կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 13:12
Հասարակություն

Համահայկական խորհուրդը կլինի խորհրդատվական կառույց. Հրանուշ Հակոբյան

Համահայկական խորհուրդը կլինի խորհրդատվական կառույց. Հրանուշ Հակոբյան

Տեղեկացրել ենք, որ 18-20-ը Երևանում կկայանա «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:

Նշենք, որ այս համաժողովն ունի մի շարք առանձնահատկություններ: Անցկացվելու են երկու կլոր սեղաններ: Առաջին կլոր սեղանին քննարկման կդրվեն աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ:

Հրավիրված ասուլիսի ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ Համահայկական խորհուրդը կլինի խորհրդատվական կառույց:

 Հարցին` արդյո՞ք խորհուրդն ունենալու է ազդեցություն Հայաստանում որոշումների կայացման վրա, նախարարն արձագանքեց. «Մենք չենք կարող այնպիսի մի մարմին ստեղծել, որը պարտադիր լինի Սփյուռքի, Արցախի և Հայաստանի Հանրապետության համար: Դա բացառվում է»:

«Արցախի խնդրում ասելիք ու անելիք ունեն ոչ միայն Հայաստանն  ու Արցախը, այլ նաև Սփյուռքը, օրինակ` Ցեղասպանության խնդրում պետության մոտեցումները կարող են տարբերվել Սփյուռքի մոտեցումներից»,- ասաց նախարարը, ապա ընդգծեց, որ այսպիսի քննարկումներն ու հավաքները կարող են օգտակար լինել երկուստեք:

Հակոբյանը շեշտեց` քանի որ աշխարհասփյուռ ենք դարձել ճակատագրի բերումով, ապա այս ներուժը, հնարավորությունները համախմբելու, կազմակերպելու միասնական ձևով ինչ-որ հարցադրումների անդրադառնալու կարիք կա:

Ինչ վերաբերում է Համահայկական խորհրդի ստեղծման մեխանիզմներին, ընդգրկվող անձանց կամ կառույցներին, Հակոբյանն ասաց, որ հարցը քննարկման փուլում է: Նա նշեց, որ մեխանիզմների քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին աշխատանքային խմբի շրջանակում:

«Աշխատանքային խումբը կգա որոշակի հետևության, կորոշի, որ նպատակահարմար է գտնում այս մեխանիզմները, այնուհետև կորոշի, թե համայնքներում ինչպես ենք կազմակերպում քննարկումները»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` այսօրվա դրությամբ մոտեցումն այն է, որ խորհուրդը պետք է ձևավորվի մայիսին, և առաջին նիստը պետք է տեղի ունենա հոբելյանական միջոցառումների շրջանակներում: