Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը պարբերաբար բազմաթիվ բողոքներ է ստանում տարբեր սուպարմարկետների, այդ թվում՝ «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Երիցյաններ և Որդիներ», «M/G», «SAS»–ի աշխատակիցներից` իրենց աշխատանքային իրավունքների խախտման կապակցությամբ։ Վերլուծելով քաղաքացիների բողոքները, որոշակի օրինաչափություն ենք նկատել, մասնավորապես՝
1․ Սուպերմարկետների ցանցերում հիմնականում աշխատում են սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչները և ուսանողները, ինչից օգտվում են գործատուները։
2․ Աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը հիմնականում չի տրամադրվում աշխատողին,
3․ Աշխատողներին իրենց աշխատանքային պարտականություններից դուրս ստիպում են կատարել լրացուցիչ և արտաժամյա աշխատանքներ, որի դիմաց հավելյալ չեն վարձատրում: Մինչդեռ աշխատանքային օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասը հստակ ամրագրում է. եթե սահմանված նորմաների համեմատությամբ ավելանում է աշխատողի աշխատանքի ծավալը, ապա նրա աշխատանքը վարձատրվում է կատարված աշխատանքի ծավալին համապատասխան: Իսկ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն՝ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
4․ Աշխատողներին չեն տրամադրվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմնական արձակուրդը կամ դրա համար փոխհատուցման վճարը` պատճառաբանելով, որ այդ իրավունքը առաջանում է մեկ տարի աշխատելու դեպքում: Այնինչ, աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-ին մասը սահմանում է` աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
5․ Գործատուների կողմից կատարվում է աշխատավարձից անօրինական պահումներ` կրկին հաշվի չառնելով աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերը. այն է ` գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են`
1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը.
2) հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները.
3) գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարիչծախսված և ժամանակին չվերադարձված գումարը.
4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:
Այս հանգամանքները ևս մեկ անգամ փաստում են, որ սուպերմարկետների աշխատողները պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Եղե՛ք իրազեկ, պաշտպանե՛ք ձեր աշխատանքային իրավունքները և թույլ մի՛ տվեք գործատուին՝ ոտնահարել ձեր իրավունքները:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8):
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան
Արթուր Նարինյան