կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 12:23
Հասարակություն

ԵԱՏՄ պայմանագրով և օրենսդրությամբ նախատեսված կանոնակարգումներով մի շարք տեխնիկական կանոնակարգեր այլևս չեն գործելու

ԵԱՏՄ պայմանագրով և օրենսդրությամբ նախատեսված կանոնակարգումներով մի շարք տեխնիկական կանոնակարգեր այլևս չեն գործելու

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի նիստում քննարկել է ««Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ԵԱՏՄ պայմանագրով և օրենսդրությամբ նախատեսված կանոնակարգումներով մի շարք տեխնիկական կանոնակարգեր այլևս չեն գործելու, ուստի անհրաժեշտություն կա այդ տեխնիկական կանոնակարգերով սահմանվող պահանջներն ու պայմանները սահմանել այլ իրավական ակտերով: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում բնականոն գործունեության և պետական տեխնիկական վերահսկողության իրականացման համար կստեղծվեն իրավական հիմքեր:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

«Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման նպատակով նախատեսվում է միասնական տեղեկատվական դաշտի ստեղծում: Կլինեն տեղեկատվության հասանելիության միասնական պայմաններ, տեղեկատվության ամբողջականության պահպանման կենտրոնացված համակարգ, ինչպես նաև տվյալների ստուգման ու մշտադիտարկման հավասար հնարավորություններ ու տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի տրամադրման ու ձևակերպման միանման համակարգ:

Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ կա վերապահում մեր երկրի համար. համաձայնագրի ազդեցությունը չի տարածվում ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների ու հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա: