Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության տարածած հայտարարությանը, որով առաջարկվում է ստեղծել Հատուկ ծրագրերի կոմիտե և օժտել Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ, հրավիրել խորհրդակցություն Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ, ԱԺ-ի անունից դիմել ԱՀ Գերագույն դատարան՝ Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ ԱՀ նախագահի հրամանագրի և/կամ նույնաբովանդակ հայտարարության սահմանադրականության հարցով։
Դավիթ Գալստյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ հայտարարությունից և իրենք նման որևէ առաջարկ չեն ստացել։
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը և կուսակցությունը որևէ առաջարկ չի ստացել «Միասնական հայրենիք»-ից։
Մենք այսօր ունենք գործող պետական ինստիտուտներ, ինչու գնալ այդ պետական ինստիտուտները ոչնչացնելու ճանապարհով։
Ինչո՞ւ ստեղծել ինչ-որ նոր բան, եթե ունենք ԱԺ, նախագահական ինստիտուտ և այլն։
Եթե կան քննարկումներ, ինչու դա չանել մեր պետական ինստիտուտների միջոցով ու դրա փոխարեն ստեղծել նոր բան, որի լեգիտիմությունը կասկածելի է։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը և իրենց առաջնորդը ժամանակ առ ժամանակ նման մանիպուլյատիվ հայտարարություններ են անում, թե իբր նրանք խոսել, քննարկել են ու մերժում են ստացել, որը իրականության հետ որևէ աղերս չունի։
Մենք գտնվում ենք, որ այս ամենը միտված է հանրությանը մոլորեցնելուն»,- ասաց Գալստյանը։
Անդրադառնալով հայտարարության այն կետին, որով առաջարկվում է ԱԺ-ի անունից դիմել ԱՀ Գերագույն դատարան՝ Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ ԱՀ նախագահի հրամանագրի և/կամ նույնաբովանդակ հայտարարության սահմանադրականության հարցով, Դավիթ Գալստյանն ասաց․
«Երեք տարուց ավելի է մենք աշխատում էինք նույն խորհրդարանում։ Թե՛ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը, թե՛ կուսակցության ղեկավարը ունեն մեր բոլորի հեռախոսահամարները ու ճանաչում են բոլորիս։
Այսպես հրապարակային խոսելու փոխարեն կարող էին առաջարկել հանդիպել ու քննարկել այդ առաջարկները։ Ոչ թե օդի մեջ ինչ-ինչ առաջարկներ անել, որոնց մասին մենք տեղյակ չենք»։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարության մեջ նշել էր նաև, որ ԱԺ չորս քաղաքական ուժերը դիսկոմֆորտ են ապրում նրանից, որ ԱԺ նախագահին ֆորմալ առումով օրենքի ուժով փոխարինում է «Միասնական հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Բաղունցը, ուստի մեդիանախապատրաստություն են իրականացնում նրան ցանկալի մեկով փոխարինելու համար։
Դավիթ Գալստյանն ասաց, որ դա իրենց երեևակայության արդյունքն է։
«Ինձ համար որևէ դիսկոմֆորտ չկա, իրենց երևակայությունն է դա»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։