Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրք ղեկավարները հաճախ են պարծենում, որ իրենց հաջողվել է սնանկ տնտեսություն և ներքաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկրից Թուրքիան վերածել մեծ ազդեցություն ունեցող հզոր տարածաշրջանային պետության:
Իրոք, Միացյալ Նահանգներից հետո Թուրքիան երկրորդ` ամենախոշոր բանակն ունի ՆԱՏՕ-ում, իսկ ՀՆԱ-ի ծավալով աշխարհում 15-րդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրն է: Թուրքիան` որպես ինքնակոչ հաշտարար և միջնորդ, հաճախ է միջամտում տարածաշրջանային և միջազգային թեժ կետերում տեղի ունեցող իրադարձություններին:
Գերակայության բարդույթով տառապող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն արժանացել է «Սուլթան» տիտղոսին, համակված է հանգուցյալ Օսմանյան կայսրության վերականգնման գաղափարով: Թուրքիայի ազդեցության ընդլայնման արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը` «զրո խնդիր հարևան երկրների հետ» հաճախ կրկնվող մանտրան, միշտ չէ, որ հաջողությամբ է իրագործվում:
Չնայած Թուրքիան կարողացել է իր հարաբերությունները բարելավել Սիրիայի և Իրանի հետ, սակայն Հայաստանի հետ հաշտեցման նրա երկերեսանի ջանքերը լրիվ ձախողվել են: Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման կեղծ տպավորություն ստեղծելու` նրա խճճված փորձերը որևէ մեկին չխաբեցին, առավել ևս սփյուռքահայերին, որոնք քաջածանոթ են թուրքական նման նենգ մարտավարությանը:
Ըստ երևույթին` Հայաստանի հետ Թուրքիայի հաշտեցման կեղծ վարմունքից խաբված միակ ղեկավարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր: Զավեշտալի է, որ Թուրքիայի` «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունն անսպասելի և հակառակ ազդեցություն ունեցավ` խնդիրներ հարուցելով Ադրբեջանի հետ, որոնք նախկինում գոյություն չունեին: Ադրբեջանի նախագահը սաստիկ զայրացավ, երբ իմացավ, որ Անկարան պատրաստվում էր ստորագրել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, որով նախատեսվում էր բացել երկու երկրների միջև սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
Թուրքիայի հավաստիացումները, թե արձանագրությունները պարզապես Հայաստանից զիջումներ կորզելու միջոց են, ոչ մի կերպ չհանգստացրին Ադրբեջանի նախագահին: Ալիևը պահանջեց անհապաղ դադարեցնել համաձայնագիրը, որովհետև նա չէր ցանկանում, որ Հայաստանի շրջափակումը վերացվեր, քանի դեռ Արցախը չէր վերադարձվել Ադրբեջանին:
Թեև արձանագրություններն ակնհայտորեն բխում էին Թուրքիայի ազգային շահերից, սակայն վարչապետ Էրդողանն ընկրկեց ադրբեջանական ճնշման տակ և հրաժարվեց դրանց վավերացումից: Ինչո՞ւ նա ենթարկվեց Բաքվի հրամաններին և ավարտին չհասցրեց մի պայմանագիր, որն ակներևաբար արտահայտում էր իր երկրի շահերը: Ահա որոշ հավանական բացատրություններ. նախ` Թուրքիան իր էներգամատակարարման մի մասը ստանում է Ադրբեջանից, երկրորդ` Թուրքիայում ապրող ադրբեջանցիները կտրականապես դեմ են արձանագրություններին, և երրորդ` Էրդողանը գերզգայուն է այն մեղադրանքների նկատմամբ, թե նա սիրաբանություն է անում թշնամի Հայաստանի հետ` դավաճանելով «եղբայրական» Ադրբեջանին:
Անշուշտ, իսկապես ուժեղ առաջնորդը պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր երկրի ազգային շահերն ու դիմակայի արտաքին ու ներքին ճնշումները: Չնայած միջազգային ուղևորությունների ժամանակ Էրդողանի ամպագոռգոռ ելույթներին` փաստը մնում է փաստ, որ նրա իշխանությունը կայուն և ապահով չէ: Թեեւ նա իր արտաքին գործընկերներին ներկայանում է որպես հզոր երկրի ղեկավար, սակայն բազմաթիվ ներքին թշնամիներ ունի, որոնք մշտապես դավեր են նյութում նրան վերացնելու համար:
Անցյալ շաբաթ նոր ապացույցներ ի հայտ եկան, որոնք բացահայտեցին վարչապետ Էրդողանի խոցելի իշխանությունն ու նախագահ Ալիևի կողմից նրա թուլությունը շահագործելու կարողությունը: Կարսի նախկին քաղաքապետը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահն էր հորդորել Էրդողանին քանդել Հայաստան-Թուրքիա բարեկամության կիսակառույց հուշարձանը, իսկ թուրք ղեկավարը հնազանդվել էր նրա հորդորին Կարս կատարած այցելության ընթացքում: Պատճառաբանելով, որ արձանն անճոռնի է և տգեղ, նա պահանջել էր քանդել այն:
Կարսի նախկին քաղաքապետը Մարմարայի համալսարանում ուսանողներին ասաց, որ հուշարձանը քանդելու առաջարկը ներկայացվել է Ալիևի բացահայտ պահանջով: Հետագայում Կարսի քաղաքային խորհուրդը քվեարկել էր վիթխարի հուշարձանի ապամոնտաժման օգտին: Կուրորեն հետևելով Ալիևի հրամաններին` Էրդողանը աշխարհով մեկ ստվեր է գցում իր հեղինակության վրա: Ոմանք Էրդողանի տհաճ արարքը համեմատեցին Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի սուրբ արձանների ավերման հետ: Սա մի արտառոց իրավիճակ է, երբ փոքր պետության ղեկավարը կարողանում է իր կամքը թելադրել ավելի հզոր հարևանին:
Երբ Ալիևը պահանջեց չվավերացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, «մեծ եղբայրը» պարտավորվեց և իրականացրեց Ալիև կրտսերի պահանջը: Այնուհետև շփացած «կրտսեր եղբայրը» պահանջեց քանդել թուրքական հուշարձանը: Այս հրամանը ևս անվերապահորեն գործադրվեց: Եթե Էրդողանը կարծում է, որ Ալիևին զիջումներ անելով, ինքը ապահովում է Թուրքիայի էներգամատակարարումը, ապա չարաչար սխալվում է: Զիջում անելը մի սայթաքուն զառիվայր է, որ ճանապարհ է հարթում առավել մեծ զիջումների համար: Իմանալով, որ իր ցանկություններն անառարկելիորեն իրագործվում են Թուրքիայի ղեկավարների կողմից, Ալիևն այժմ ավելի կուռճացնի իր պահանջները:
Ի՞նչ է լինելու նրա հաջորդ պահանջը Էրդողանից: Որքա՞ն հեռու է ուզում գնալ հզոր «Սուլթանն» իր ամբարտավան կրտսեր հարևանի պահանջները բավարարելու հարցում: Վերջիվերջո, ո՞վ է իշխում Անկարայում` Էրդողա՞նը, թե՞ Ալիևը: Սակայն հայերը պատճառ չունեն դժգոհելու, որ Ալիևը հրահանգներ է արձակում Էրդողանին: Թուրքիայից պահանջելով չվավերացնել արձանագրությունները` Ալիևն ակամա Հայաստանին փրկեց անխոհեմ պայմանագրից, իսկ Կարսի հուշարձանը քանդելու նրա հորդորանքը Էրդողանին ծաղրի առարկա դարձրեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհում:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր