կարևոր
724 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-25 14:45
Հասարակություն

Երբ ժողովուրդը տուժում է, իսկ նախարարությունը՝ տժժում. ՔՊ-ի հերթական ցինիզմը․ (բացառիկ կադրեր)

Երբ Հայաստանի հասարակությունն այսօր պայքարում է գնաճի, սոցիալական անարդարության և ծանր կենցաղային պայմանների դեմ, Էկոնոմիկայի նախարարությունը նախընտրում է նշել տարեմուտը մեծ շուքով՝ կազմակերպելով կորպորատիվ երեկույթ:

Երեկ, նախարարության կողմից կազմակերպված միջոցառման կադրերը ապշեցուցիչ էին՝ երգ, պար, և ուրախություն՝ ի տես այն հասարակության, որը չի կարողանում գլուխ հանել բարձրացված հարկերից, սակավաթիվ աշխատատեղերից ու գնաճի ճնշումներից։ Այս ամենն անընդունելի է հատկապես այն ֆոնին, երբ հարկատուների վճարներով են լցվում պետական բյուջեն, և հենց այդ միջոցներն էլ, փաստորեն, ծախսվում են նմանատիպ ցուցադրական տոնախմբությունների վրա։

Օրերս իշխանությունը հաստատեց հարկերի բարձրացման նոր փաթեթը, որի նպատակն իբր բյուջեի համալրումն ու երկրի տնտեսական զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումն է։ Սակայն հասարակության համար ակնհայտ է, որ այդ լրացուցիչ գումարները չեն ուղղվում հասարակական խնդիրների լուծմանը, այլ դառնում են միջոց նախարարությունների և պետական կառույցների համար շքեղ միջոցառումներ կազմակերպելու համար։

Էկոնոմիկայի նախարարության ղեկավարներն ու աշխատակիցները, խոսելով բյուջեի համալրման և տնտեսության զարգացման կարևորության մասին, փաստորեն մոռացել են իրենց իսկ հայտարարած «խնայողության» և «արդարության» սկզբունքները։ Այս միջոցառումը ոչ միայն վրդովում է, այլև հակասում է պետական կառավարման էթիկային։

Հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում իրենց թույլ տալ անգամ նվազագույն տոնական ընթրիք, մինչ պետական բարձրաստիճան պաշտոնյաները երգ ու պարով նշում են իրենց հաջողությունները։

Պետական կառույցների համար նմանօրինակ շքեղություններն ուղղակիորեն հակասում են հասարակական սպասելիքներին։ Եթե բյուջեի համալրումը չի ուղղվում քաղաքացիների բարեկեցությանը, ապա ինչո՞ւ է հարկատուների գումարն օգտագործվում պետական պաշտոնյաների «ուրախության» համար։

Արդյո՞ք այս միջոցառումը ևս մեկ օրինակ չէ, թե ինչպես է պետական բյուջեն վատնվում անհիմն նպատակներով։

Ալիսա Աղասյան