կարևոր
556 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-24 18:04
Հասարակություն

Ծնելիության թվերի այսչափ նվազումը կապված է երկրում տիրող անկայուն ու պատերազմից հետո առաջացած ծանր հոգեբանական վիճակների հետ. դիտարկում

Ծնելիության թվերի այսչափ նվազումը կապված է երկրում տիրող անկայուն ու պատերազմից հետո առաջացած ծանր հոգեբանական վիճակների հետ. դիտարկում

Հայաստանում բնակչությունը գնալով ծերանում է, իսկ ծնելիությանը վերաբերող թվերն, ըստ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի, մեղմ ասած, մտահոգիչ են: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ մեր երկրում 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,2%-ով։ Այս թվերի շարունակ անկումը, Պողոսյանի խոսքով՝ մի քանի պատճառ ունի: Yerkir.am-ի հետ զրույցում սոցիոլոգը մանրամասնեց՝ մի կողմից եվրոպական մի շարք երկրներից ներթափանցած նոր տենդենցն է, մյուս կողմից էլ շարունակվող արտագաղթն ու երկրի տատանվող վիճակը:

«Եվրոպայում մի տենդենց կա՝ կոչվում է «չայլդ ֆրի» (անգլ.` child free): Սա եվրոպական մի շարք երկրներում բավականին տարածված երևույթ է: Այս դեպքում մարդն ինքնակամ ու գիտակցված հրաժարում է երեխաներ ունենալու գաղափարից: Ուրբանիզացված ընտանիքիներում ընտանիքի մայրը ցանկանում է ավելի շատ աշխատել, շփվել, երեխայի հետ քիչ ժամանակ անցկացնել: Այս տենդենցը կարծես թե մտել է նաև մեր հասարակության մեջ: Քանի որ ՀՀ-ի բնակչության մոտ 70 տոկոսը քաղաքաբնակ է, հետևաբար՝ մեր մոտ ծնելության անկում կգնա»:

Սոցիոլոգն այս թվերի մասին խոսելիս մեծ մտահոգություն հայտնեց ու նկատեց՝ մի կողմից  նորաստեղծ ընտանիքներում չեն ցանկանում շատ երեխաներ ունենալ, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ երկրում օրեցօր սոցիալ-տնտեսական իրավիճակը սրվում է: Պողոսյանը շեշտեց՝ արտասահմանի ճամփան բռնողների ճնշող մեծամասնությունը երիտասարդներն են: Մայր հայրենիքում ընտանիք են կազմում, հետո հասկանում, որ սոցիալական վիճակը վատ է ու որոշում են արտագաղթել:

«Հաճախ այդ նորաստեղծ ընտանիքները մնում են այստեղ, իսկ տան տղամարդիկ գնում են արտասահման՝ աշխատելու: Այդ իսկ պատճառով, եթե ընտանիքները մնում են այստեղ, ապա կամ 1-2 երեխայից ավելի երեխա չեն ունենում, կամ էլ նրանք ևս տեղափոխվում են արտասահման: Այստեղից էլ խորանում է ծնելիության խնդիրն ու բնակչության բնական աճի թվերը նվազում են»,- ասաց սոցիոլոգն ու նկատեց, որ այս երևույթն իր հերթին առաջացնելու է դեպոպուլյացիա, որն, ի դեպ, ՀՀ-ում արդեն զգացվում է:

«Այս անկայուն իրավիճակով պայմանավորված էլ ընտանիքները չեն ցանկանում 3-4 երեխա ունենալ. չգիտեն՝ ի՞նչ կլինի մի քանի տարի հետո, կկարողանա՞ն իրենց ուզածի նման հոգալ երեխաների կարիքները: Եթե 1 երեխա են ունենում՝ ասում են՝ սպասե՛ք, տեսնենք՝ ի՞նչ կլինի երկրի հետ…նոր պատերազմ կլինի՞, թե՞ ոչ»,- ասաց սոցիոլոգը:

Պողոսյանը չբացառեց այն, որ ծնելիության թվերի այսչափ նվազումը կապված է նաև երկրում տիրող անկայուն ու 2020 թվականի արյունալի պատերազմից հետո մեր երկրում ստեղծված ծանր հոգեբանական վիճակների հետ:  

«Այն կորուստները, որ ունեցանք 44-օրյա պատերազմում, չէ՞ որ նրանք հիմնականում երիտասարդ տղաներ էին կամ էլ այնպիսի մարդիկ, որոնք երեխաներ ունեցել էին և մեծ էր հավանականությունը, որ կշարունակեին ունենալ: Սա այն մեծ մարդկային ռեսուրսն էր, որից պիտի ընտանիք կազմվեր: Սա մեծ դեմոկրատական հարված էր»,- ընդգծեց փորձագետը: Նա ցավով նշեց նաև այն հանգամանքը, որ մեր երկրում ծնելիության խթանման համար քիչ գործիքակազմեր են կիրառվում:  

«Փոքրիկ ծրագրեր կան, որ իրականացվում են, բայց դրանք անկասկած քիչ են: Միջազգային փորձը կա, թե ինչպե՞ս խթանել ծնելիությունը: Օրինակները շատ են՝ գումարային աջակցությունից մինչև բնակարանային խնդիրների լուծում: Մեզ մոտ էլ կան նման ծրագրեր, բայց դրանք բավարար չեն ու քիչ են խթանում»:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցվել է մեռելածնության 340 դեպք, ինչը 5,4 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում երկրում մահացել է 19100 մարդ, ինչը 5,4 տոկոսով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշվում է նաև, որ բնակչության բնական աճը կազմել է 5897 մարդ, այս ցուցանիշը 33,1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սոցիոլոգն այս թվերի մասին խոսելով էլ նկատեց՝ սրանք վկայում են նրա մասին, որ ՀՀ-ում բնակչությունը գնալով ծերնում է. տարեցների թիվը շատանում է, իսկ երիտասարդներինը՝ քչանում:

«Այս թվերը հաշվի առնելով պիտի գործի դրվի այն ամբողջ զինանոցը, որը միտված է բնակչության երիտասարդացմանն ու ծնելիության մակարդակի բարձրացմանը: Երբ դիտարկում եմ վիճակագրությունն ու վերլուծում՝ հասկանում եմ՝ կանանց շրջանում ամուսնության միջին տարիքը հասել է 25-26 տարեկանի, տղամարդկանցը՝ 30-32, իսկ նախկինում աղջիկներն ամուսնանում էին 18-19 տարեկանում, իսկ տղաները՝ 22-23 տարեկանում: Այստեղ պարզ է, թե ինչո՞ւ են ուշ ամուսնանում…կրկին գալիս ու հանգում ենք ծանր սոցիալական վիճակին խնդրին»,- եզրափակեց նա:

 

Սիլվի Մուրադյան