Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գունավոր հեղափոխությունների, ժողովրդավարական արժեքների ձևախեղումների, տոտալիտարիզմի, աշխարհաքաղաքական նոր վերաձևումների ու պանդեմիայի համատեքստում, թերևս, ամենաարդիական ու պահանջված գրողը Ջորջ Օրուելն է: Ցավոք, նրա քաղաքական սատիրայի բնօրրանն այսօր, կարծես թե, դարձել է «նոր Հայաստանը»: Երբեմն մղձավանջի պես թվում է, թե հայտնվել ես օրուելյան աշխարհում:
Վստահ եմ, որ այսօր Հայաստանի յուրաքանչյուր բանական քաղաքացի, իրեն երկրի տերն ու մշակույթի ժառանգորդը համարող հայ մարդ փորձում է յուրովի վերլուծել Հայաստանում ձևավորված նոր քաղաքական ֆենոմենը: Յուրաքանչյուրը ցանկանում է հասկանալ, թե ո՞ւմ ձեռքով շաղ տված սերմից աճեց թավիշը, որտեղի՞ց սկիզբ առավ այն պղտոր հեղեղը, որը փորձում է սրբել երկրի ու ժողովրդի բոլոր նվիրական արժեքներն ու տանել-լցնել համաշխարհայնացման խառնարանը: Նախկին իշխանությունների ո՞ր սխալների, բացթողումների, մեղքերի ու անհեռատեսության, անշրջահայացության պտուղներն ենք վայելում այսօր: Բոլորի մտքում անընդհատ մեկ հարց է հնչում՝ ի՞նչ անել:
Խորհրդային տարիներին գոյություն ուներ տակից դրսի ապրանք առնելու, թաքուն, ապօրինի առևտուր անելու հասկացությունը: Երբ մեկ առ մեկ քննում ես հանրային գիտակցությունը մթագնելու ճանապարհով իշխանափոխություն իրականացրած ուժի վարքագիծը, քայլերի ու գործողությունների տրամաբանությունը, ուրվագծվում է քաղաքական թաքուն՝ տակից առևտրի պատկերը: Մեկ առ մեկ բացահայտվում է, թե ինչ է խոստացվել հեղափոխություն կազմակերպած ուժին իշխանության ու երկրի միջոցներին տիրանալու փոխարեն: Եվ բացահայտումներն անում է հենց ինքը՝ իշխանությունը, քայլ առ քայլ իրականացնելով այն ծրագիրը, որը տրվել է նրան ի սկզբանե: Կարծում եմ՝ այդ քայլերը թվարկելու անհրաժեշտություն չկա, այդ թվարկումներն անընդհատ անում են բոլոր վերլուծող, մտածող, տագնապող քաղաքացիները, լրագրողներն ու մտավորականները, այսօր նաև՝ էյֆորիայից արթնացած երեք միլիոն վարչապետերի զգալի մասը, հիասթափված հեղափոխականների մի պատկառելի հատված: Հենց այդ հատվածն է սարսափեցնում իշխանությանը, այն գնալով ընդլայնվում է ուղիղ համեմատական կարգով՝ շագրենի կաշվի նման փոքրացնելով իշխանության ընտրազանգվածը, առավել իրատեսական դարձնելով իշխանափոխությունը:
Երկնքից իջած մահվան գերանդին՝ COVID-ը, իշխանության կողմից ընկալվեց որպես մանանա, օգտագործվեց որպես հնարավորություն, գործիք՝ փակելու քաղաքական ուժերի, ըմբոստացածների, հիասթափվածների, դառնացածների, անգամ՝ մանուկների բերանները՝ երկիրը ներքաշելով երկարատև դիմակահանդես-թամաշայի մեջ, սարսափի բանտի, անորոշության զգացողության մեջ: Որքան էլ իր գործած բոլոր մահացու մեղքերը իշխանությունը բարդեր դիվային վիրուսի վրա՝ փակելով սահմանները, ըմբոստության, ցույցերի, նոր հեղափոխության բոլոր ճամփաները, միևնույն է, համբերության բաժակը լցվել է, և այն փշրվելու է թարմ փռված աչքակապության ասֆալտներին: Ինչ խոսք, համավարակը նպաստեց, որ արագ ու հեշտ կյանքի կոչվի, այն, ինչի համար եկավ այս թավշյա իշխանությունը: Այո, կա նեոգլոբալիստական ծրագիր, և այն համառ ու անզիջում կերպով իրականացվում է, իրականացվում է բոլոր հայտնի ու անհայտ մեթոդներով, լսված ու չլսված եղանակներով, օրինական ու անօրինական, կիրառված ու չկիրառված գործիքներով:
Այո՛, կա ծրագիր, և որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ժխտեն, կան նաև «իզմ»-եր, որոնք բխում են դարաշրջանի երգիծաբանի, գուցեև ողբերգակի՝ անգլիացի նշանավոր գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիաների տրամաբանությունից: Համենայնդեպս, այդպիսին է իմ զգացողությունը և տարաբնույթ վերլուծությունների արդյունքում արված դատողությունը, որ իշխող ուժի գաղափարախոսությունն առաջին փուլում անիմալիզմն է, Ջորջ Օրուելի հայտնագործած անիմալիզմը, և Հայաստանին ու հեղափոխություն իրականացրած զանգվածներին սպասվում է նրա «Անասնաֆերմա» հակաուտոպիական առակ-վեպի հերոսների ճակատագիրը: Ցավալին այն է, որ երկրորդ փուլի համար, որպես գաղափարախոսություն, ընտրված է նաև անգլիացի հանճարեղ, պայծառատես գրողի երկրորդ վեպ-հակաուտոպիան՝ «1984»-ը, տոտալիտար բռնապետություն, որը ոչ մի կերպ չպետք է թույլ տա հայ հասարակությունը՝ կոնսոլիդացվելով, միավորվելով ու պայքարելով:
Համատարած հեքիաթասացության, այլաբանություններով ու բանահյուսական նորագույն նվաճումներով հարուստ մթնոլորտում ես կփորձեմ հակիրճ վերապատմել այս դասական դարձած առակից՝ «Անասնաֆերմա»-ից մի հատված՝ հայկական հեղափոխության համատեքստում: Տարբեր երկրների վերլուծաբաններ, գրականագետներ ու քաղաքագետներ 1917թ. ռուսական հեղափոխությունից մինչև մեր օրերի գունավոր հեղափոխությունների հերոսներին անուն առ անուն համեմատել են Օրուելի «Անասնաֆերմա»-ի կերպարների հետ: Ես զերծ կմնամ այդ գործից՝ գուշակելու ու զուգահեռները տանելու հաճույքը թողնելով ընթերցողին: Պարզապես կա մի դիլեմա, որը փորձենք լուծել միասին. այնուամենայնիվ, թավշյա հեղափոխության կազմակերպիչնե՞րն են Ջորջ Օրուելի քաղաքական սատիրայի երկու գլուխգործոցները ընտրել որպես իրենց գաղափարախոսություն, թե՞ անգլիացի պայծառատես գրողը երազում կամ արթմնի տեսել է, թե ինչ է կատարվելու Հայաստանում և գրել է իր հակաուտոպիաները՝ այլաբանորեն ներկայացնելով ու խտացնելով բոլոր հեղափոխությունների փայլն ու թշվառությունը, գուցեև նախազգուշացնելո՞ւ: Ես անձամբ հակված եմ երկրորդ տարբերակին: Եթե մենք էլ միամիտ լինենք և ընդունենք, որ թավշյա հեղափոխության գաղափարի հեղինակը Մխիթար Հայրապետյանն է, իսկ նա նախարար դառնալուց հետո, ի պատասխան լրագրողի «Անասնաֆերմա»-ի մասին հարցին, զարմացավ, որ աշխարհում նման գործ գոյություն ունի, ապա ի՞նչ մտածենք շարքային քայլողների, ջուր ու պայուսակ բռնող դուխովների մասին, որ պինդ գրկել են կառավարության ու Ազգային ժողովի աթոռները: Էլ չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի՝ գրական գործերից սխալ, թարսուշիտակ մեջբերումներն ու նրա ընդհանուր էրուդիցիայի աստիճանը թույլ են տալիս կարծել, որ նա ևս կարող է կարդացած չլինել Օրուելի վեպերը: Հոգ չէ, մարդու կրթությունը կիսատ է մնացել, և քաղաքական հորդահոս գետը քշել-տարել է նրան, երևի ապագա առաջնորդն ու երկրի ղեկավարը չի հասցրել կարդալ գրքերը, փոխարենը նրա՝ մինչև 2050 թվականը տեսանող հզոր ինտուիցիան վերարտադրել է անգլիացի հանճարի մարգարեական գործերը՝ դարձնելով դրանք իր «իզմ»-երը՝ հանրության աչքից թաքուն պահելով:
Իսկ բռնատիրության, մենիշխանության հաստատումը, մարդուն ու նրա անհատականությունը ոչնչացնող տոտալիտարիզմի գեղարվեստական մարմնացումը՝ 1948թ. գրված գիրքը, ինչո՞ւ է Օրուելն անվանել «1984», այլ ո՛չ թե «2020», պարզ չէ: Հավանաբար, նրա պայծառատեսության պահը մեկը հարամել է:
Ո՞վ էր մեղավոր, որ «Դրախտի անկյուն» կոչվող ֆերմայի անասուններն ըմբոստացան ֆերմայի տիրոջ՝ միստր Ջոնսի դեմ, քանի որ նա չէր կառավարում ֆերման, ինչպես որ հարկն էր, ու մոռանում էր կերակրել աշխատող, բանող, բարիք ստեղծող ընտանի կենդանիներին: Իհարկե՛, միստր Ջոնսը: Ու մի գիշեր, երբ նա հարբած էր, փակեց միայն հավաբնի դռները, ճակատագրական երազ տեսած ծեր խոզը, որին Գեներալ էին կոչում, հենց այդ գիշեր ոգեշնչեց անասուններին հեղափոխություն իրականացնել և մերժել, վտարել ագարակատիրոջը: Ամեն ինչ ընթացավ բարեհաջող, ու եղավ այն, ինչ լինում է բոլոր հեղափոխություններից հետո: «Դրախտի անկյուն»-ը վերանվանվեց «Անասնաֆերմա»: Միստր Ջոնսին փոխարինեց Նապոլեոն անունով խոզը: Խորհրդանիշ դարձան եղջյուրն ու սմբակը, դրոշի գույնը՝ խոտի կանաչը: Ամբարի պատին փակցվեցին հեղափոխության յոթ պատվիրանները, որոնցից ամենակարևորները երեքն էին՝ «Երկու ոտք ունեցողները թշնամիներ են, չորս ոտք ունեցողները բարեկամներ են՝ ներառյալ թռչունները, բոլոր անասունները հավասար են»:
Ավաղ, շուտով խոզերն ու շներն առանձնացան, տարբերակվեցին՝ իրենց համարելով վերնախավ: Հանուն պաշտոնի ու աթոռի՝ Նապոլեոնն ուրանում է ամեն ինչ՝ ընկերությունը, միասնությունը, հեղափոխության սկզբունքները: Նրա հետ են իր համախոհ խոզերն ու շները, որոնք անհրաժեշտության դեպքում խաբեությամբ փոխում են պատվիրանները՝ ավելացնելով բառեր իրենց օգտին: Այնուհետև նրանք պարզապես ոչնչացնում են այն ամենը, հանուն ինչի անասունները ապստամբեցին՝ երգը, դրոշը, պատվիրանները: Կենդանիները բանում են օրնիբուն, բայց դարձյալ սոված են, ֆերմայում ոչինչ այնպես չէ, ինչպես երազել էին նրանք, մահապատիժ էր սպառնում նրան, ով կհանդգներ ըմբոստանալ ու կանգնել Նապոլեոնի ճանապարհին: Խեղճ, խաբված, հիասթափված ու սոված ձիեր, կովեր, էշեր, հավեր, նապաստակներ ու այլք, որ ապրում էին վախի մթնոլորտում՝ զարմացած ու դառնացած:
Անհետանում էր կովերի կաթը, ծառերից թափվող խնձորները, որոնք երազում էր վայելել յուրաքանչյուր կենդանի: Պարզվեց, որ կաթը խառնում են խոզերի լափին, իսկ ամբողջ խնձորն ամբարում են, որ խոզերն ուտեն ու խելացի կառավարեն: Ամեն նոր փոփոխությունից հետո բացատրություն տվող Զռռան խոզը պարզապես մատների վրա խաղացնում էր խեղճ կենդանիներին ու վախեցնում միստր Ջոնսի վերադարձով: «Մենք գիշեր-ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները։ Գիտե՞ք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում։ Ջոնսը կվերադառնար։ Այո′, Ջոնսը կվերադառնար։
Եթե կար մի բան, որում անասունները միանգամայն վստահ էին, դա այն էր, որ Ջոնսի վերադարձը ոչ ոք չի ուզում։ Երբ հարցը դրվեց այդ կտրվածքով, նրանք այլեւս ասելիք չունեին։ Խոզերի առողջությունը հոգալու անհրաժեշտությունը չափից ավելի ակնհայտ էր»։
«Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է», «Նապոլեոնը միշտ ճիշտ է». այս ասույթները սերտելով ու հավատալով դրանց՝ յուրաքանչյուր կենդանի պարտավոր էր գիտակցել ընկեր Նապոլեոնի նվիրվածությունը:
Շուտով խաբված կենդանիներին արգելվեց միտինգ անել կիրակի օրերին, ամեն ինչ որոշվում էր խոզերի հատուկ կոմիտեի դռնփակ նիստերում, կենդանիներին մնում էր միայն հանձնարարականններ ստանալ և երգել «Անգլիայի գազանները» հիմնը, իսկ քննարկումները պարզապես արգելվեցին: Ի վերջո, խմբագրվեց մեծ ամբարի վրա գրված՝ հավասարության մասին պատվիրանը, և այն դարձավ գալիք հազարամյակների ամենահայտնի ու կիրառվող քաղաքական ասացվածքը՝ «Բոլոր կենդանիները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները»: Ավելի հավասարները վայելեցին կաթն ու խնձորը, իսկ պակաս հավասարները շարունակեցին մնալ սոված, հիասթափված ու կեղեքված:
«Նոր Հայաստանի» իշխանության համար այստեղ ավարտվում է անիմալիզմի անհրաժեշտությունը և սկսվում է հեղափոխական իշխանության քայլերթի երկրորդ փուլը: Քայլերթ, որի հիմքում արդեն «1984»-ն է՝ տոտալիտարիզմի, բռնապետության, գաղափարը, պատմությունը խմբագրելու, այլափոխելու, փաստերը ոչնչացնելու, միտքը, զգացմունքը, անհատականությունը ոչնչացնելու գաղափարը:
Օրուելի վեպերը թերևս նմանվել են ատոմային էներգիայի հայտնագործմանը. բարի նպատակով արված հայտնագործությունը դարձավ նաև սարսափազդու զենք, մեծ գրողի ոչնչացնող քաղաքական սատիրան ասես կիրառվում է թարս կողմից՝ որպես գաղափարախոսություն: Իսկ երկու վեպերի սյուժեները ապշելու աստիճան համահունչ են մեր իրականությանը:
Իհարկե, անգլիացի առակագիրն ունի իր թերությունները, նա հո Վանգան չէր, որ գուշակեր 2020թ. պանդեմիան, կամ հո «Հայկական ժամանակի» տիրակալի երևակայությունը, հեքիաթասացի տաղանդը չուներ, որ զավեշտը հասցներ երկինք: Բայց թավշյա հեղաշրջմանն ու «նոր Հայաստանին» օդ ու ջրի պես անհրաժեշտ էին անիմալիզմի պարզագույն օրենքները՝ դրանք աննախադեպ դարձնելու, զարգացնելու, հայաֆիկացնելու համար: Հայաստանում հեղափոխության գաղափարով տոգորված, ավելի լավ կյանք, ավելի լավ երկիր, ավելի լավ ապագա ունենալու երազանքով տարված մոլորյալների մեծ, շատ մեծ, ծովածավալ բազմություն էր պետք, որ կոչվեց ժողովուրդ ու օգտագործվեց ամեն երկրորդ բառից հետո, ուղղակի օգտագործվեց՝ մինչև անհրաժեշտ պայմանավորվածությունը կյանքի կոչելը, քայքայիչ ծրագիրն իրականացնելը և մինչև հասնելը տրամաբանական շարունակությանը՝ «նոր Հայաստանի» տոտալիտարիզմին ու բռնապետությանը: Կաթ ու խնձորից հետո դեռ պետք է վայելել նաև կայսերական հաճույքներ, քանի դեռ քովիդը կանգնած է իշխանության թիկունքին, ու կարևոր էլ չէ, թե ինչ են մտածում միստր ջոնսերն ու մյուս ագարակատերերը, ագարակի կենդանիները, թռչունները: Գրվում են նոր պատվիրաններ, որոնց կանդրադառնանք Ջորջ Օրուելի և «նոր Հայաստանի» մասին հաջորդ հրապարակման մեջ:
Էվելինա Բաղդասարյան