնակիցները կներկայացնեն թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն: Փառատոնին մասնակցում են 16-35 տարեկան անհատներ եւ ստեղծագործական խմբեր: Հաղթողներին որոշում է պրոֆեսիոնալ հանձնաժողովը։