կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 16:43
Իրավական

ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը կոչ է անում չխախտել աշխատողների իրավունքները

ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը կոչ է անում չխախտել աշխատողների իրավունքները

ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի չորս աշխատակիցներ՝ Մ.Հ.-ն, Վ.Պ.-ն, Ն.Դ.-ն և Ս.Բ.-ն, հայտնելով, որ գործատուն, իրենց կամքին հակառակ, լուծել է աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակից:

Գրասենյակը նաև հայտարարում է, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն պետական ընկերություն է. տնօրենի փոփոխությունից հետո այս հիմնարկում սկսվել են աշխատանքից զանգվածային ազատումներ: Այն կոչ է անում լիազոր մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները: Հաղորդագրության համաձայնՙ նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարող հանդիսանալ շարքային աշխատակիցների հեռացման պատճառ:

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբանական թիմը, ուսումնասիրելով ներկայացված փաստերը, համարում է, որ վերը նշված աշխատակիցների նկատմամբ իրականացվել է հետապնդում, և խախտվել են նրանց աշխատանքային իրավունքները, իսկ աշխատանքային պայմանագրի լուծումը անհիմն է, և քանի որ գործատուն քայլեր չի ձեռնարկել աշխատակիցների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, ուստի մեր գրասենյակը ստանձնել է Մ.Հ.-ի, Վ.Պ.-ի, Ս.Բ.-ի և Ն.Դ.-ի իրավունքների պաշտպանությունը դատարանում:

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ։

Հեռ՝ 010 42 67 41, 096 99 66 04,
Հասցե ՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան 20:

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ՝ գրասենյակի բոլոր ծառայություններն անվճար են: