կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-23 13:12
Հասարակություն

Ոստիկանապետը բացառում է, որ ոստիկանը սխալվել է

Ոստիկանապետը բացառում է, որ ոստիկանը սխալվել է

Քննությունն արդեն ապացուցել է. բազմաթիվ վկաներ կան, ավազակային հարձակման ենթարկված տուժողները եկել, ճանաչել են «հանցագործին». անդրադառնալով մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում հունիսի 14-ին ոստիկանի կողմից հանցագործության համար կասկածվող Արման Ենգիբարյանի սպանությանը` այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ բացառվում է, որ ոստիկանը սխալ մարդու սպանած լինի:

«Այդպիսի ահազանգ, գոնե կասկած մի անգամ չի հնչել, չկա տենց բան,- վստահեցրեց նա:- Փորձագիտության հետ կապված` բավականին նմուշներ կան, որոնք հաստատում են նրա մասնակցությունը տվյալ հանցագործությանը: Կոնկրետ ինձ մոտ այդ հարցը կասկած չի հարուցում»:

Ավելին, պարզվում է`այդ պահին Ալիկ Սարգսյանը թեթեւացած շունչ է քաշել. «Ինձ հանգիստ զգացի, որ իմացա` հանցագործը վնասազերծված է, չէ՞ որ տեռորի էր ենթարկել ամբողջ քաղաքը` 8 դեպք իրար հետեւից»:

Պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին` հաստատվե՞լ է, որ Աբովյանի հարկայինի պետի տուն ներխուժած անձը եւս սպանվածն է, ոստիկանապետը դրական պատասխան տվեց. «Նա է ավազակային հարձակում գործել հարկայինի տան վրա, եթե չեմ սխալվում` 6700 ԱՄՆ դոլար եւ մի քանի ոսկյա զարդեր է գողացել: Սովորական, կլասիկ ավազակային հարձակում էր: Իսկ ովքեր որ հատուկ հրապուրանք ունեն այդպիսի հանցագործների նկատմամբ, անեծք չի դա, բայց մի անգամ եթե առնչվեն եւ հասկանան` ինչ ասել է ավազակային հարձակում...: Դա, իմ կարծիքով, սովորական ահաբեկչություն է, սովորական տեռորիստական ակտից ոչ մի բանով չի տարբերվում, դրա մանր տեսակն է, բայց բնույթը նույնն է: Մարդու տուն մտնել եւ նսեմացնել մարդուն, խեղաթյուրել այդ ընտանիքի կյանքը, կարծում եմ` դրանից ավելի ծանր հանցագործություն չկա, եւ կարծում եմ, որ պիտի պատժվի եւ որեւիցե կերպ ներման ենթակա չի, ոչ էլ մեղմացման»:

Լրագրողների հարցադրմանը, թե ծնողները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, Ա. Սարգսյանը հարցին հարցով պատասխանեց. «Հիմա ես հավատամ ծնողների ասածի՞ն: Ծնողների ասելով չէ, տուժողները գալիս, տեսնում, ճանաչում են: Ես չեմ հիշում մի այդպիսի դեպք, երբ հանցագործի ծնողը հայտարարի, որ իր տղան մեղավոր է եւ պիտի պատժվի»: Ոստիկանապետը նաեւ նշեց, որ ցավում է սպանվածի ծնողների համար, բայց ավելացրեց, որ ուրիշ բան իրենից չսպասեն:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք կասկածյալի պարանոցին ու փորին կրակած ոստիկանները չէին կարող նրա ձեռքին ու ոտքին կրակել, առանց մահացու հետեւանքների, ոստիկանապետը նշեց, որ չէր ուզենա, որ նա սպանվեր. «Բայց մեր զենքերը մարտական զենքեր են, չէ՞: Կրակոցից հետո, պարզ է, մարդ էլ կմահանա: Դա նորմալ եմ համարում այնքանով, որ աշխատանքում ամեն ինչ կարող է լինել»:

Պատրաստվո՞ւմ է, արդյոք, Ալիկ Սարգսյանը, պարգեւատրել «հանցագործին» վնասազերծած եւ սպանած ոստիկանին: «Ես առայժմ չեմ պատրաստվում փառաբանել, մեծարել, պարգեւատրել ոստիկանին, կսպասեմ, եթե բոլոր ծառայությունները գտնեն, որ նա օրինաչափ է գործել: Ես առայժմ չեմ շտապում: Եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը` որպես ոստիկանապետ, ես կարծում եմ, որ ամեն ինչ արվել է օրինաչափ, ոստիկանի արարքի մեջ որեւէ խախտում չկա»,- ասել է նա: