կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 11:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից․ Արամ Ա կաթողիկոս

Հրաշքի համազոր երևույթ էր իր անկախության, իր հայրենիքի ազատության վերահաստատումը թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա՝ ըստ Yerkir.am-ի այս խոսքերով պատգամ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ կաթողիկոսը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով։

«Ազգերի  պատմության մեջ այնտեղ, որտեղ ամուր հավատք ու կամք կա, ներքին միասնականություն կա, հայրենիքի համար կռվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, այնտեղ կա նաեւ հրաշք։ Այսպես եղավ Հայաստանի Հանրապետության կերտումը մի խումբ հերոսների կողմից»,- հայտարարեց վեհափառը։

Պատմությունը անցած իրականությունների ամբողջություն չէ, պատմությունը շարունակվող ընթացք է՝ նշեց նա, վայ մեզ, եթե պատմական իրողությունները փոշիների տակ պահենք։

«Պատմությունը մեզ ասելիք ունի։ Հարյուր տարիներ առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած մեր հերոսները այսօր ևս մեզ հիշեցումներ ունեն կատարելիք՝ եթե ականջ ունենք լսելու, եթե հավատք, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու»,-ասաց կաթողիկոսը։

Ըստ նրա՝ պատմության առաջին հիշեցումն այն է, որ ներկա ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության հզորացումը, իր անվտանգության ամրացումը, իր տնտեսության ծաղկումը, իր միջազգային հարաբերությունների ծավալումը, յուրաքանչյուր հայի, հայրենի մեր ժողովրդի և մեր ողջ ժողովրդի համար գերագույն առաջնահերթություն է։

«Արցախի անկախության ամուր պահպանումը, մեր հերոս բանակի առավել կազմակերպումը, Արցախի հայության՝ իր սրբազան հողին ամուր կապվածությունը, յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության համար պետք է դառնա ամենօրյա տագնապ։ Չմոռանանք, որ Արցախի հզորացումը, Արցախի անվտանգության պահպանումը Հայաստանի հզորացումն է։ Հայաստանի և Արցախի հզորացումը մեր ազգային պահանջատիրության ամուր հիմքն է»,-ասաց նա։

Արամ Առաջինի խոսքով՝ պատմության երրորդ հիշեցումն այն է, որ պետք է զգույշ, հազար անգամ զգույշ նայել պատմությանը՝ ինչ էին Հայաստանի պայմանները 1918-ին՝ տնտեսական տագնապ, համաճարակ, արտաքին ճնշում եւ Հայաստանը շրջապատված թշնամիներով։

«Բաղդատենք անցյալի Հայաստանը ներկա Հայաստանի հետ, մի՞թե նույնը չէ կացությունը առավել կամ նվազ չափով: Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից»,-ասաց նա։

Վեհափառի խոսքով՝ պետք է համախմբենք մեր ժողովրդի, համայն հայության ներուժը, որպեսզի միասնաբար, հաղթելով մեր ունեցած տարբեր տեսակետները, միասնաբար Հայաստանի, Արցախի հայության մեր դատի շահերը նկատելով՝ առաջ տանենք մեր ժողովրդի անխախտ առաջնահերթությունները։

«Հարգել մայիսի 28-ի հերոսներին նշանակում է հավատարիմ մնալ նրանց նվիրական կտակին, Արցախի ու Հայաստանի անկախությանը եւ անկախության հոգին ու տեսլականը ամբողջական Հայաստանին, ամբողջական հայության տեսլականը վառ պահելով մեզնից յուրաքանչյուրի կյանքի մեջ․ ահավասիկ պատգամը մայիս 28-ին»,- ասաց Արամ Ա վեհափառը։

Մանրամասն՝ տեսանյութում․