կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-12 12:19
Տնտեսական

Ձկնարդյունաբերությունը քայքայումից փրկելու համար առաջարկվում է ստեղծել կարգավորող նոր կառույց

Ձկնարդյունաբերությունը քայքայումից փրկելու համար առաջարկվում է ստեղծել կարգավորող նոր կառույց

Այսօր լրագրողների հետ զրուցում «Հայ ձկնարտադրողների ու ձկնարտահանողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը խոսել է ոլորտի խնդիրների մասին: Նա նշեց, որ տարածաշրջանում ձկնարդյունաբերության ցուցանիշներով միշտ առաջատար դիրքերում գտնվող Հայաստանն այսօր կանգնել է ոլորտի քայքայման հեռանկարի առջև, քանի որ կան մի քանի էական խոչընդոտներ, որոնք արգելակում են ոլորտի զարգացմանը: Այդ խոչընդոտներից են` ձկան թանկ կերը, որը բարձրացնում է ձկան ինքնարժեքը, ինչպես նաև շուկայական օրենքների իսպառ բացակայությունը: Օրինակ` թառափը ստիպված վաճառվում է իր ինքնարժեքից 300-400 դրամ էժան գնով, և այդ լիկվիդացիոն գները կարող են ոլորտը քայքայման հասցնել:

Ոլորտի զարգացման պատասխանատվությունը կրող կառույցը` գյուղատնտեսության նախարարությունը, ըստ Արթուր Աթոյանի, ցուցաբերում է լիակատար անտարբերություն: Բանախոսը զարմանում է, թե ինչպե՞ս կարող է պատասխանատու մարմինը սեփական երկրի խնդիրների նկատմամբ անտարբեր լինել:

«Ցավում եմ, որ այդ խնդիրներին լուծումներ չեն տրվում: Դեռ մեկ ամիս առաջ էի իշխանություններին ուղարկել գրություն, որում շարադրել էի ձկնարդյունաբերության ոլորտի զարգացումն արգելակող խնդիրների մասին, որոնց արդյունքում աշխատատեղեր են կրճատվում, ձկնարտադրությամբ զբաղվող տնտեսություններ են փակվում, քանի որ չեն կարողանում վարկային պարտավորությունները կատարել»,- ասաց Արթուր Աթոյանը:

Նա առաջարկում է ստեղծել կարգավորող նոր կառույց, որը կզբաղվի ոլորտի խնդիրներով և կփրկի այն քայքայումից: Արթուր Աթոյանը հավելեց, որ այդ կառույցը ոչ թե նոր հաստիքներ է ենթադրելու, այլ հավաքելու է մի տեղ ձկնարդյունաբերության ոլորտի զարգացման պատասխանատուներին, կարևոր խորհրդատվություն տրամադրող գիտնականներին: Կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, ըստ Արթուր Աթոյանի, բխում է այն հանգամանքից, որ նախարարությունների միջև շատ հակասություններ կան, և որևէ խնդրի լուծման ժամանակ նախարարությունները միշտ մեկը մյուսի վրա են գցում խնդրի լուծումը:

Արթուր Աթոյանը նշեց, որ չկարգավորված բազմաթիվ խնդիրների պատճառով նախանցած շաբաթ Սոչի թառափ արտահանող մի ընկերություն էր կրել լուրջ վնսաներ, երբ օրենքների չիմացության պատճառով ռուսական մաքսակետում 200 կիլոգրամ ձուկը երեք օր մնացել էր, փչացել ու ոչնչացվել: Արթուր Աթոյանը ընդգծեց, որ այդ դեպքը ոչ մի կապ չունի ռուսական մաքսակետում նորվեգական սաղմոնի ոչնչացման պատմության հետ:

Ինչ վերաբերում է նորվեգական սաղմոնի արտահանման արգելքին, նա կարծիք հայտնեց, որ նորվեգական սաղմոնը կարող է անարգել արտահանվել Ռուսաստան, եթե այն Հայաստանում ենթարկվի վերամշակման, հակառակ դեպքում` չի կարող արտահանվել: Աթոյանը հավելեց նաև որ նորվեգական սաղմոնը էժան գնի պատճառով նաև արգելակում էր տեղական ձկնամթերքի իրացումը: