Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կյանքի ներքին նպատակը ճանաչողությունն է, գիտակցության կատարելագործումը, հոգու մեծացումը, լայնացումը, որ տեսնենք տիեզերքն այնպիսին, ինչպիսին կա իրականում՝ Yerkir.am-ին ասաց բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը Տավուշում անցկացված հարցազրույցում։
Նա պատմեց, ինչպես է ԱՄՆ-ում հանդիպել մի շարք ամերիկացի գրողների, մի քանի օր եղել Կուրտ Վոնեգուտի հետ, ինչպես են այցելել Ջոն Իրվինգի տուն՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, որը գնել էր միայն մեկ գրքի հոնորարով։
«Կուրտ Վոնեգուտը շատ հետաքրքիր մարդ էր, շատ հետաքրքիր զրույցներ եմ ունեցել հետը, նաև հայերի մասին։ Ասաց՝ առաջին հայ մարդն ես Հայաստանից, որ ես տեսնում եմ։ Ասաց՝ մի վեպ եմ գրում հայերի մասին, ասացի՝ Կուրտ քո լեզուն մի քիչ երգիծական է, էլի, կարող է՞․․․ չէ, ասաց, ես հայերին շատ սիրում եմ»,-հիշեց Հենրիկ Էդոյանը։
Հիշեց նաև ինչպես է կորցրել հայերի մասին նրա գրած, մակագրած ու կնքած տողերը, որը պետք է շրջանակի մեջ դներ ու փակցներ պատին։
Գրականագետը խոսեց Հայաստանի ներկա զարգացումների մասին։ Նրա գնահատմամբ՝ հանրակրթության նոր չափորոշիչների ձևը գտնված չէ․ «Ինչպե՞ս պետք է համահնչուն դասավորվեն իրար գլխի և՛ մեր դասական գրականությունը, և՛ ժամանակակից գրականությունը, և՛ համաշխարհային գրականությունը․․․ երեք գրականություններ են»։
Այն, որ պետք է փոփոխություն, նա, իհարկե, ընդունում է, բայց պետք է լավ փոփոխություն արվի, կա փոփոխություն, որ վնասում է։
Հենրիկ Էդոյանի համոզմամբ, աշակերտը պետք է երկու առանձին գրականություն անցնի՝ հայ գրականություն և համաշխարհային գրականություն, ոչ թե այս երկուսի խառնուրդը։
Նա կարևոր է համարում, թե ով է գրականության ցանկի հեղինակների ընտրողը․ նա պետք է լավ ճաշակ ունենա՝ ինչը ինչ արժեք ունի, ինչն է կարևոր, ինչն է անկարևոր։
Հենրիկ Էդոյանն ընդգծեց, որ գրականությունը երկու շերտ ունի՝ մեկը հետաքրքիր է պատմական տեսանկյունից, իբրև պատմություն, և մյուսը կոնկրետ հիմա մեր կյանքի համար է՝ կենդանի գրականություն է։ Նա վստահեցրեց, որ Դանթեն, Շեքսպիրը, Բոկաչոն, Սերվանտեսը և այլն, կենդանի հեղինակներ են։
Հենրիկ Էդոյանի նշած հեղինակների անունները նոր չափորոշիչների ցանկում չկան։
«Ես կարդացի այդ ցանկը, մանավանդ ժամանակակից գրականության, սոսկացի․․․ բաներ կան, որ չպետք է լինեին։ Գիտեք, արդիական գրականություն պետք է լինի, բայց ամեն ժամանակակից դեռ գրականություն չէ»,-ասաց նա։
Հենրիկ Էդոյանը վստահ է, որ այնպիսի գրականություն պետք է ընտրել, որն աշակերտին ներքին դաստիարակություն է տալու, մի ներքին բողոք է առաջացնելու, որն ուժեղացնելու է կյանքի զգացողությունը․ «Ամենակարևորը պետք է դա լինի՝ առողջ հոգու զգացողությունը, ո՛չ հիվանդագին, երիտասարդը պետք է առողջ մարդ լինի, հոգով առողջ»։
Հոգով առողջ՝ ասելով, նա նկատի ունի, որ ամենայն դատարկ բաներ, հակումներ մարդկային, որ պետք է ծածկել, չլինի այդ գրականության մեջ։
«Ես համաձայն չեմ, որ դա բնական է․ բնական կյանքը դա բանական կյանքն է, մշակութային կյանքն է։ Մարդը իր բնական վիճակում է, երբ ինտելեկտը, ճանաչողությունը գործում են։ Ի վերջո, ինչքան էլ մենք այս անտառը սիրենք, բայց հետո գնում, մեր տան մեջ ենք ապրում, չէ՞, նախընտրում ենք մեր տունը»,-ասաց նա։
Գրականագետ Հենրիկ Էդոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով։
Աննա Բալյան