կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 17:25
Տարածաշրջան

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական համագումարը պետությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական համագումարը պետությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական համագումարը (HDK) դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանություն հանցագործության զոհերի  հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ թուրքական պետությանը ուղերձ է հղել:

Ինչպես տեղեկացնում է Demokratahber-ը, ուղերձի տակ ստորագրել են HDK-ի խոսնակներ Սեբահաթ Թունջելն ու Էրթուղրուլ Քյուքչուն: Ուղերձում կոչ են արվում պետությանը՝ առերեսվել սեփական պատմության հետ ու ներողություն խնդրել իրականացրած ցեղասպանությունների համար:

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության այդ ժամանակվա ղեկավարության՝ «Իթթիհաթ վե թերաքիի» կողմից 1915 թվականին հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը օսմանյան հայերի էթնիկ և կրոնական ինքնությունները վերացնելուն ուղղված ծրագրված և համակարգված համամարդկային հանցագործություն էր»,- նշվել է HDK ուղերձում՝ հիշատակելով նաև Պոլսի հայ մտավորականներին, որոնց սպանեցին ապրիլի 24-ին:  

Ուղերձով համագումարը կոչ է արել Թուրքիային՝ դադարեցնել հայերի ու ասորիների ցեղասպանությունների ժխտումը, ներողություն խնդրել այն համամարդկային հանցանքների համար, որ իրականացրել է օսմանյան պետության ժողովուրդների դեմ, որի քաղաքական ժառանգն էլ հենց ինքն է` ժամանակակից Թուրքիան: