կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 16:45
Քաղաքական

Մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու կրկնել թեւավոր դարձած խոսքերը. Հրաչյա Ռոստոմյան

Մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու կրկնել թեւավոր դարձած խոսքերը. Հրաչյա Ռոստոմյան

Մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու կրկնել թեւավոր դարձած խոսքերը՝ իր սխալ եւ Ծառուկյանի ճիշտ լինելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը:

Մա, մասնավորապես, նշել է. «Նույնիսկ պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ հեղափոխությունից հետո պետական պարտքն աճել է՝ ընդհուպ մոտենալով կառավարելիությունը կորցնելու ռիսկի մակարդակին, ներդրումների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Քաղաքական եւ սոցիալական ցնցումների կիզակետում հայտնված Հայաստանը դարձել է ձախողումների, հակառեկորդների խոհրդանիշ: Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ քաղաքական ռեպրեսիաները դառնում են այս իշխանության ձեռագիրը, ապա Հայաստանի իզգոյացման վտանգը միանգամայն իրական է դառնում:

Մակրոտնտեսական այսօրվա ցուցանիշների պարագայում միանգամայն անտեղի է խոսել տնտեսական հեղափոխության թեզի մասին, եթե նույնիսկ չլինեին կորոնավիրուսն ու նրա հարուցած տնտեսական, սոցիալական հետեւանքները:

ԲՀԿ-ն եւ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ անցած տարի քանիցս նախազգուշացրել են, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար գեղեցիկ ելույթներն ու ցանկությունը քիչ են, անհրաժեշտ են պրոֆեսիոնալների թիմ, որակյալ կառավարում, ներդրումային արդյունավետ քաղաքականություն: Առանց այս բաղադրիչների՝ տնտեսական հեղափոխությունը միֆ է, հեղափոխական կարգախոս, բայց՝ ոչ հստակ քաղաքականություն, որը միտված է քաղաքացու բարեկեցության ապահովմանը:

Ցավոք, մեր հորդորները տեղ չեն հասել, փոխարենն՝ իրականություն են դարձել մռայլ կանխատեսումները:

Կորոնավիրուսը բացահայտեց կառավարության տնտեսական քաղաքականության սնանկությունը, առողջապահական եւ տնտեսական համակարգերի կոլապսը 2020թ-ի հունիսի 5-ի իր ելույթում բացահայտեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ կանխատեսելով առաջիկա ամիսներին անգամ սովի վտանգ:

Այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է տասնյակ հազարավոր աշխատատեղերի փակման մասին, առողջապահության նախարարն, ըստ էության, գուժում է համակարգի կոլապսի մասին: Այսինքն, ըստ էության՝ իշխանությունը կրկնում է Ծառուկյանի կանխատեսումները, սակայն աննախադեպ ռեպրեսիվ քաղաքական հետապնդում է սկսվել ԲՀԿ առաջնորդի ու կուսակցության դեմ:

Իսկապես անհասկանալի վիճակ է, երբ կառավարությունն՝ իրավիճակը փրկելու փոխարեն, զբաղված է ընդդիմության դեմ «պատերազմով»:

Միջազգային հեղինակավոր փորձագետները կանխատեսում են, որ այս տարի Հայաստանի բյուջեն կարող է կրճատվել 15%-ով, այսինքն՝ կառավարության ապաշնորհության հետեւանքով, իրականություն է դառնում Ծառուկյանի մյուս կանխատեսումը, որ երկիրը տնտեսական աղետի շեմին է:

Ասողին՝ լսող է պետք, հակառակ պարագայում արդեն մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու կրկնել թեւավոր դարձած խոսքերը՝ իր սխալ եւ Ծառուկյանի ճիշտ լինելու մասին: