Փոխարժեքներ
05 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.71 |
EUR | ⚊ | € 409.96 |
RUB | ⚊ | ₽ 3.9979 |
GBP | ⚊ | £ 492.87 |
GEL | ⚊ | ₾ 139.81 |
Զորակոչին զուգահեռ շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքը: Այս պահին, երբ զորակոչը մոտ է իր հասարակածին, հանձնաժողովն արդեն ստացել է 73 դիմում-բողոք:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի դիտարկմամբ այդ ցուցանիշը համադրելի է վերջին զորակոչերի ցուցանիշներին: Սակայն պարզ է, որ այս զորակոչը տարբերվում է նախորդներից, և ամենուրեք կորոնավիրուսից պաշտպանվելու հրամայականն արտահայտվել է նաև հանձնաժողովի աշխատանքում:
Նախևառաջ, ողջամտորեն սահմանափակվել է նիստերի մասնակիցների թիվը՝ առաջնորդվելով գործնական և կանխարգելիչ նկատառումներով, աշխատանքային տարածքները ախտահանվում են և օդափոխվում, տրամադրվում են անհատական պաշտպանիչ միջոցներ, ավելացվել է նիստերի անցկացման հաճախականությունը` կրճատելով դրանց տևողությունը, հանձնաժողովի անդամները պարբերաբար փոխարինվում են և այլն: Այս ամենով հանդերձ, հանձնաժողովը մշտապես միտված է լիարժեք իրականացնելու իր պատասխանատու հանձնառությունը զորակոչի գործընթացում: Քաղաքացիների դիմումներում և բողոքներում արծարծած խնդիրների լուծմանն օժանդակելու հետ, հանձնաժողովը դիտարկում է զորակոչի ընթացքը, դրսևորվող միտումները, առանձնացնում և ներկայացնում է ուշագրավ հարցերը:
Դիմում-բողոքները հանգամանորեն ուսումնասիրվում են: Եթե չկան իրավաչափ հիմքեր` հանձնաժողովը չի միջամտում զորակոչի գործընթացին: Որպես կանոն, այդպիսի վերաբերմունք է ցուցաբերվում դիմում-բողոքների շուրջ 40%-ին, իսկ դրանց մեծ մասը` 60%-ը, ընթացք են ստանում` լրացվելով հանձնաժողովի առարկայական հարցադրումներով ու առաջարկություններով: Օրինակ, նախորդ զորակոչի ընթացքում հանձնաժողովի միջնորդությամբ կատարվել են 21 ստուգողական բուժհետազոտություն և 2 վիրահատություն, որոնցով պարզվել են կարևոր տվյալներ զորակոչիկների հիվանդությունների և առողջական խնդիրների վերաբերյալ: Դրանք, ինչպես նաև քաղաքացիների կատարած մասնավոր բուժհետազոտությունները, որոնք շրջանառության են դրվել հանձնաժողովի միջոցով, նպաստել են հանգելու ճիշտ եզրակացությունների:
Այդպես վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 28 եզրակացություն, այդ թվում 18 զորակոչիկի տրվել է մինչև 1 տարի, 5-ին` 3 տարի ժամկետով տարկետում, 5-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի: Հանձնաժողովը զորակոչի ընթացքում ստացվող դիմում-բողոքների գլխավոր հասցեատերերերից է և դրանց լուծման ամենաարդյունավետ օղակը: Խոսուն փաստ է այն, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում դրա ծառայությունից օգտվել են շուրջ 3 100 քաղաքացի:
Գեղամ Հարությունյանը աշխատանքի այս տեղամասը համարում է զորակոչի առաջնագիծը. ինչպես առաջնագծում, այնպես էլ այստեղ պատասխանատվությունը մեծ է և սխալվել չի կարելի: Նրա նախագահությամբ, փոխարինելով միմյանց, ընթացիկ զորակոչին հանձնաժողովի աշխատանքում ներդրում են ունեցել ռազմական բժիշկներ Մարգարիտա Սարգսյանը, Հասմիկ Թունյանը, Սերգեյ Սիմոնյանը, զինվորական իրավունքի մասնագետներ Արա Կոդաբաշյանը, Նարինե Արշակյանը, հասարակական խորհրդի անդամներ Հակոբ Թադևոսյանը, Աստղիկ Ավետիսյանը, Վահագն Վարագյանը, Հռիփսիմե Մարգարյանը, Էդուարդ Մանևիդիսը, Խաչատուր Գասպարյանը, Անահիտ Հովնանյանը: Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը դեռևս զորակոչի մեկնարկին վստահեցրել է, որ այժմյան անսովոր պայմաններում ևս հանձնաժողովը զորակոչիկներին առնչվող հարցերը կքննարկի իրեն բնորոշ անաչառությամբ ու խորաթափանցությամբ: