կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 13:11
Իրավական

Ապօրինի գործընթացին մասնակցող յուրաքանչյուր պատգամավոր պետք է մեկ անգամ եւս մտածի իր ապագայի մասին. Մելոյան

Ապօրինի գործընթացին մասնակցող յուրաքանչյուր պատգամավոր պետք է մեկ անգամ եւս մտածի իր ապագայի մասին. Մելոյան

Այսօր՝ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է, եւ, ինչպես հասկանում ենք, հակասահմանադրական ճանապարհով էլ իշխող ուժը պատրաստվում է կյանքի կոչել՝ հայտնվելով Քրեական օրենսգրքի տիրույթում (300-րդ հոդված՝ իշխանության յուրացում, 300.1-րդ հոդված՝ սահմանադրական կարգի տապալում): Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավաբան Գոհար Մելոյանը:

Նա գրել է. «Անհասկանալի է այս անբնական շտապողականությունն այն ուժի կողմից, որը պատասխանատու է նոր կորոնավիրուս վարակի դեմ պայքարի ձախողման եւ արդյունքում՝ շուրջ 400 մահվան դեպքերի համար։

Սցենարն արդեն ծանոթ է։

Գիտակցելով, որ Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքում հանդես է եկել կոշտ քննադատությամբ առ այն, որ ներկայացված նախագիծը չի համապատասխանում իրենց խորհրդատվություններին, իշխող ուժը որոշեց մինչ դրա հրապարակումն ընդունել վերոնշյալ նախագիծը՝ խախտելով Սահմանադրության, «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքների կարգավորումներն ու պահանջները։

Ի տարբերություն նախորդ նմանաբնույթ իրավիճակների, երբ շրջափակվեցին օրենսդիր մարմինը, դատարանները եւ այլն, եւ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշների որակումներից իշխող ուժի ներկայացուցիչները հնարավորինս խուսափում էին՝ պատասխանատվությունը բարդելով ժողովրդի վրա, այս դեպքում նրանք այդ հնարավորությունը չեն ունենալու։

Այս ապօրինի գործընթացին մասնակցող յուրաքանչյուր պատգամավոր իր քվեարկությունից առաջ պետք է մեկ անգամ եւս մտածի իր ապագայի մասին, քանի որ մասնակից է լինելու Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության վերացման գործընթացում։

Հ. գ. Ձեզ մոլորեցրել են՝ ասելով, որ հետագայում օգտվելու եք մանդատի անձեռնմխելիությունից»։