կարևոր
4315 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 12:48
Քաղաքական

Այս մարդիկ խնդիր ունեն Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազան, ռուսական ներկայությունը վերացնել․ Դավիթ Ջամալյան

Այդ անձնավորությունը խոսում էր իսկանդերի 10 տոկոսով պայթելու մասին։ Մեր երկիրը բազմիցս խայտառակ է եղել, և մինչև հիմա շարունակվում է այդ խայտառակությունների շարանը։ Իրանը և Ռուսաստանը ունեն ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակ։ Այս մասին նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

«Նրա անվտանգության խորհրդի նախագահին սադրիչ են անվանում, սա կարծես թե նորմալ է իր համար․ գորտի երեսին թքում է, ասում է անձրև է գալիս։ Մենք գուցե լինեինք ավելի լավ վիճակում, եթե սահմանափակվեիքն լոկ անպատասխանատվության զգացումով, եթե կառավարողները լինեին անպատասխանատու մարդիկ։ Այս մարդիկ խնդիր ունեն Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազան, ռուսական ներկայությունը վերացնել, կտրել Հայաստանը Ռուսաստանից և ինտեգրել թուրքական աշխարհին։ Իրենք բաց չեն խոսում դրա մասին, այլ ասում են, որ ամեն ինչում մեղավոր են ռուսները, բերում սուտ փաստարկներ։   Սեպտեմբերյան հերթական ագրեսիայի ժամանակ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը տարածեց մի հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ 102-րդ ռազմաբազան դուրս էր բերվել տագնապով։ Զինվորականները շատ լավ հասկանում են, որ նման բան, երբ կիրառվում է պաշտոնապես, նշանակում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան  մարտական խնդիր պետք է լուծի կամ լուծում է։ Այդ բազայի զինծառայողները, մեր հայկական հավաքական ուժերի հետ միասին փրկել են Ջերմուկը, մեկ տարի առաջ փրկել են Իշխանասարի հատվածում Սյունիքը, այն ժամանակ էլ ասում էին, որ դիմելու են ռուսներին, բայց չէին էլ պատրաստվում դա անել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ խնդիրը շատ հստակ է, սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ադրբեջանը հարված հասցրեց ռուսական սահմանապահ կետին Գեղարքունիքում․ «Եթե ռուսական 102-րդ բազան մարտական խնդիր լուծած չլիներ՝ ադրբեջանական կողմը դժվար թե գնար այս քայլին։ Դրանով իրենք արտահայտում էին իրենց դժգոհությունը ռուսական կողմին, որը դիմել էր կտրուկ քայլերի։   Հիմա այս վարչախումբը պետք է բարձրացնի հակառուսական հիստերիա, ռուսական ռազմաբազան դուրս բերելու համար լեգիտիմություն ստեղծի, որով էլ պայմանավորված է հակառուսաական հիստերիան։ Մենք իհարկե հասկանում ենք, որ մենք ենք մեր երկրի տերը, մենք պետք է մեր զինված ուժերը ոտքի կանգնեցնենք, հետո նոր հավելյալ օգնություն սպասենք դաշնակցից»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Փորձագետը կարծում է, որ ոչինչ չի արվում մեր բանակի համար, որպեսզի տեսքի բերվի, այլ մեղքը բարդվում է ռուսական կողմի վրա, այն պարզ պատճառով, որ մարդիկ դեմ չլինեն, երբ առաջարկվի ռուսական ռազմաբազան դուրս բերել․ «Իրենք իշխանության են եկել հենց այդ նպատակով, Արցախը հանձնելու, Սյունքն էլ հանձնել կեղծ խաղաղության օրակարգով՝ թե Թուրքիայից մեզ արդեն վտանգ չի սպառնում, դրանով դուրս բերելով ռուսական ռազմաբազան։ Նրանք նպատակասլաց գնում են այդ ուղղությամբ, սակայն կարծում եմ, որ դա իրենց չի հաջողվի, քանի որ մեր երկրում սթափ մարդիկ քիչ չեն, և այս անգլո-թուրքական սադրանքներին հակառուսական մեր հանրությունը չի տրվի»,- ավելացրեց փորձագետը։