Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 12-ին մասնակցել է Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացված Գեորգենի հայկական արվեստի հոբելյանական 10-րդ փառատոնին: Այն կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարի նախաձեռնությամբ: Ռումինիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ միջոցառմանը մասնակցում էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր հունգարախոս հայ կաթոլիկ համայնքից:
Փառատոնի բացման մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակի մոտ: Դեսպան Մինասյանն ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքի ինքնության պահպանման և պատմական Հայրենիքի հետ կապերի խորացման գործում: Այդ համատեքստում, դեսպանը նաև ընդգծել է քույր քաղաքների և մարզերի միջև սերտ համագործակցության հաստատումը, հիշատակելով 2019թ. Հարգիտա նահանգի և Գեորգենի քաղաքի պատվիրակության այցը Լոռվա մարզ:
Շարունակելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանը կարևորեց, որ դարեր շարունակ կտրված լինելով Հայաստանից, Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքը շարունակում է ապրել Հայաստանի հաջողություններով ու մարտահրավերներով, ինչի վառ ապացույցն էր 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ պատմական Հայրենիքին նրանց ցուցաբերած բարոյական աջակցությունը:
Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել տեսակոնֆերանս, որին Գեորգենից միացել են Դեսպան Մինասյանը, Հարգիտայի մարզային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ Հայաստանից՝ Լոռու մարզպետարանի և Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչները: Ներկաներին տեսաուղերձներով դիմել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան:
Փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ներկայացվել են ցուցադրություններ նվիրված տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ազգային զգեստներին, հայկական այբուբենին ու տառերին, ինչպես նաև Հայաստանին ու նրա բնակիչներին: Օրվա ավարտին Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում անցկացվել են դասական երաժշտության համերգ:
Սեպտեմբերի 13-ին Հարգիտա նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում, դեսպանության և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աջակցությամբ բացվել է Կոմիտաս վարդապետին նվիրված ցուցահանդես, որը այցելուների համար բաց կլինի երկու շաբաթ: Փառատոնը լայնորեն լուսաբանվել է տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից: