կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 12:48
Սփյուռք

Սևրի պայմանագրով նախատեսված փոխհատուցման պահանջին միացել է նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP-ն)․ «Cumhuriyet» օրաթերթ

Սևրի պայմանագրով նախատեսված փոխհատուցման պահանջին միացել է նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP-ն)․ «Cumhuriyet» օրաթերթ

Թուրքիայի քեմալիստական՝ Ժողովրդահանրապետական կուսակցության խոսափողը հանդիսացող «Cumhuriyet» պարբերականն անդրադարձել է վերջերս ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ հրապարակված հայտարարությանը, որը Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ հայ ժողովրդին փոխհատուցելու կոչ էր անում Թուրքիային։ Հիշեցնենք, որ այդ համատեղ հայտարարությանը միացել էին հիշյալ պայամանագիրը ստորագրած պետությունների երիտասարդական սոցիալիստական քաղաքական կազմակերպությունները, այդ թվում՝ Թուրքիայում գործող Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցությունը (Halkların Demokratik Partisi / HDP):

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթը գրում է, թե ուշագրավ է, որ սույն կոչի տակ տեղ է գտել նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական խորհրդի ստորագրությունը։ Հրապարակի հեղինակը նշում է, որ HDP-ն չի հերքել, որ ստորագրել է այդ հայտարարությունը, սակայն նաև չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել դա։

Պարբերականը նաև շեշտում է, որ հայտարարության մեջ նշվում է հայերի նկատմամբ Ցեղասպանություն կատարված լինելու մասին և հատկապես ընդգծում կոչում հրապարակված հետևյալ նախադասությունը․ «Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում  է Հայոց ցեղասպանության արդար հատուցումը»։

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 17-ին հրապարակված հայտարարության մեջ նշված է․ «Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում  է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի և Թուրքիայի միջև:

Հիմք ընդունելով այն բանաձևըորը միաձայնությամբ ընդունվել է Երևանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային Միության (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015),  որը դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը.

Մենք` Սևրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սևրի պայմանագրի կարևորությունը և կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր և սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը:

Մենք համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջև փոխվստահություն և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է»:

Arfd.am կայքէջում հրապարակված հայտարարությունը ներկայացված է նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, հունարեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

Աղբյուր՝ https://www.cumhuriyet.com.tr/haber/sevr-dayanakli-tazminat-talebi-1761611

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net