Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանն ունի նոր նախագահ: Թեեւ Վրաստանի ԿԸՀ-ն դեռ հաշվարկել է երեկ կայացած նախագահական ընտրությունների քվեների 91 տոկոսը միայն, սակայն արդեն պարզ է, որ այդ ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:
Սակայն այս փուլում, ինչպես նշում են փորձագետները, մեկ այլ խնդիր է առաջ գալիս, ավելի կարեւոր` վարչապետի խնդիրը: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ թողնելու է իր պաշտոնը: Այսինքն' կարեւոր է նաեւ, թե ով կլինի Իվանիշվիլիի հաջորդը, քանի որ հենց դա հետագայում շատ բան կորոշի:
«Կարծում եմ, որ իշխող կոալիցիայի որդեգրած քաղաքականությունը, այնուամենայնիվ, կշարունակվի, քանի որ ինչքան էլ Բիձինա Իվանիշվիլին հեռանա քաղաքականությունից եւ անցնի հասարակական դաշտ, այնուամենայնիվ, նա իր համակրին է բերելու, եւ կարծում եմ, որ այդ համագործակցությունը վերջինիս հետ, իհարկե, կշարունակվի: Եվ Մարգվելաշվիլիի հաղթանակից ու նոր վարչապետի նշանակումից կախված կլինի, թե ինչ քաղաքականություն կիրականացվի ու ինչպես կզարգանան իրադարձությունները երկրի ներսում, նաեւ արտաքին քաղաքականության ուղղությամբ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:
Փորձագետի կանխատեսմամբ` իհարկե, կշարունակվի այն քաղաքականությունը, որ իշխանության գալուց հետո որդեգրեց «Վրացական երազանք»-ը` կապված արտաքին քաղաքականության հետ: Այսինքն` պետք է անպայման բարելավվեն Ռուսաստանի հետ հարաբերություները: Ա. Էրոյանցը կանխատեսում է նաեւ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման առումով նոր փուլում որոշակի հաջողություններ կգրանցվեն:
«Եվ կարծում եմ, որ մինչ այժմ Ռուսաստանի կողմից արձանագրված, եթե կարելի է այդպես ասել, սառը դիրքորոշումը, իհարկե, արդեն կանցնի այլ` ավելի դրական փուլ: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանն ինքն էլ կցանկանա ու կսկսի որոշակի գործնական քայլեր անել, եւ գործնական միջավայրում կհայտնվեն վրաց-ռուսական հարաբերությունները, դրական ֆոն կստեղծվի: Առաջընթաց, այնուամենայնիվ, կլինի, քանի որ Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ լիովին հերքվում էր հարաբերությունների վերականգնումը, առաջադրվում էին նախապայմաններ: Իսկ այժմ, կարելի է ասել, կողմերը որոշ չափով ավելի ազատ են գործընթացի մեջ, եւ այստեղ կարեւորը կամքն է»,- նշեց Ալիկ Էրոյանցը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փորձագետը կարծիք հայտնեց, որ եթե համեմատելու լինենք նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուներին, իհարկե, ամենանպատակահարմարը Հայաստանի ու վիրահայության համար Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունն էր: Որովհետեւ, պարզաբանում է փորձագետը, «Վրացական երազանք» կոալիցիան իշխանության գալուց հետո այլ քաղաքականություն որդեգրեց արտաքին քաղաքականության ասպարեզում, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համապատկերում, իհարկե, որոշ չափով վրաց-ադրբեջանական եւ վրաց-թուրքական հարաբերությունների ուղղությամբ էլ փոխվեցին մոտեցումները. որոշ հայտարարություններ արվեցին Վրաստանի իշխանությունների կողմից, որոնք բորբոքեցին այդ երկրների միջեւ կրքերը:
«Կամա, թե ակամա, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը զուգընթաց, որոշ չափով կնվազի թուրք-ադրբեջանական գործոնը` ուզի, թե չուզի: Դրան զուգահեռ, միեւնույն ժամանակ, հայ-վրացական հարաբերություններում ավելի զարգացում ու խորացում կարելի է կանխատեսել, քանի որ Վրաստանի` Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու գործընթացում, իհարկե, մեր պետությունն անպայմանորեն իր դերը կունենա եւ կշահի»,- կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետը:
Ըստ փորձագետի` կարող ենք ասել, որ եղած թեկնածուների մեջ լավագույն տարբերակը հայերի ու Հայաստանի համար Գեորգի Մարգվելաշվիլին է, իհարկե, եթե նա հայությանն առնչվող խնդիրներին լուծումներ տալու նախաձեռնություններով հանդես գալու կամք ցուցաբերի: Ըստ Ալիկ Էրոյանցի` ազգային փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող հարցերի մասով խոստումներ տվել են Գեորգի Մարգվելաշվիլին ու նախկին իշխանությունների ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն: Բայց բոլոր թեկնածուներից Մարգվելաշվիլին, ունենալով խորհրդարանի մեծամասնության աջակցությունը, ավելի մեծ հնարավորություններ ունի իր կողմից խորհրդարանին ներկայացված խնդիրները հաստատելու եւ օրենքի ուժ ստանալու առումով, քան Դավիթ Բաքրաձեն: