Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է Հյուսիսատլանտյան խորհրդի նստաշրջան` ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մակարդակով, որը նվիրված է եղել կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի պարագայում գործողությունների պլանի մշակմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համաձայնեցրել են միջոցառումների փաթեթ, որը ներառում է «բժշկական սարքավորումների հավաքում և բժշկական նշանակության ծայրահեղ կարևոր իրերի ձեռք բերման հիմնադրամի ստեղծում»:
«Բայց, ընդհանուր առմամբ, ապագայի թեման է գերիշխել բոլոր այլ հարցերի խնդիրների վրա: Դա այնպիսի մակարդակի հիմնախնդիր է, որից ուղղակիորեն կախված է «Ռուսաստանին զսպելու»` նստաշրջանում հաստատված միջոցառումների գործնական իրականացումը: Խոսքը Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ամրապնդման մասին է, սովորական նորագույն սպառազինությունների ձեռք բերման»,- ըստ yerkir.am-ի` հայտնում է Regnum-ը:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնն ուղիղ չի պատասխանել հարցին, թեԱՄՆ-ը նոր ՀՀՊ համակարգեր տեղակայելո՞ւ է Եվրոպայում, նա ընդամենը նշել է, որ եթե դա արվի, ապա միայն այն երկրների համաձայնությամբ, որտեղ ենթադրվում է այդ համակարգերը տեղակայել:
Ներկայիս ամենասուր հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գերմանիայից մասնակիորեն ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումն է: Բրիտանական The Times-ը համարում է, որ ներկայումս խոսել «ՆԱՏՕ-ի երկրների ամուր դաշինքի մասին» անհնար է: Անշուշտ, մի շարք գերմանացի և ՆԱՏՕ-ական փորձագետներ փորձում են այդ ամենը հանգեցնել սուբյեկտիվ գործոնին, թե` Թրամփի գործողությունները պայմանավորված են «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից վիրավորված լինելով` «Հյուսիսային հոսք-2» գազատարի կապակցությամբ, որն իբր վնաս է հասցնում եվրոպական էներգետիկ անվտանգությանը և Ռուսաստանին հնարավորություն տալիս քաղաքական նպատակներով օգտագործելու մատակարարումները»: Ըստ Regnum-ի` իրականում ամեն ինչ ավելի խորքային է. Վաշինգտոնը, ըստ Deutsche Welle-ի, տեսնում է, որ չի կարողանում Բեռլինին Ռուսաստանի կողմից սպառնալիքի գոյության պատրվակով մտցնել դաշնային քաղաքականության կայուն պարադիգմի մեջ, իսկ շրջադարձը դեպի նոր եվրոպական ռազմավարություն, հաշվի առնելով Չինաստանի նկատմամբ գերակշռության պայքարը և նրա հնարավոր ալյանսը Ռուսաստանի հետ, դեռևս նոր սկսվում է:
Ըստ Եվրոպայում ամերիկյան զորակազմի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսի` «Թրամփի քաղաքականությունը, նախ, խախտում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի համաձայնեցված թիվը, երկրորդ` հանգեցնում է Գերմանիայի և եվրոպական այլ դաշնակիցների հետ կոորդինացման զգալի կորստի»:
«Հասկանալի է, որ այդ ֆոնին տարբեր ուղղություններով համաձայնեցված քաղաքականություն վարելը դաշինքի համար հեշտ չէ»,- նշում է Regnum-ը և հավելում, որ լուրջ ճգնաժամ է ՆԱՏՕ-ի հարավային թևում. նստաշրջանի նախօրեին կտրուկ սրվեցին ֆրանս-թուրքական հարաբերությունները:
Արևելյան Միջերկրականում` Կրետե կղզու մոտակայքում, թուրքական ռազմանավերը, որոնք ուղեկցում էին բեռնատար նավ, իրենց ագրեսիվ պահեցին ֆրանսիական ռազմանավի նկատմամբ, որը ՆԱՏՕ-ի առաքելության կազմում հետևում էր ՄԱԿ-ի էմբարգոյին, որ Լիբիա զենք չմատակարարվի: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Անկարան, անտեսելով զենքի էմբարգոյի մասին միջազգային համաձայնագրերը, շարունակում է զենք մատակարարել Ֆաիզ Սարաջի Ազգային միասնականության կառավարությանը, ինչը, նրա խոսքով, «ոչ միայն սրում է հակամարտությունը, այլ նաև խնդիրներ է ստեղծում ՆԱՏՕ-ի համար»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է Եգիպտոսի առաջարկած Կահիրեյան հռչակագրից, որը նախատեսում էր հունիսի 8-ից դադարեցնել կրակը Լիբիայում, վերակազմավորել նախագահական խորհուրդը և իշխանության մարմինների ընտրություններ անցկացնել, թեև Արաբական պետությունների լիգան, ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և այլ երկրներ իրենց աջակցությունը հայտնեցին դրան: Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները դիմեցին Էրդողանին առանձին խնդրանքով` դիտարկել եգիպտական առաջարկներն ու հավանություն տալ դրանց: Նա պատասխանեց մերժմամբ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների` նախագահը նախ հայտարարեց, որ կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջը միայն սարաջի զորքերի կողմից Սիրտի և Ջուֆրայի գրավումից հետո, քանի որ Մոսկվան իբր ծրագրում է այնտեղ ռազմաբազաներ ստեղծել, հետո սկսեց հղում անել ինչ-որ «պլանի», որը հեռախոսով համաձայնեցրել է Թրամփի հետ:
«Արևելյան Միջերկրականում, բացի Թուրքիայից, ներգրավված են նաև ՆԱՏՕ-ի այլ անդամներ, կողմնակիորեն` ԱՄՆ-ը, համարյա ուղղակիորեն` Ֆրանսիան, Հունաստանը և Իտալիան: Բացի դրանից, կա նաև Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Կիպրոսի և Հունաստանի մասնակցությամբ հակաթուրքական դաշինքի գործոնը: Տեսականորեն հնարավոր կլիներ խաղարկել լիբիական խաղաքարտը ՆԱՏՕ-ի ձևաչափում, հասնել որոշումների կայացման, որոնք կչեզոքացնեին կամ նվազագույնի կհասցնեին Ռուսաստանի, Եգիպտոսի և արաբական որոշ երկրների դերը: Գործնականում այդ սցենարի իրագործումն անհնար են դարձնում տարածաշրջանում առկա տարբեր նպատակային ուղղությունները: Այդ պատճառով Փարիզի` ՆԱՏՕ-ի երկրներին ուղղված կոչերը` համաձայնեցված գործել լիբիական ուղղությամբ, ընկալվում են որպես «դատարկ հռչակագիր», այնպես, ինչպեսև նրան չի հաջողվում գլխավորել Լիբիայում և Արևելյան Միջերկրականում Թուրքիային զսպելու եվրոպական ջանքերը: Եվ ոչ միայն դա: Ֆրանսիային չի հաջողվում Անկարային վարկաբեկել նույնիսկ դաշինքի ներսում, երբ, ըստ Reuters-ի, արդեն որերորդ անգամ կոչ է անում ուշադրություն դարձնել թուրքերի անընդունելի վարքագծին նաև այլ հարցերում, այդ թվում` ռուսաստանյան Ս-400-ների գնման և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանի արգելափակման: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նույնիսկ հայտարարել է, որ «դաշինքին հարկավոր է վերանայել իր վերաբերմունքը Թուրքիայի` որպես ՆԱՏՕ-ի անդամի նկատմամբ»` ակնարկելով այդ երկրին դաշինքից հեռացնելու մասին: Սակայն Թուրքիային դաշինքից ընթացակարգերով հեռացնել անհնար է, Թուրքիան ինքը պետք է հեռանա»,- գրում է Regnum-ը:
Ըստ գործակալության` ՆԱՏՕ-ի նախարարների նստաշրջանը ցույց տվեց, որ դաշինքը խոր համակարգային ճգնաժամում է, և պնդումից, թե հիմնական ռազմական սպառնալիքը Ռուսաստանն է, նաֆթալինի հոտ է գալիս:
«Բոլորի համար ակնհայտ է, որ ուժերի համաշխարհային հավասարակշությունը թեքվում է դեպի Արևելք` Չինաստանի կողմը: Եվրոպան հայտնվում է աշխարհաքաղաքական խոր թիկունքում: Այդ կապակցությամբ ամերիկյան Foreign Policy գրել է, որ արևմտյան ամենաառաջադեմ փորձագետները ենթադրում են, որ Արևմուտքի գլոբալ շահերի տեսանկյունից ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Արևելք սխալ որոշում էր` փաթաթված Արևելյան Եվրոպայի երկրներին ռուսական սպառնալիքի պատրվակով: Այսօր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է որոշել կիրառել այդ տեխնոլոգիան` պահանջելով, որ դաշինքի գործընկերները համերաշխ լինեն իր հետ և ուղղակի աջակցություն ցուցաբերեն իր նեոօսմանական տարածաշրջանային նկրտումներին»,- նշում է Regnum-ը և հավելում, որ Արևմուտքը հեշտությամբ ընդունեց Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության «փափուկ իսլամի» դոկտրինը` ենթադրելով, որ դա չի հակասի Թուրքիայում և տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին, սակայն իրադրությունը փոխվեց, երբ Անկարան հասկացավ, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերները, օրինակ` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, բացեիբաց աջակցում են քրդերին:
«Եվ այդ ամենի հետ միաժամանակ Չինաստանը գրագետ կերպով իր հարաբերություններն էր կառուցում ԱՄՆ-ի հետ: Այնպես որ` ՆԱՏՕ-ն ներքին խնդիրները մարսել ընդունակ չէ, գոյություն ունեցող հակասությունները նմանօրինակը չեն ունեցել դաշինքի պատմության մեջ: Ըստ ամերիկացի փորձագետներից մեկի` «ԱՄՆ-ը ժամանակի ու տարածության մեջ կձգձգի ՆԱՏՕ-ական դրամայի ինտրիգային թատերական մասը, քանի դեռ դաշինքի ներսում ինչ-որ մեկը չի վերցնի պայթեցնողի դերը»: Ով կլինի այն` Մակրո՞նը, թե՞ Էրդողանը: Կամ գուցե Թրա՞մփը»,- եզրափակում է Regnum-ը: