Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Գևորգ Ղուկասյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու
Սիրիական զարգացումներից հետո տարբեր շրջանակների կողմից նորից նկատվեց այն հարցադրման բարձրացումը, թե հնարավո՞ր է արդյոք տապալվի նաև Իլհամ Ալիևի բռնապետական իշխանությունը։ Այս հարցն իհարկե կենսունակ լինելու իրավունք ունի, հաշվի առնելով, որ մարդկությանը հայտնի գրեթե բոլոր բռնապետերը անփառունակ վախճան են ունեցել՝ իշխանազրկվել, հեղինակազրկվել, հաճախ փողոցային հաշվեհարդարի զոհ դարձել, իսկ լավագույն դեպքում էլ ճողոպրել և քաղաքական ապաստան հայցել որևէ օտար երկրում։
Շաբաթներ առաջ Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության տապալումը, ինչպես ասվեց, նորից առաջ բերեց այս հարցադրումը․ «Իսկ ե՞րբ է գալու Ապշերոնյան բռնապետության տապալման պահը», վերաձևակերպելով այս հարցումը՝ ավելի բովանդակային քննարկում ապահովելու համար, կարելի է առաջ բերել հետևյալը «Ինչո՞վ է պայմանավորված լինելու Ալիևի իշխանության անխուսափելի տապալումը»։
Ալիևների ընտանեկան-կլանային իշխանությունը խոշոր հաշվով ղեկավարում է երկիրը շուրջ 65 տարի։ Այդ իշխանությունը սկսվեց այն ժամանակ, երբ Հեյդար Ալիևը, դառնալով խորհրդային Ադրբեջանի անվտանգության կոմիտեի ղեկավար, ապա ադրբեջանակլան կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, աստիճանաբար սկսեց իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը։
Ես, իհարկե, ադրբեջանագետ կամ Ադրբեջանի հարցերով փորձագետ չեմ, ուստի ստորև կներկայացնեմ զուտ քաղաքագիտական վերլուծություն՝ հիմնված տեսական քաղաքագիտության և որոշ չափով նաև միջազգային հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի վրա։
Նախ փորձենք հասկանալ, թե ինչով են պայմանավորված երկրորդ աշխարհամարտից որոշ ժամանակ անց սկզբում եվրոպական, ապա լատինա-ամերիկյան, աֆրիկյան, ավելի ուշ մերձավորարևելյան ու հետխորհրդային երկրներում դրսևորվող քաղաքական անկայունություններն ու իշխանափոխություները։
Քաղաքագետներն այս գործընթացի մեջ որոշակի տրամաբանություն սկսեցին գտնել դեռևս 20-րդ դարի 50-60 ական թթ․, ինչի արդյունքում քաղաքական գիտության մեջ առաջ եկավ «արդիականության տեսությունը»։
«Արդիականացում» հասկացությունն այս պարագայում ներառում է անցումը ավանդական տիպի պետությունից դեպի արդիական պետություն` ապահովելու համար քաղաքական համակարգի հաստատությունների ժողովրդավարական կառավարման որակական զարգացումը: Քաղաքական արդիականացման գլխավոր նախադրյալներն են իր խորհրդանիշներով ու արժեքներով ճկուն քաղաքական համակարգի և արդյունավետ վարչական մեքենայի ստեղծումն ու քաղաքական գործընթացի կանխատեսելի ընթացքը: Արդիականացումը ենթադրում է քաղաքական կառուցվածքի և մշակույթի փոփոխություններ, որոնք, որպես հասարակության համընդհանուր կերպափոխություն, ընդգրկում են աշխարհիկացման (սեկուլյարիզացիա), ինդուստրացման, սոցիալական շարժունակության, կենսամակարդակի աճի, գրագիտության, կրթության և մամուլի տարածման, ազգային համախմբվածության, բնակչության քաղաքական մասնակցայնության ընդլայնման երևույթները:
Համադրելով Լատինական Ամերիկայում, Հարավային Եվրոպայում և Աֆրիկայում քաղաքական գործընթացների արդյունքները՝ արդեն 1970–1980-ական թվականներին քաղաքական արդիականացման տեսաբանները եզրակացրին, որ արդիականացումը պայմանավորված է սոցիալ-մշակութային գործոններով (մարդաբանական տիպ, ազգային ինքնություն, համընդհանուր նորմերի ընդունման աստիճան, քաղաքական զարգացման նպատակ)։ Արդիականացումը կարող էր տեղի ունենալ միայն սոցիալական շերտերի արժեքային կողմնորոշումների փոփոխության և հասարակության քաղաքական մշակույթի շարունակական զարգացման պայմաններում։
Քաղաքական արդիականացման հիմքում քաղաքական կառավարման համընդհանուր (ունիվերսալ) մոդելի կիրառության հիմնավորման գաղափարն է։ Այս մոդելի հաստատման և արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է ավանդական (փակ) հասարակությունից անցում կատարել արդիական (բաց) հասարակության, որը գիտատեխնիկական առաջընթացի, սոցիալական շարժունակության, արժեքային և նորմատիվ համակարգերի էվոլյուցիայի, վերակառուցման կամ արմատական փոփոխության արդյունք է։ Արդիականացման տեսաբաններից Շ. Էյզենշտադտը նկատում է, որ արդիականացումը մարտահրավեր է, որին յուրաքանչյուր հասարակություն պատասխանում է երկարատև զարգացման արդյունքում իր հիմքում ձևավորված սկզբունքների, կառույցների և խորհրդանիշների համակարգերին համապատասխան:
Ո՞րն է արդիականության հիմնական մարտահրավերը, որը ստեղծում է քաղաքական ճգնաժամեր։ Արդիականի և ավանդականի բախման ժամանակ հասարակություններն ու պետությունները ունեն երկու հիմնական ընտրություն՝ ավանդականի ու արդիականի զուգամիտում կամ հակասություն։ Շահում են այն ժողովուրդները, ովքեր կարողանում են համատեղել ավանդականն ու արդիականը, հակառակ ճանապարհը տանում է քաղաքական անկայունությունների և պետությունների ձախողման։
Արդիականացման գործընթացն, ըստ էության, գրեթե անխուսափելի մի գործընթաց է, որի միջով անցել կամ անցնում եմ պետությունների մեծ մասը։ Այդ գործընթացն ուղեկցվում է ներքին անկայունություններով, իշխանափոխություններով, հասարակական կարծիքի բևեռացմամբ, հասարակության տարբեր շերտերի կողմից ազգային արժեքների պաշտպանությամբ ու դրանց մերժմամբ։ Ինչպես նշվեց, այս գործընթացը հաջողությամբ հաղթահարում են այն երկրներն ու ժողովուրդները, որոնք սեփական արդիականացման հիմքում դնում են ավանդույթի ու արդիականի համատեղումը, ինչը գիտության մեջ կոչվում է «արդիականացում պատմականության հենքով»։
Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքի արևելաեվրոպական մասի գրեթե բոլոր պետություններն անցել են այս գործընթացով։ Արդիականացման գործընթացը վաղուց դարձել է քաղաքական զարգացման գործընթացի ուրույն մի հանգրվան։
Ադրբեջանը, կարծես թե դեռևս խուսափում է այս գործընթացից, որն այս երկրի համար ունենալու է շատ ավելի ծանր հետևանքներ, քան այս գործընթացով անցած բազմաթիվ այլ երկրների պարագայում, քանի որ Ադրբեջանը զուրկ է արդիականացման գործընթացի ճգնաժամը հաղթահարելու ամենաարդյունավետ մոդելի՝ պատմականության կիրառման հնարավորությունից, քանի որ երկիրն ինքնին պատմական հենք չունի։ Բացի այդ, ադրբեջանական հասարակությունում էթնիկ այլ խմբերի ու ազգային փոքրամասնությւոնների շարունակական ճնշումները, բազմէթնիկ միջավայրը, դավանաբանական տարբեր խմբերի առկայությունը, վերջիններիս վրա հարևան պետությւոնների, հատկապես Իրանի ու Թուրքիայի ազդեցությունը, հասարակության սոցիալական բևեռվածությունը, հանրային բարիքների խիստ ընտրովի տեղաբաշխումն ու առհասարակ ընտանեկան-կլանային կառավարման համակարգը այն նախադրյալներն են, որոնք Ադրբեջանում դանդաղ, բայց հասունացնում են ապագա խորը ճգնաժամը։
Իր հերթին մեկ այլ լուրջ խնդիր է Ադրբեջանում քաղաքական համակարգի, որպես այդպիսին, տոտալ բացակայությունը, ինչի պայմաններում իշխանության բնականոն փոփոխություն տեղի ունենալ ուղղակի չի կարող։
Վերը շարադրվածի պայմաններում, հարց է առաջանում թե որտե՞ղ է Ալիևի իշխանության կենսունակությունը։
Ադրբեջանում քաղաքական գործընթացի բնականոն ընթացքը, որը պետք է հանգեցնի արդիականացման գործընթացի մեկնարկի, իշխանափոխության ու անորոշության, խախտվում է բացառապես Ալիևի ռեժիմի պահպանման շուրջ առկա միջազգային բազմաշերտ կոնսենսուսի պայմաններում։ Այսինքն այդ իշխանության հենքը ոչ թե երկրի ներսում է, այլ դրսում։ Ալիևի բռնապետությունը նույնիսկ ի զորու չի լինի կանխելու ադրբեջանական հասարակության ցասումը, եթե չլինի արտաքին կոնսենսուսը։ Ալիևի բռնապետական վարչախմբից շատ ավելի ուժեղ վարչախմբեր են տապալվել հենց արդիականացման գործընթացի համատեքստում։
Սեփական իշխանության կենսունակության պայմանավորումը միջազգային առանցքային դերակատարների միջև առկա կոնսենսուսով, Ալիևի համար արդեն իսկ լուրջ խնդիր է։ Նախ այն պատճառով, որ միջազգային հարաբերությունների ներկա հոլովույթում գրեթե ոչինչ հստակ ու երաշխավորված չէ, մյուս կողմից միջազգային ներկա անորոշություններից հետո ձևավորվելու է աշխարհի քաղաքական քարտեզի ազդեցության գոտիների նոր վերաբաժանում, որի արդյունքում Ալիևի տասնամյակների իշխանության պահպանման որևէ գործուն երաշխիք լինել չի կարող։
Անշուշտ Արցախի բռնազավթումը, Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիան ու ուժի և դրա կիրառման սպառնալիքը ադրբեջանական հասարակության ազգայնական շրջանակներում որոշակիորեն ամրապնդել են բռնապետության դիրքերը, սակայն դրանք այն շրջանակներն են, որոնք Արցախի բռնազավթումից առաջ էլ Ալիևի կողքին էին և ադրբեջանական հասարակության խոշորագույն շերտերից չեն։ Ադրբեջանի տնտեսական ընդհանուր կացությունը, երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսների կլանային տիրապետումը, ընդդիմադիրների հանդեպ բռնաճնշումները, քաղաքական համակարգի ամայացումը, այլախոհության ու մամուլի զանգվածային ճնշումները իսկապես հասունացող վտանգ են, որի կառավարումն առանց արտաքին օժանդակության անհնար է։
Կարելի՞ է արդյոք իշխանության ամրության և երաշխավորվածության տեսանկյունից Ադրբեջանին համեմատել Թուրքիայի ու Ռուսաստանի, իսկ Իլհամ Ալիևին՝ համապատասխանաբար Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կարծում ենք այս համեմատությունն ինքնին մեթոդաբանական սխալ է։ Նախ Թուրքիայի մասով․ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրություններից ավելի թերևս տարբերություններ ունեն սկսած պետության ինստիտուցիոնալ կայացվածությունից մինչև քաղաքական մթնոլորտ ու կուսակցական համակարգ։ Մի օրինակ թերևս․ Թուրքիայում, չնայած առկա քաղաքական ճնշումներին, որպես կանոն երկրի խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Իզմիրը և այլն ընդգծված ընդդիմադիր ընտրազանգված ունեն, այս քաղաքների ղեկավարները հիմնականում ընդդիմադիր գործիչներ են, մի բան, որ բացառված է Ադրբեջանի պարագայում։ Թուրքական ընտրություններն էլ, իրենց ողջ «հմայքով» հանդերձ, չեն կարող համեմատվել ադրբեջանական այսպես կոչված ընտրությունների հետ։ Ակնհայտ է, որ քաղաքական վերնախավի տրանսֆորմացիան հաղթահարելու թուրքական հնարավորությունները բավական մեծ են։ Նույն իրավիճակը թերևս Ռուսաստանում է։ Ռուսական պետության ինստիտուցիոնալ կարողականությունը, միջազգային հարաբերություններում Ռուսաստանի դերն ու նշանակությունը, աշխարհակարգի համար այդ պետության կարևորությունը, ըստ ամենայնի, կարող է հնարավորություն տալ Վլադիմիր Պուտինին ապահովելու իշխանության անցնցում փոխանցում։
Արտաքին օժանդակությունն ու Հայաստանի հանդեպ շարունակական ագրեսիան, Հայաստանի իբրև թշնամու դեմ պայքարը այն հանգամանքներն են, որոնք առաջնային հիմք են հանդիսանում Ալիևի իշխանության պահպանման համար, և հենց դա է պատճառներից մեկը, որ հարևան երկրի բռնապետը, նույնիսկ Հայաստանի իշխանությունների զիջողական քաղաքականության արդյունքում, հրաժարվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումից՝ շարունակ նորանոր և անիրագործելի պահանջներ առաջադրելով։ Խաղաղության պայմաններում Ալիևի՝ հաղթող նախագահի կերպարը, կարող է այլևս «պահանջված» չլինել։ Ուստի Ապշերոնյան բռնապետին Հայաստանը պետք է իբրև թշնամի, սեփական իշխանության պահպանման համար։ Վստահ՝ Ալիևը տեղյակ է, որ 1945թ․ հուլիսին, բրիտանական հասարակությունը մերժեց անգամ պատմության ամենալեգենդար գործիչներից մեկին՝ Ուինսթոն Չերչիլին, ով անուրանալի վաստակ ուներ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի և բրիտանական թագավորության պաշտպանության գործում, իսկ Չերչիլն ու Ալիևը, մեղմ ասած, համեմատության աղերս անգամ չունեն։
Ալիևը իշխանությունը ամրացնող երկու գործոններից նվազագույնը մեկը թուլացնելը Հայաստանը կարող է։ Ուժեղ Հայաստանը, հարկ եղած դեպքում ադրբեջանական ագրեսիային արժանի հարված հասցնելու ընդունակ Հայաստանը ադրբեջանական ներքին լսարանի համար կարող է կոտրել Ալիևի, հաղթող նախագահի կերպարը։ Մանավանդ, որ ադրբեջանական հասարակության քիչ թե շատ մտածող շերտերը լավատեղյակ են, թե միջազգային ինչ ներգրավման պայմաններում Ադրբեջանը կարողացավ հաղթել պատերազմը։ Հատկանշական է, որ վերջերս թուրքական ներգրավման պայմաններում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հաղթանակի մասին խոսում են թուրքական պետության բարձրագույն պաշտոնյաները, այդ թվում նախագահ Էրդողանը։ Մի բան, որին անմիջապես հաջորդեց ադրբեջանական ջղաձիգ հակազդեցությունը։
Ալիևի իշխանությունը պահող հիմնական գործոնը՝ միջազգային կոնսենսուսը նույնպես, ինչպես վերը նշեցինք խիստ ժամանակավոր և երկարաժամկետ կտրվածքում անկայուն երևույթ է, մանավանդ այն պարագայում, երբ Արևմտյան աշխարհի այնպիսի առանցքային դերակատարներ ինչպիսիք Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Եվրոպական խորհուրդը, Կանադան, Ֆրանսիան և այլն վերջին ամիսներին պարբերաբար բարձրաձայնում են Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակի և հակաժողովրդավարական վերը հիշատակված դրսևորումների մասին՝ կարծես թե պարարտ հող նախապատրաստելով ապագայի զարգացումների համար։
Ստեղծված իրավիճակում Հայաստանը, չթերագնահատելով և կառավարելով ներկա մարտահրավերները, միաժամանակ առանց չարդարացված զգուշավորության, պետք է պատրաստ լինի ապագա զարգացումներին։