կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-05 16:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրենց ընդդիմադիր կոչող որոշ քաղաքական ուժեր ընտրություններից հետո դաշինք են կազմում իշխանության հետ․ Ի․ Սաղաթելյան

Մեծապես կարևորում եմ այն քաղաքական ուժերի հայտարարությունները, ովքեր ի սկզբանե հայտարարել են, որ որևէ պարագայում ՔՊ կուսակցության հետ հետընտրական դաշինք չեն կազմելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ընտրատեղամասում ՏԻՄ ընտրություններին քվեարկելուց հետո։

ՀՅԴ թեկնածուները և դաշինքները նախապես հայտարարություն էին տարածել, որով բացառում էին հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ, նաև կոչ էին անում բոլոր ուժերին միանալ այս հայտարարությանը:

«Սա շատ կարևոր է, որպեսզի մեր հանրությունը վերջապես իմանա՝ ում է իր քվեն տալիս»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա պարզաբանեց, որ կյանքը ցույց է տվել, որ իրենց ընդդիմադիր համարող որոշ քաղաքական ուժեր նախընտրական շրջանում հանդես են գալիս որպես ընդդիմադիր, բայց ընտրություններից հետո դաշինք են կազմում գործող իշխանության հետ։

Իշխանությունները նաև ընտրություններին մասնակցում են մի քանի կցորդ կուսակցություններով։

«Արտախորհրդարանական որոշ ուժեր կան, որոնք, ըստ էության, ՔՊ-ի կցորդն են, սա մեզ հայտնի է, և այն շրջանակների համար, ում հայտնի չէ, կարծում եմ այս ընտրությունից հետո ավելի հստակ կլինի։ Սա  է իրավիճակը։ Ակնհայտ է, որ մի շարք տեղերում արդեն կան ահազանգեր տարբեր պատրվակներով, կեղծ ահազանգերի հիման վրա տարբեր մարդկանց, շտաբի անդամների բերման ենթարկելու։ Վարչական լծակների մասին էլ չասեմ․ ժողովրդավարության, մարդկանց ընտրության իրավունքը հարգելու կոչով իշխանության եկած խմբակը, տեսնում ենք, թե հանուն իշխանության ինչի է պատրաստ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում․