կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 12:19
Քաղաքական

Հիմա առողջապահական օլիգարխների համակարգ է գործում. Նիկոլ Փաշինյան

Հիմա առողջապահական օլիգարխների համակարգ է գործում. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում քննարկվում է պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը: «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթում դժգոհություն հայտնեց, որ նման հանրային կարևոր օբյեկտների սեփականաշնորհումը տեղի է ունենում առանց հանրային, խորհրդարանական պատշաճ լսումների, հատկապես` երբ ցանկում առողջապահական շուրջ 10 կարևոր օբյեկտներ են:

Փաշինյանը համաձայնեց, որ իսկապես մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավ վիճակում են, այնտեղի զուգարաններից գարշահոտ չի փչում, բայց այնտեղ էլ նրանք, ովքեր «փռշտալուց ավելի բողոք ունեն, առնվազն 150 հազար դրամից ավելի պետք է ծախսեն»:

«Մեր պետությունն անապահովության չափանիշներ ունեցող մարդկանց տալիս է պետպատվերի հնարավորություն, ու թեև տասնյակհազարավոր մարդիկ պաշտոնապես աղքատ են, բայց պետպատվերի սանդղակի մի միավոր եթե պակաս է, չեն ստանում, իսկ այսպիսի ընտանիքների թիվը 70-80 հազարի է հասնում»,- ասաց պատգամավոր` հավելելով, որ նույնիսկ եթե պետպատվեր հասնում է, գնում են դիմելու, ասում են` սահմանված չափը վերջացել է: «Այսինքն` հիվա'նդ, պետք է սպասես, որ մինչև հաջորդ տարվա բյուջեով քեզ գումար հատկացնենք»,- շարունակեց նա:

Հաջորդ խնդիրը, ըստ Փաշինյանի, սրտի անվճար ստենտավորման ծրագիրն է, երբ բազմաթիվ դեպքեր են լինում, որ պայման են դնում, որ շտապօգնությամբ հասնես հիվանդանոց, և սրտամկանը մահանալու պրոցեսում լինի: «Եթե իր «Ժիգուլի»-ով գա, քանի որ շտապօգնության մատոռը խփել ա, կասեն` ճիշտ է, քեզ հասնում է, դու ստանալու ես, բայց դեռ չես ստացել, գնա տուն` նորմալ, աբշիռնի ինֆարկտը խփի: Եթե բախտդ բերի` չմահանաս, շտապօգնությամբ այդ ժամանակ արի»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե հիվանադությունների կանխարգելման համակարգ չկա: Ըստ նրա` «պրիմիտիվ անալիզների համար թվեր են ուզում», իսկ ամբողջ առողջապահական պետպատվերը կենտրոնացրել են մի քանի մասնավոր կենտրոններում: «Հիմա առողջապահական օլիգարխների համակարգ է գործում»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ այդ հիվանդանոցները քշում-տանում են բոլոր լավագույն կադրերին, և մարզերում ու Երևանում կարող է սոնոգրաֆիայի սարք լինել, բայց այնպիսի բժիշկ աշխատի, որ «կոտրվածքը չտարբերի ու բռնի` մասաժ անի»:

«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, թե այս մասնավորեցմամբ հաշվի չեն առել, թե որոնք կլինեն քաղաքական հետևանքները: «Մենք կենտրոնացնում ենք օազիսներ` ոսկեջրած պատերով, և դրա շուրջը առողջապահական ավերակներ են, իսկ ՀՀ-ում այս իրավիճակն է: Հետևաբար` դեմ ենք քննարկումների այսպիսի ոճաբանությանը, առայժմ դեմ ենք քվեարկելու»,- ասաց նա: