կարևոր
2269 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-22 18:13
Հասարակություն

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահն իր պաշտպանական ճառի ժամանակ հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահն իր պաշտպանական ճառի ժամանակ հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Քոբանիի դեպքերի կապակցությամբ հարուցված դատական գործի շրջանակներում իր պաշտպանական ճառը ներկայացրած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը ելույթ ունենալիս անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Ֆիգեն Յուքսեքդաղը մասնավորապես նշել է․ «Լինեն քրդերը թե թուրքերը՝ մենք բոլորս, որպես այս սահմաններում ապրող մարդիկ, դեռ մեր ուսերին ենք կրում այդ ցավալի կոտորածի բեռը»։
HDP-ի համանախագահը նաև հավելել է․ «Հայերին կոտորածի են ենթարկել։ Չմահացածներին էլ աքսորել են, աշխարհի չգիտեմ որ կողմերով մեկ ցրել։ Այդ ամենն արել են, որպեսզի լուծեն այն տարբերությունների հարցը, որոնց չեն կարողացել ղեկավարել։ Իսկ կարողացե՞լ են լուծել։ Ո՛չ։ Հայերի կոտորածից մեզ մնացել է շատ ծանր բեռ, որ դեռ կրում ենք մեր ուսերին»։

Պաշտպանական ճառի վերջում Ֆիգեն Յուքսեքդաղը շեշտել է․ «Հայերի կոտորածը կատարվել է Միություն և առաջադիմություն կուսակցության օրոք։ Հայոց ջարդի հարցում շատ մեծ մասնաբաժին ունի նաև Գերմանիան։ Գերմանական պետությունն առաջին աստիճանի պատասխանատուներից է։ Հենց Գերմանիա պետությունն է հայերի կոտորածի ծրագիրը մշակել, երիտթուրքերին տեղահանության նախագիծը ներկայացրել, նրանց ներշնչել այն միտքը, թե Հայկական հարցը հնարավոր է լուծել աքսորի և կոտորածի միջոցով։ Թուրքիան չի կարողանում անգամ անկախ մտածել։ Թուրքիայի բանակի գլխին կանգնած էր գերմանացի գեներալ։ Սակայն ազգայնամոլական հերոսականությամբ զբաղվողները չեն խոսում դրա մասին։ Եթե նրանք դա չեն ասում, մի՞թե պատմությունը կմոռանա այդ մասին։ Հայերը կոտորածի են ենթարկվել և աքսորվել այն ընդհանուր հայրենի հողերից, որտեղ մինչ այդ համատեղ ապրում էին»։

Հիշեցնենք, որ Ֆիգեն Յուքսեքդաղը դատվում է 2014 թ․ Քոբանիի դեպքերի և PKK-ի հետ առնչություն ունենալու մեղադրանքի հիման վրա։ Ուշագրավ է, որ թեև HDP-ի նախկին փոխնախագահն անգամ ցեղասպանություն բառը չի գործածում, սակայն թուրքական մամուլն արդեն իսկ մեծ վրդովմունքով է արտահայտվում նրա ելույթի կապակցությամբ։
 

https://www.aydinlik.com.tr/haber/mahkeme-salonunda-soykirim-yalanina-sarildi-441035

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net