կարևոր
670 դիտում, 11 ժամ առաջ - 2024-12-25 18:24
Հասարակություն Քաղաքական

Քաղաքացիների առողջությունը շարունակում է օդում կախված մնալ. Պողոսյանը՝ պարտադիր բժշկական ապահովագրության չիրագործված նախագծի մասին

Քաղաքացիների առողջությունը շարունակում է օդում կախված մնալ. Պողոսյանը՝ պարտադիր բժշկական ապահովագրության չիրագործված նախագծի մասին

2024թ.-ն ավարտվում է, բայց  պարտադիր բժշկական ապահովագրության նախագիծն այդպես էլ լոկ խոսակցության մակարդակում մնաց: Անցած տարվա ավարտին ՔՊ-ում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մոտ 2 ժամանոց փակ հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրել էր, որ արդեն այս տարի՝ 2024թ.-ին, Հայաստանում կներդրվեր առողջապահության համապարփակ ապահովագրությունը, բայց, ինչպես տեսանք, սա օրվա իշխանության հերթական չիրագործված նախագծերից մեկը դարձավ: 

Իսկ ահա այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ի վերջո խոստովանեց՝ առողջապահության ոլորտը պատրաստ չէր այս նախագծի ներդրմանը, բայց Ֆինանսների նախարարությունն աջակցել է դրան:  Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը Yerkir.am-ի  հետ զրույցում շեշտեց, որ  առողջապահության ապահովագրության նախագիծն այդպես էլ չներդրվեց, որովհետև ԱՆ-ն իր աշխատանքներում թերացել է: Պնդեց՝ նրանց ներկայացրած օրենքը բազմաթիվ թերացումներով է, իսկ օրենքի լիարժեքության մասին առհասարակ չպետք է խոսել:

«Չեն ձևավորվել համապատասխան քանակի չափորոշիչները, գործելակարգերը, որ հետագայում վեճերի լուծման հետ կապված խնդիրներ չառաջանային կամ էլ շուտ կարգավորվեին: Այսինքն՝ կիսատ-պռատ ու թերի աշխատանքի արդյունքում այս նախագիծը բացառապես բացասական եզրակացության արժանացավ և՛ Ֆինանսների նախարարության, և՛ Կենտրոնական բանկի կողմից, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,– ասաց Պողոսյանը: 

Նա չբացառեց, որ սա նախարարության հերթական «աչքկապոցին» էր, որ ուղղված էր քաղաքացիներին: Փորձագետը վստահ է՝ այսպիսով նախարարությունը ցանկացել է քաղաքացիներին համոզել, թե տեսեք-տեսեք՝ աշխատում ենք հանուն ձեզ: 

«Մարդիկ սպասում էին ապահովագրության ներդրմանը, բայց սրա հետ կապված շատ մեծ մանիպուլյացիոն գործիքակազմեր կային:  Ավելին՝ երբ ամռան ամիսներին, ըստ իրենց դեդլայնների, պիտի ներդրվեր այս համակարգը, մարդիկ անընդհատ ահազանգում էին մեզ ու հարցում՝ մենք ունենք առողջական խնդիր, հիմա ի՞նչ անենք, սպասե՞նք ներդրմանը, ի վերջո ե՞րբ կապահովագրվի մեր կյանքը»,- ընդգծեց Պողոսյանն ու հավելեց՝ իրենց՝ փորձագետների համար, ակնհայտ է եղել, որ այս տարի նախագիծն այդպես էլ չի ներդրվելու: 

Նրա խորը համոզմամբ՝ ներկա թիմի ու փորձագիտական խմբի առկայության դեպքում,   ընդհանրապես չի ներդրվի այս համակարգը: Խնդրի լուծման ճանապարհներն ավելի քան պարզ են. պետք է փոխվի այն թիմը, որն աշխատել է այս նախագծի մշակման շրջանակներում:  

«Պետք է վերանայել այն փորձագիտական խմբերին, կառավարիչներին ու մասնակիցներին, որոնք ստեղծում են այս փաստաթուղը. նրանց մոտեցումները սխալ ու անլուրջ են: Սա ֆինանսական փաստաթուղ է, և ենթադրում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ Ֆինանսների նախարարությունն այս նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի ու ի վերջո հասնի այն կետին, որ ներդրվի համակարգը, որպեսզի կարողանանք երբևիցե ունենալ առողջապահական ապահովագրություն»,- ասաց փորձագետը: 

Մեկ տարի առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրել էր, որ այս նախագծի շրջանակներում՝ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամենամսյա գումար պետք է վճարեն պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։ Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ երկու տարի փորձնական շրջանով։ Սակայն փորձագետ Անուշ Պողոսյանը կարծում է, որ մարդիկ այնուամենայնիվ լիարժեք տեղեկացված չեն, թե այս նախագիծը ներդրվելուց հետո ի՞նչ է սպասվելու նրանց, ինչպե՞ս պիտի կազմակերպվի վճարման համակարգը: 


«Մարդկանց պիտի տեղեկացվի , որ վճարելու են մի առողջապահության համնակարգի համար, որն աղերս չունի բարեկարգման հետ: Մարդիկ պիտի տեղյակ լինեն, որ դա պարտադիր պայման է լինելու: Չտեղեկացված լինելու դեպքում հնարավոր է, որ մի սիրուն օր ԴԱՀԿ-ից նամակներ գան, թե Դուք չեք կատարում ձեր պարտադիր ապահովագրման վճարեները»,- եզրափակեց նա:


Սիլվի Մուրադյան