|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված` կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրվում են Ստամբուլի Բերայի թանգարանում․ տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Փարաջանով, Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը գործելու է 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։
Ցուցահանդեսին անդրադարձել է թուրքական birgun.net լրատվական կայքը՝ նշելով, որ այն «պոետիկ կինոյի մեծագույն վարպետներից մեկի արտառոց երևակայական աշխարհն է արտացոլելու»։
Ցուցահանդեսը իրականություն է դարձել Ստամբուլի Բերայի թանգարանի և Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցության շնորհիվ։ Այն նվիրված է Մեծ վարպետի ծննդյան 95-րդ ամյակին։
Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի համակարգմամբ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի տարաբնույթ ստեղծագործությունները՝ նկարներ, կոլաժներ, զարդանախշեր, ֆիլմերի դրվագների էսքիզներ, բեմական հագուստի նմուշներ, խճանկարներ, լուսանկարներ և այլն։
Փարաջանովի հավաքածուն ներկայացվել է աշխարհի 30-ից ավելի քաղաքներում, սակայն Ստամբուլում կազմակերպված ցուցահանդեսը, կազմակերպիչների խոսքով, ամենամեծն է։
Մասնավորապես` Զավեն Սարգսյանը ցուցահանդեսի առնչությամբ ասել է. «Ստամբուլում իրականացվող այս ցուցահանդեսը Փարաջանովի թանգարանի պատերից դուրս կազմակերպված ամենամեծ ցուցահանդեսն է։ 1989 թ.-ին մեծ արվեստագետի այցելած քաղաքում, որով հմայվել է Փարաջանովը, ցանկացանք հնարավորինս հարուստ բովանդակությամբ ցուցահանդես ներկայացնել։ Հուսով ենք, որ այս ցուցահանդեսը կջերմացնի մարդկանց սրտերը և կնպաստի մեր ժողովուրդների մերձեցմանը»։