կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 10:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սորոսահարված ուղեղներով մարդիկ այսօր իշխանության կենտրոնական, հանգուցային կետերում են. Դավիթ Ջամալյան

Երկու տարի մի անընդունելի իրականության մեջ ենք, երբ քայլ առ քայլ, ամենատարբեր մանիպուլյացիոն հնարքներ օգտագործելով, Փաշինյանի իշխանությունն առաջ է մղում ապազգային օրակարգ։ Առաջ են մղվում ինչ-որ հարցեր, նախաձեռնություններ, որոնք օտար և խորթ են մեզ, հարիր չեն մեր նկարագրին, մեր հավաքական «մենք»-ին: Բայց այս ամենն արվում է հայրենասիրական վերամբարձ լոզունգներով. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ու ընդգծեց, որ այս ամենի հետևում վտանգավոր զարգացումներ է տեսնում, հատկապես՝ կրթության ոլորտում:

«Սա այն ոլորտն է, որտեղ ամեն պատահական մեկը՝ նախարարի աթոռին հայտնված, չպետք է իր հայեցողությամբ ինչ-որ բան փոխի: Ցավոք, արդեն տեսնում ենք շատ վտանգավոր, մեր նկարագրին ու ինքնությանը վնաս հասցնելու պոտենցիալ ունեցող նախաձեռնություններ՝ սկսած, այսպես կոչված, սեռական դաստիարակության նախաձեռնություններից, որոնք առողջ սեռական դաստիարակության հետ որեւէ կապ չունեն, ընդհուպ մինչեւ պատմության դասագրքերի աղավաղումներն ու թուրքամուծությունները: Տեսնենք, թե ինչպես ենք կարողանում դիմակայել այս խիստ ժամանակավոր ապազգային հոսանքներին»,- ասաց Դ. Ջամալյանն ու վստահեցրեց. «Ամեն դեպքում՝ մենք հաղթելու ենք»։

Մեր դիտարկմանը, թե բոլորը պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, բայց իշխանությունն իր դեմքը փրկելու համար այլընտրանք ունի՞, նա տվեց բացասական պատասխան. «Իրականում այսօրվա իշխանությունը մարմնավորվում է Արայիկ Հարությունյանի դեմքով, թեպետ իրեն ընտրել են Փաշինյանի ստվերի տակ: Երեւի ընտրողները չեն էլ իմացել ում են ընտրում. ընտրել են Փաշինյանին, և պատահական մեկը հայտնվել է կարևորագույն առանցքային պաշտոնում: Եթե կառավարությունն այլընտրանք ունենար՝ կփոխեր, որովհետեւ այդ ոմն մեկի գործունեությունը հարվածում է հենց Փաշինյանի հեղինակությանը: Իհարկե, այդ կերպարի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը եղել և լինելու է արդիական, բայց այստեղ ավելի խորքային են խնդիրները: Այդ կերպարին (նկատի ունի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին) և Արսեն Թորոսյանին իբրեւ անհատի չի կարելի մոտենալ, նրանք օրվա իշխանության դիմագիծն են»:

Ըստ Դավիթ Ջամալյանի՝ օրվա իշխանությունը չի կարողանում արդյունավետ համագործակցել մեր դաշնակիցների հետ, քանի որ օրակարգ են բերել սորոսական բովանդակություն: «Սորոսականությունը ներծծված է այսօրվա իշխանության,  նրանց ուղեղների մեջ, հասկանո՞ւմ եք, սորոսահարված ուղեղներով մարդիկ են այսօր իշխանության կենտրոնական, հանգուցային կետերում։ Այսինքն՝ ագրեսիվ, հակառուսականություն կրողները հիմա հայտնվել են իշխանության վերին էշելոններում։ Առերեսվելով իրականության հետ՝ հասկանում են, որ չեն կարող վերցնել եւ քաղաքական կուրսը փոխել, լծվել են սորոսական հակառուսականությամբ, փորձում են մանևրել, գավառական խորամանկություն բանեցնելով՝ ինչ-որ հարցեր լուծել: Խնդիրն այստեղ շատ հստակ է՝ այն, որ հայ-ռուսական հարաբերություններում անդունդ չի առաջացել, լուրջ ձախողումներ չկան, ցավոք, ռուսական կողմի բարի կամքի դրսևորման արդյունք է։ Ռուսական կողմը շատ լավ հասկանում է, որ չի կարող կորցնել Հայաստանը, որովհետեւ տարածաշրջանում, իբրեւ ինքնություն, միավոր գործոն, կարեւոր է Ռուսաստանի համար, և չեն անում այնպիսի քայլեր, որոնք կհարվածեն Հայաստանի անվտանգությանը։ Իսկ գավառական խորամանկությամբ դիվանագիտություն չես բանեցնի։ Եթե մարդը երկիրը վերածել է օտար օրակարգը սպասարկող հարթության, որտեղ սորոսական ուժերը կարող են գործել անարգել, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց նա:

Հակառուսականություն քարոզողներն ու Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի առկայությունն անիմաստ համարողները, ըստ մեր զրուցակցի, կա՛մ ինտելեկտի խնդիր ունեն, կա՛մ օտարի շահն են սպասարկում: «Ըստ ամենայնի՝ երկրորդ տարբերակն է, որովհետեւ խորամանկ, մանիպուլյատիվ հնարքներով են փորձում վարկաբեկել ռուսական բազայի առկայությունը»,- ասաց Դավիթ Ջամալյանը և շեշտեց. «Հայաստանում  պետականակենտրոն իշխանության խնդիր կա»:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմին և Թուրքիայի կողմից Նախիջևանի վերազինմանը՝ ռազմական փորձագետը նախ հիշեցրեց, որ, թերևս, Նախիջեւանի կողմից տարիներ շարունակ պետական սահմանը եղել է խաղաղ, բայց այդտեղից բխող ռազմական սպառնալիքը եղել Է միշտ: «Միայն 2003-ից հետո մի պահ Երասխի հատվածում սրացումներ եղան, հետո հարաբերական անդորր եղավ, ինչն էլ Թուրքիան օգտագործեց Նախիջեւանը Հայաստանի դեմ ագրեսիայի պլացդարմի վերածելու համար։ Եթե խոսում ենք Նախիջեւանի մասին, ապա պետք է մի բան հստակ հասկանանք՝ Նախիջեւանն այսօր տնտեսապես, ռազմական, ինչ-որ տեղ նաև քաղաքական առումով ավելի շատ ինտեգրված է Թուրքիային, քան բուն Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանի հետ տարածական կապ չկա, իսկ Թուրքիայի հետ 11 կիլոմետրանոց սահմանով կապված է։ Նախիջեւանի ռազմականացումը, թուրքապատկանությունը լրջագույն գոյաբանական մարտահրավեր է, վտանգ է, սպառնալիք Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին: Բայց Նախիջեւանի թուրքապատկանությունն ու դրա ռազմականացումը որքան մեզ է վտանգում նույնքան էլ՝ ՌԴ-ի կենսական շահերը։  Պարզապես հասարակությունը պետք է պատրաստ լինի նաեւ Նախիջևանի կողմից  հարվածին և հանկարծակիի չգա»,- ընդգծեց նա։

Հարցին՝ Նախիջևանի կողմից Ձեր մատնանշած հարաբերական անդո՞րրն էր պատճառը, որ 2018 թվականին այդ հատվածում տարածքներ կորցրինք, Դավիթ Ջամալյանը պատասխանեց, որ թշնամին, Հայաստանի խառնակ վիճակից օգտվելով, պարզապես շոշափում էր մեր պաշտպանությունը: «Ուզում էին հասկանալ՝ մենք թուլացա՞ծ ենք, թե՞՝ ոչ։ 15 տարի նրանք այդ հատվածում ռիսկ չէին անում որևէ գործողություն անել, որովհետեւ դա պետական սահմանի այն հատվածն է, որն ունի ստրատեգիական նշանակություն թե՛ հայկական կողմի և թե՛ իրենց համար:  Հետեւաբար, այստեղ ցանկացած շարժ շատ ցավոտ ու զգայուն է լինելու երկու կողմերի համար էլ: Բայց 2018-ին, Հայաստանի խառնակ իրավիճակից օգտվելով, չեզոք գոտին կրճատեցին՝ ի հաշիվ իրենց: Հանուն արդարության ասեմ, որ վերականգնելի բան է, որը պետք է լինի օրակարգում՝ ցանկացած իշխանության պարագայում»,- նշեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի հետ, ռազմական փորձագետն ընդգծեց. «Այդ դեպքում թող այդ ուղիղ կապն օգտագործեն մեր ռազմագերուն հետ բերելու համար»:

Ըստ նրա՝ երկու տարի դեգերելուց, բանակցային գործընթացում իր կետը որոնելուց հետո, այսօրվա իշխանությունը հանգեց այն կետին, որից Սերժ Սարգսյանը հանձնեց իշխանությունն իրենց:

«Սու-25-ը 80-ականներից չէ՞» մեր հարցադրմանը Դավիթ Ջամալյանը պատասխանեց՝  երբ համակարգային մտածողության, լայն առումով ինտելեկտի սնանկության խնդիր ունես, ինքդ քեզ համար ակամայից արհեստական խնդիրներ ես ստեղծում։ «80-ականների զենք» թեզն, իբրեւ նախորդ իշխանությանը հարվածելու միջոց, առաջ քաշելը, նրա դիտարկմամբ, բումերանգի էֆեկտով ներկայիս իշխանությանն է հարվածելու, որովհետեւ 80-ականների զենքերով համալրված են աշխարհի առաջատար բանակները: «Երբեք այնպես չի լինում, որ որեւէ գերտերություն միանգամից հանի իր սպառազինությունից բոլոր՝ նախորդ տարիների զենքերն  ու   բանակը մեծ ծավալով համալրի նոր սպառազինությամբ»,- ասաց ռազմական փորձագետն ու շեշտեց. «2016-ի ապրիլին, երբ այդ ամենը դրոշակ սարքած առաջ էին մղում, նպատակն իշխանության գալն էր: Խնդիրը լուծել են՝ եկել են իշխանության և հոխորտում են, թե մինչև 50 թվականը մնալու են իշխանության: Իրականում՝ այդ իշխանությունը կորցնելու լուրջ վախեր ունեն»:

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը