|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Րաֆֆի Հովհաննիսյանի`արտախորհրդարանական քաղաքական ուժ ստեղծելու մասին հայտարարություններին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լավ է վերաբերվում: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նման ուժի ստեղծումն իրենք միայն կողջունեն և պատրաստ են համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
«Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը, և մենք պետք է համագործակցենք ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Եթե այդ ուժը միտված է ծառայել մեր պետականության կայացմանն ու զարգացմանը, մենք միայն դրանից կուրախանանք: Բայց սպասենք գործընթացների զարգացմանը»,- ասաց նա:
Բաղդասարյանի խոսքով՝ իշխանությունն ավելի զգոն է, երբ իր թիկունքում զգում է ընդդիմության շնչառությունը:
Անդրադառնալով ավագանու մանդատները վերցնելու մասին «Երկիր ծիրանի» կուսակցության որոշմանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դա նրանց ներկուսակցական խնդիրն է, և ցանկալի չէ, որ մենք միջամտենք: Բայց Զարուհի Փոստանջյանը ԱԺ ընտրությունների ժամանակ քննադատում էր «Ելք» դաշինքին, որ նրանք վերցրել են մանդատները, հիմա նույն պրոցեսի մեջ իրենք են հայտնվում՝ ավագանու հետ կապված»,- ասաց նա:
Հարցին՝ մտավախությո՞ւն չկա, որ Զարուհի Փոստանջյանը իր խոստացածի նման դժոխք կդարձնի ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Տարոն Մարգարյանի կյանքը քաղաքապետարանում, Բաղդասարյանը պատասխանեց. «Տհաճ է, եթե մարդկանց նպատակն այն չէ, որ գնան, աշխատանքը կարգավորեն և ավելացնեն օգտակար գործողության գործակիցը, այլ գնում են դժոխքի նպատակով: Ամեն մի` դժոխքի նպատակով մտածողը պետք է մտածի նաև իր դրախտի մասին»,- ասաց նա: