կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 14:07
Տնտեսական

Forbes-ը գրեթե չի սխալվել

Forbes-ը գրեթե չի սխալվել

Եթե գեշ ես, ուրեմն` գեշ ես, պետք չէ մեղադրել հայելիներին ու լուսանկարիչներին, քեզ վատ արտացոլելու, պատկերելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով մեր տնտեսությունը գնահատող տարբեր միջազգային վարկանիշային սանդղակներին:

Մասնավորապես, խոսելով վերջերս իրարանցում առաջ բերած Forbes հեղինակավոր ամսագրի վարկանիշային ցուցանիշների մասին` նա նշեց, որ այս դեպքում մասնակիորեն կարելի է համաձայնել դրա հետ:

Տնտեսագետը նշեց, որ ցուցակը կազմելիս հաշվի է առնվել տնտեսական չորս ցուցանիշ` ՀՆԱ-ն, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, գնաճը եւ վճարային հաշվեկշիռը: Նախ վճարային հաշվեկշռի ցուցանիշը 2009 թվականինն է, բացի այդ` կա մեթոդաբանական լուրջ խնդիր. նույնիսկ այդ տարի ֆինանսական մուտքները մեծ են եղել, վարկեր են վերցվել Ռուսաստանի, Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից եւ այլն: Այս դեպքում պետք է հաշվեկշիռը դրական լիներ, սակայն իրենց մոտ բացասական է նշված:

Գնաճի դեպքում Թ. Մանասերյանը լիովին համաձայն է Forbes-ի հետ: Ի հակադրություն ազգային վիճակագրական ծառայության նշած թվերի, իր ղեկավարած կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ ապրանքների դեպքում գնաճի ցուցանիշը նույնիսկ ոչ թե երկնիշ, այլ եռանիշ է եղել:

Forbes-ը չի սխալվել նաեւ մյուս երկու ցուցանիշների դեպքում: ՀՆԱ-ն կրճատվել է, բնականաբար, կրճատվել է նաեւ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն:

«Այ էստեղ է, որ մենք պիտի պահանջենք կառավարությունից ներկայացնել, թե ո՞ր փուլում է ՀՀ տնտեսությունը, ի՞նչ է արվելու առաջ գնալու համար, ե՞րբ է արվելու, ովքե՞ր են պատասխանտուները, եւ եթե չարվի, ապա ի՞նչ է լինելու: Վերջինը հատկապես շատ կարեւոր է, քանի որ եթե պատասխանատվության չեն ենթարկվում ոլորտը կառավարողները, ապա դա ցավալի է»:

Սակայն Թ. Մանասերյանը նշեց, որ ավելի ճիշտ կլինի, եթե նման հետազոտություններն արվեն համեմատական դաշտում, տրվեն մանրամասն հիմնավորումներ, վերլուծություններ արվեն: