Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Լիլիթ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ուղիղ մեկ ամիս առաջ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ «բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների եւ ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրերի հետ մասնակի համընկնումների մասին»։ Անկեղծ ասած Նախարարության կողմից խնդրի հանրայնացումը ինձ անակնկալի բերեց, թեև ինչ-որ տեղ ուրախացրեց, քանզի այնտեղ նշված էր նաև, որ «Նախարարությունը հետևողական է լինելու ակադեմիական ազնվության սկզբունքի պահպանման հարցում»։
Հաշվի առնելով այն բազմաթիվ զանգերն ու հարցումները, որ ես ստանում եմ այս հարցի կապակցությամբ օգոստոսի 7-ից ի վեր, համաձայնելով այն գնահատականներին, որ իմ լռությունը պարարտ հող է ստեղծում տարատեսակ և հիմնականում մեկ աղբյուրից ծագող մեկնաբանությունների համար կամ տպավորություն է ստեղծում ոչ բավարար վկայությունների առկայության մասին՝ անհրաժեշտ եմ համարում բոլորին նախ շնորհակալություն հայտնել մտահոգությունների համար, ապա՝ որոշ պարզաբանումներ կատարել։
-Այո, ես այն հեղինակային խմբից եմ, որի անդամները ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ս.թ. հուլիսի 15-ին հանրայնացված «Ես, իմ հայրենիքն և աշխարհը», համաշխարհային պատմության 7-րդ դասարանի և հայոց պատմության հիմնական դպրոցի չափորոշիչների և օրինակելի ծրագրի նախագծի տարբեր հատվածներում հայտնաբերել են «առանձին ձևակերպումների լիարժեք նույնականություն և գլուխների ճշգրիտ պատճենման դեպքեր»։ Այդ մասին հուլիսի վերջին տեղեկացրել ենք և՛ աշխատանքային խմբին, և՛ Նախարությանը։ Դրան հաջորդել է նամակագրություն, ապա Նախարարության հայտարարությունը։ ՉԵՄ ԹԱՔՆՎՈՒՄ, ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ, ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ․․․ԴԵՌ․․․
-Պատճենումը կատարվել է ՍԵՎԱԳԻՐ փաստաթղթից, որի վրա նշված են ծրագրի հեղինակային խմբի, խորհրդատուի անունները, և կա նախազգուշացում, որ տվյալ փաստաթուղթը հանրայնացման ենթակա չէ։ Չգիտեմ, թե ինչպես և ինչ հանգամանքներում է այդ սևագիր փաստաթուղթը հայտնվել աշխատանքային խմբի կամ նրա որևէ անդամի ձեռքում, բայց զավեշտալին այն է, որ նոր ծրագրում առկա նմուշներում պատճենված են անգամ մեր վրիպակները և խմբի կողմից կիրառվող պայմանական ձևակերպումները (անկեղծ շնորհակալություն «արհեստավարժ» պատճենողին․ այս հանգամանքը մեզ հնարավորություն տվեց արագ գտնել, թե սեւագիր կոնկրետ որ տարբերակից է կատարվել արտագրություն)։ Ավագ դպրոցի համար գրված մեր ծրագրից արտատպությունները կատարվել են միջին դպրոցի ծրագրերում։ Պատճենումները կատարվել են անկանոն, երբեմն ամբողջ գլուխներ կամ դրանց մեծ մասը, երբեմն էլ առանձին տողեր և ձևակերպումներ։ Ինձ համար առավել ցավալին այն է, որ պատճենված կտորները կտրվել են իրենց տեսական, արժեքային հիմքից։
- Ինձ համար հարցը բարոյական հարթությունում է։ Նախարարությունն իր նախաձեռնությամբ հանրայնացրել է բողոքի առկայությունը, հետևաբար ակնկալում եմ կատարված փաստի մասին Նախարարության համարժեք գնահատականը (գրում եմ առաջին դեմքով, քանի որ գրառման նախաձեռնությունը և բովանդակությունը իմն է, թեև գրեթե վստահ եմ, որ հեղինակային խումբը համակարծիք է)։
Երեք տոկոսի մասին
-Այո, ինձ ևս հասել են լուրեր, որ փոխնախարար տիկին Անդրեասյանը խնդրի շուրջ տրվող հարցերին ի պատասխան պնդում է, որ ոչ մի լուրջ բան չկա և առավելագույնը երեք տոկոսի մասին է խոսքը։ Ինչ մեղքս թաքցնեմ, տոկոս չեմ հաշվել, չեմ էլ պատրաստվում հաշվել։ Ինչպե՞ս եմ վերաբերվում այս լուրերին։ Ըմբռնումով, քանի որ լուրերի հիման վրա սովորաբար եզրահանգումներ չեմ կատարում։ Բացի այդ ինձ համար դժվար է պատկերացնել, որ նոր Հայաստանում փոխնախարարը մոտավորապես նման ուղերձ կարող է հղել․ «Եթե գող է մտել ձեր տուն, բայց տարել է միայն հեռուստացույցը, դա աննշան բան է, չարժե դրան լրջորեն մոտենալ»։
-Արդյոք չունեմ մտահոգություն, որ «ծածկադմփոց» է արվելու։ Ունեմ նման մտահոգություն, բայց չեմ ուզում իմ մեջ սպանել հավատն առ այն, որ իզուր չեմ դուրս եկել փողոց, իզուր չեմ իմ, իմ ընտանիքի և իմ ՀԱՅՐԵՆԻՔԻ ճակատագիրը վստահել մարդկանց, ովքեր հայտարարում էին և հայտարարում են, որ բոլորովին այլ արժեքհամակարգի կրողներ են և որ «նախկինների» գործելաոճը տեղ չունի նոր Հայաստանում։ Ես որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ոչ թե ակնկալում եմ, այլ պահանջում եմ համարժեք գնահատական։ Կարծո՞ւմ եմ ես, որ որևէ մեկին մտահոգում է իմ այս պահանջը։ Անկեղծորեն և ցավով՝ ո՛չ, չե՛մ կարծում։
Թերևս ինձ համար պարզ կլինի, թե ով է անձամբ ինձ համար հեղափոխությանը առավել վնաս հասցրած քաղաքական դեմքը։ Ապա․․․ էլ ոչինչ չի լինի։ Եվ «նախկինների», և «ներկաների», և «ապագաների» օրոք աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ ազնվորեն, նվիրումով, հավատով եվ ամենակարևորը «ԱՆԱՂՄՈՒԿ»՝ հանուն իմ ՀԱՅՐԵՆԻՔԻ և հանուն այդ ՀԱՅՐԵՆԻՔԻ ներկա և ապագա քաղաքացի իմ աշակերտների և ուսանողների՝ սովորեցնելով նրանց, որ եթե պետությունում ինչ-որ անարդարություն է տեղի ունեցել, դրա բարձրաձայնման և վերացման համար պատասխանատու է տվյալ պետության յուրաքանչյուր քաղաքացի։ Ասում են՝ Մ․թ․ա 5-րդ դարում Սոլոնը նաև նման օրենքով սկսեց ժողովրդավարական Աթենքի ձևավորման ուղին։
Սա կլինի իմ առաջին և հուսով եմ միակ անդրադարձը այս թեմային։ Չեմ պատրաստում հարցի շուրջ ծավալել որևէ հանրային քննարկում․ չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը։ Սա նաև ամբողջ խմբի դիրքորոշումն է՝ մենք չենք պատրաստվում քննարկել կատարված փաստը հենց միայն այն պատճառով, որ այն անհերքելի է։ Դա կարող է որոշել հայերեն գրել, կարդալ իմացող և գրավոր տեքստի համեմատություն կատարող յուրաքանչյուր ոք։ Չնայած իմ այս մտադրությանը, եթե անհրաժեշտությունը ստիպի, ստիպված կլինեմ օրինակ առ օրինակ, տող առ տող հրապարակել բոլոր պատճենումները։ Հայցում եմ ձեր ներողամտությունը, բայց որևէ կերպ չեմ մեկնաբանելու նաև իմ այս գրույթի հետ կապված որևէ հարց, դիտարկում՝ անկախ դրա բովանդակությունից։
Մեկ անգամ ևս՝ շնորհակալություն բոլորին մտահոգություններն արտահայտելու, չլռելու համար»: