Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ստեղծված՝ Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող մարմնի մասին խոսելիս պետք է հասկանանք, որ սա նոր երևույթ չէ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ Ցեղասպանությունների եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման եւ կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդի անդամ Սուրեն Մանուկյանը։
Թեպետ նշվում է, որ նոր մարմինը գործելու է Թուրքիայի կառավարությունից անկախ, բայց նախագահ Էրդողանը կառույցին գործի անցնելու ցուցումներ է տվել և կոչ արել աշխատանքներն արագացնել ու հասցնել ավարտուն տեսքի։
«Թուրքիան ժամանակին բազմաթիվ նման ինստիտուտներ ունեցել է, օրինակ, 2001 թ-ին Անկարայում ստեղծվեց Հայկական հետազոտությունների ինստիտուտը, որի հիմնական նպատակը հենց դա էր՝ ընդհանուր ժխտողականությունը։ Թուրքական պետության տարբեր մարմիններ հանդես էին գալիս ժխտողական հայտարարություններով, աշխարհում ֆինանսավորում էին շատ թուրքագիտական ամբիոններ և այդ ֆինասավորման ժամանակ նաև պատվիրում էին հետազոտություններ Հայոց ցեղասպանության դեմ։ Հայկական հետազոտությունների ինստիտուտի հիմնական նպատակը այդ ամբողջ քաղաքականությունը համակարգելն էր»,-նշեց Սուրեն Մանուկյանը։
Ինստիտուտը ինչ-որ չափով դա արեց՝ սկսեց հավաքագրել ոչ թուրք մասնագետների, ովքեր կխոսեին Հայոց ցեղասպանության դեմ, ովքեր ժխտողականության թեզերը առաջ կտանեին, ասաց նա, բայց խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու գործը շատ բարդ գործ է։
«Ի սկզբանե, իրենք շատ մեծ դժվարություն ունեցան միջազգայնորեն ընդունելի գիտական շրջանակներ մտնելու հարցում։ Ակադեմիական շրջանակներ մուտքը նրանց դեմ փակ էր նույնիսկ եթե եվրոպացի գիտնականը թուրքական գրանտով ինչ-որ գիրք էր գրել, նա նույնպես հնարավորություն չէր ունենում արևմտյան ակադեմիական շրջանակներ մտնել»,-փաստեց Սուրեն Մանուկյանը։
Որոշ ժամանակ հետո պարզ դարձավ, որ այս ինստիտուտի աշխատանքի արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ և այն գումարը, որը ծախսվում է, իրեն չի արդարացնում՝ ասաց նա․ «Մինչև այսօր էլ տպում են անգլալեզու ամսագիր՝ մեծ տպաքանակով, բավականին լավ տպված, բայց էլի՝ համաշխարհային շրջանակներում ընդունված ոչ մի գիտնական այնտեղ հոդված չի հեղինակում»։
Թուրքական պետությունը հասկացավ, որ այս կառույցը արդյունավետ չէ այլևս և պետք է նույն նպատակով նոր ինստիտուտ հիմնել։
«2015 թ-ից առաջ էլ նման խոսակցություններ կային, բայց դրանք այդպես էլ մնում էին օդում։ Իսկ 2015 թ-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո Թուրքիան հասկացավ, որ հայերը բավականին մեծ թափ կարող են հաղորդել այս թեմային։ Մինչև այդ մտայնություն կար, որ թեման արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ, արդեն սպառել է իրեն և հայերը առանձնապես նոր ասելիք չունեն այս թեմայով, բայց, արի ու տես, որ 2015 թ-ի միջոցառումները, համաշխարհային մամուլում այդ թեմայի անդրադարձն իր արդյունքը բերեց»,-նկատեց Սուրեն Մանուկյանը։
Նա նշեց, որ մենք դա չենք նկատում, դա շատ չերևացող է, որովհետև տարին շատ բուռն էր՝ ամեն երկիր, ամեն քաղաք ինչ-որ միջոցառում էր անում և մենք զգում էինք դրա թափը։ 2016 թ-ից տեմպն սկսեց իջնել, և մեզ թվաց որ պարպեցինք այդ հետաքրքրությունը և արդյունքներ չենք ունենա, բայց 2015 թ-ը բերեց նոր հետաքրքրություն։
«Ես հետևում եմ արևմտյան համալսարաններում գրվող թեկնածուական ատենախոսությունների թեմաներին․ եթե նախկինում Հայոց Ցեղասպանության թեմայով շատ քիչ աշխատանքներ կգտնեիք, 2015 թ-ից հետո դրա թիվն անհամեմատ ավելացել է։ Շատ մարդիկ մտնում են ոլորտ, շատ մարդկանց դա հետաքրքիր է դառնում և դա բերում է ոչ միայն գիտական մտքի զարգացման և թեմայի գիտական տարածման, այլ նաև քաղաքական տարածման»,-ասաց Սուրեն Մանուկյանը։
Նրա համոզմամբ՝ եթե չլիներ այդ համընդհանուր հետաքրքրությունը և չլինեին 2015 թ-ի միջոցառումները, միջազգային կոնֆերանսները, մենք ո՛չ կունենայինք 2016թ-ի Գերմանիայի ճանաչումը, և ո՛չ, առավել ևս, անցյալ տարվա ԱՄՆ-ի ճանաչումը։
Թուրքիան էլ է դա շատ լավ հասկանում, իրենք էլ ունեն իրենց վերլուծաբանները, որոնք տեսնում են այդ դինամիկան և հասկանում են, որ դրա դեմն առնելու համար պետք է ինչ-որ քայլեր անել։ Այդ քայլերից մեկը եղավ Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող նոր կառույցի ստեղծումը։
«Ես ենթադրում եմ, որ այդ կառույցը կգա փոխարինելու իմ նշած՝ Հայկական հետազոտությունների ինստիտուտին և կարծում եմ, որ նույն տրամաբանությունն է դրված դրա մեջ՝ հակազդել հայկական շրջանակներին և նաև հայամետ համաշխարհային կարծիքին»,-ասաց Սուրեն Մանուկյանը։
Կառույցի ստեղծման հրապարակային բնույթը և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը Անվտանգության խորհրդի նիստում նրան հիմք են տալիս մտածելու, որ այս թեման հիմա փորձում են օգտագործել որպես քարոզչություն։
«Որովհետև եթե իրենք ուզենային ռեալ հողի վրա աշխատանք տանել, դա կստեղծեին շատ ավելի չգովազդվող ձևով։ Այն, որ դա ոչ միայն դարձավ Անվտանգության խորհրդի նիստի թեմա, այլև հրապարակվեց, ինձ թույլ է տալիս կարծել, որ սա քարոզչական հնարք է՝ աշխարհին ցույց տալու համար, որ մենք ակտիվ ենք, այդ ուղղությամբ աշխատում ենք, այս թեման կա, որ, իբր թե, սա բանավեճի թեմա է»,-նշեց նա։
Բանն այն է, որ եթե մինչև 1960-ականները Թուրքիան ընդհանրապես ժխտում էր, որ նման բան տեղի է ունեցել, ապա 1960-ականներից, քանի որ արդեն հնարավոր չէր հերքել Հայոց ցեղասպանության մասին հսկայածավալ նյութը, Թուրքիան փոխեց մարտավարությունը և այժմ ասում է՝ «եղել է, բայց․․․»։
«Այդ «եղել է, բայց․․․»-ը այն հնարքն է, որով մեզ ներքաշում են բանավեճի մեջ, որպեսզի հետո հայտարարեն, որ սա բանվիճային թեմա է։ Այսինքն, այսօրվա փուլում դրված է ոչ թե ժխտել կատարվածը, այլ ներկայացնել որպես բանավեճի թեմա»,-նկատեց Սուրեն Մանուկյանը։
2015 թ-ը կարևոր տարի էր ևս մեկ առումով․ այդ տարի հունվարին շատ կարևոր մի փաստաթուղթ հրապարակվեց՝ Համահայկական հռչակագիրը։ Սուրեն Մանուկյանը նկատեց, որ, ի վերջո, Համահայկական հռչակագիրը վերջին փաստաթուղթն է, որը համահայկական բնույթ ունի, դրանից հետո համահայկական որևէ փաստաթուղթ չենք ընդունել։
«Այս փաստաթուղթը նաև ճանապարհային քարտեզ է, որտեղ հստակ մատնանշված է, թե մենք ինչ պետք է անենք, ինչ շեշտադրումներով և ում հետ պետք է անենք։ Ճիշտն ասած, ես սպասում էի, որ Հռչակագիրը կյանքի կկոչվի այդ հաջորդական քայլերով։ Բայց, խնդիրն այն է, որ 2015 թ-ը ավարտվեց և ոչ մի ինստիտուցիոնալ կառույց մենք չունեցանք, որը կհետապնդեր այդ խնդիրը»,-ասաց Սուրեն Մանուկյանը։
Հռչակագրի համաձայն պետք է պատրաստվեր Իրավական թղթածրար, որը պետք է իրավական հողի վրա դներ հայ ժողովրդի պահանջները։
«Ես նույնիսկ հիշում եմ, որ ժամանակին որոշակի կառույցներ փորձեցին ստեղծել, մեկի ղեկավարը Գագիկ Հարությունյանը պետք է լիներ, հետո՝ Աղվան Հովսեփյանն էր նաև այդ հանձնաժողովում։ Բազմաթիվ նման քայլեր եղել են կառույցներ ստեղծելու, բայց փաստն այն է, որ 2020 թ-ում ենք ու այդ «Թղթածրար» կոչվածը չունենք»,-հայտարարեց Սուրեն Մանուկյանը։
Բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ որոշակի աշխատանք կատարեցին՝ կար հանձնախումբ, որը հաշվարկում էր Հայաստանի կորուստները, նույնիսկ թիվ հրապարակվեց, ԳԱԱ պատմության ինստիտուտը մշակեց ու հրապարակեց Հայոց ցեղասպանության պատճառած կորստի գնահատման և հետևանքների վերացման մասին կոլեկտիվ մենագրություն, բայց, ամեն դեպքում, պետական ոչ մի կառույց այդ թեմայով չզբաղվեց։
«Եվ այսօրվա իշխանությունները նույնպես որևէ քաղաքականություն չեն իրականացնում այս ուղղությամբ»,-նկատեց Սուրեն Մանուկյանը։
Նա համոզված է, որ ժամանակն է նման կառույց ստեղծելու և անհրաժեշտ է, որ նման կառույց Հայաստանում գործի։
Դա պետք է աշխատի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցաբար, սակայն թանգարանը միայնակ դա անել չի կարող, նշեց Մանուկյանը, որովհետև թանգարանն այդքան ռեսուրս չունի, թանգարանի հիմնական առաքելությունը Ցեղասպանության ուսումնասիրությունն է և դրա ներկայացումը թանգարանային ցուցադրության միջոցով։ Մինչդեռ սա ուրիշ աշխատանք է, այստեղ պետք է ներգրավված լինեն իրավաբաններ, այս գործընթացը իրավական և քաղաքական դաշտում է գտնվում։
«Քաղաքական կամք պետք է դրսևորվի իշխանությունների կողմից և իրավական հիմնավորում, որով պետք է զբաղվեն մեր երկրի լավագույն իրավաբանները»,-հայտարարեց Սուրեն Մանուկյանը։
Նա վստահ է, որ այս Թղթածրարը պետք է լինի մեր ազգային անվտանգության ռազմավարության նման մի բան՝ բայց Ցեղասպանության գծով։ Պետք է մշակվի ռազմավարությունը՝ ոնց ենք շարժվում և ուր ենք շարժվում Ցեղասպանության ճանաչման և հատուցման, վնասների վերականգնման ճանապարհով։
«Եթե նույնիսկ Թուրքիայի հետ գնանք դեպի հաշտեցում, պահանջատիրությունը, իրավունքների վերականգնումը կամ հետևանքների վերացումը ոչ մի կապ չունեն հաշտեցման կամ չհաշտեցման հետ։ Կներեք, Իսրայելը և Գերմանիան հաշտված էին, բայց Իսրայելը ներկայացրեց իր պահանջները և Գերմանիան հատուցեց, վճարեց տուգանքները և մինչև այսօր էլ շարունակում է վճարել։ Իրենց միջև շատ լավ հարաբերություններ են, և այդ տուգանքը վճարելը կամ պահանջները բոլորովին կապ չունեն երկրների միջև բարիդրացիական կամ թշնամական հարաբերությունների հետ։ Դու կարող ես երկրի հետ հրաշալի հարաբերությունների մեջ լինել, բայց ձեր միջև լինի չլուծված իրավական վեճ, որը ինչ-որ մի ձևով պետք է լուծվի»,-նկատեց Սուրեն Մանուկյանը։
Նա համոզված է, որ եթե նույնիսկ մի աներևակայելի իրավիճակ ստեղծվի ու մենք Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավենք, սահմանները բացենք, դա չի նշանակում, որ պահանջատիրությունից պետք է հրաժարվել՝ մեկը մյուսի հետ կապ չունի․ եղել է հանցագործություն, հանցագործությունը չի ստացել իրավական գնահատական, տուժողները չեն ստացել հատուցում, ոճրագործները չեն ստացել պատիժ՝ մեկը մյուսի հետ խառնել պետք չէ։
Աննա Բալյան