Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի, Վաղարշակ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի օրենսդրական նախաձեռնությամբ շրջանառության է դրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումների նախագիծ:
Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ կետ 90: Ի դեպ, նախագծի փաթեթում, երևի տեխնիկական պատճառով, հիմնավորման մեջ ներառված ակնկալվող արդյունքներ բաժինը ամբողջական չէ: Հնարավոր չէր այդ մասին լիարժեք կարծիք կազմել:
Միանգամից ասեմ՝ լրացումների համար փաթեթավորված նպատակը դրական է և սպասված: Ընդհանուր առմամբ, դրված նպատակը վերաբերում է նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային և ծնողական պարտականությունները զուգահեռ իրականացնելու հնարավորությունների ապահովմանը:
Սակայն նորից նույնն է՝ առաջարկվող նախագծով չի լուծվում նպատակադրված խնդիրը: Ավելին՝ սրանով լրացուցիչ անորոշություններ են ներմուծվում առկա օրենսդրական կարգավորումներում, որոնք իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են իրական նոր հիմքեր՝ աշխատանքային վեճերի համար:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է.
1. Նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով, որն աշխատում է ոչ պետական հատվածում, գործատուն պարտավոր է նրա օրական աշխատաժամանակը կրճատել: Նախագծի հեղինակներն այսպիսով ենթադրում են, որ այդ աշխատողը կկարողանա ժամը 18.00-ից շուտ ավարտել աշխատանքը և իր երեխային տուն տանել՝ մինչև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը՝ 17.30-ը:
Նման կարգավորման դեպքում նախ՝ անորոշ է մնում այս հիմքով ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմի անցած աշխատողների վարձատրության հարցը՝ պահպանվելու է՞, թե՞ համամասնորեն կրճատվելու է: Երկու պարագան էլ խնդրահարույց են: Եթե պահպանվելու է, ապա ստացվում է, որ պետական ու համայնքային իշխանությունների սոցիալական պարտավորության և աշխատողի ծնողական պարտավորության կատարման բեռն անբողջությամբ և անհամաչափ դրվում է գործատուի վրա: Սա աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռման հիմնական սկզբունքի խախտում է՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Իսկ եթե այս դեպքում համամասնորեն կրճատվելու է աշխատողի վարձատրությունը, ապա պետք է փաստենք, որ նման հնարավորություն արդեն իսկ առկա է ՀՀ աշխատանքային օրենսգրքով՝ գործատուն և աշխատողը փոխադարձ համաձայնությամբ որոշում են աշխատանքային ռեժիմը և նույն կերպ էլ կարող են ցանկացած պարագայում փոխել այն, ասենք՝ կրճատել: Հետևաբար, նախագծով առաջարկվող լրացումն այս դեպքում դառնում է ոչ թե առկա խնդրի լուծում, այլ տարընկալման և աշխատանքային վեճ ծնող:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների համար, որոնք խնամում են նախադպրոցական տարիքի աշխատողներ, նախագծով առաջարկվում է այլ կարգավորում: Մասնավորապես, նախատեսվում է՝ այս աշխատողների դիմումի և տեղեկանքի հիման վրա նրանց աշխատանքային օրն ավարտվում է 18.00-ից մեկ ժամ շուտ: Այս դեպքում պահպանվում է այդ աշխատողների վարձատրությունը: Այսպիսով, նախագծի հեղինակները ենթադրում են, որ այս աշխատողները ևս կկարողանան իրենց աշխատանքն ավարտել ժամը 18.00-ից մեկ ժամ շուտ և իրենց երեխաներին տուն տանել՝ մինչև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը: Նաև՝ կպահպանեն իրենց վարձատրությունը:
Առաջարկվող այս կարգավորումը ևս խնդրահարույց է հետևյալ առումներով՝
ա. ձևավորվում է խտրական մոտեցում աշխատանքային հարաբերություններում՝ պետական հատվածի աշխատողները նույն հիքով անցնում են ոչ լրիվ աշխատաժամանակի և օրենքի պահանջով պահպանվում է նրանց վարձատրությունը, իսկ ոչ պետական հատվածի աշխատողների համար վարձատրությունը կարող է չպահպանվել,
բ. ընդհանուր առմամբ չի լուծվում հիմնական նպատակը՝ միայն աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու դեպքում, միևնույն է աշխատողը չի կարողանալու պատշաճ կազմակերպել իր երեխայի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը, որի պատճառն ակնհայտ է՝ իր աշխատանքի և նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի սկիզբը, որպես կանոն, նույն ժամին է՝ 9.00-ին,
գ. որևէ կերպ չի լուծվում նախադպրոցական տարիքի երեխա խնամող և հերթափոխով աշխատողների խնդիրը, քանի որ նրանց օրական աշխատաժամանակը կարող է ամբողջությամբ չհամընկնել՝ 9.00-18.00 ժամանակահատվածի հետ,
դ. կիրառական տեսանկյունից բավարար չափով որոշակի չի՝ այս իրավունքից օգտվելու համար ի՞նչ տեղեկանք պետք է աշխատողը ներկայացնի գործատուին, որի պահանջը նախատեսված է նախագծով:
3. Նախագիծն ունի խմբագրման կարիք, օրինակ՝ 2-րդ հոդվածով առաջարկվող հղումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին ճիշտ չի:
Հատկանշական է նաև, որ նախագծով դրված խնդրի լուծումն առաջնային վերաբերում է ոչ թե աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական պարտականնությունների լիարժեք կատարմանը: Ըստ որի՝ պետք է այս մարմիններն ապահովեն համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար այնպիսի ճկուն աշխատանքային ռեժիմ, որ դրանք լիարժեք հասանելի լինեն նաև աշխատող ծնողների համար: Ի դեպ, այս և աշխատանքը ծնողական պարտականություններին զուգահեռ կատարելուն վերաբերող այլ լուծումներ տասնամյակներ շարունակ գործադրվում են բազմաթիվ երկրներում և արձանագրել են իրական արդյունքներ:
Ամփոփելով՝ այս նախագծի պարագայում ևս օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:
Նորից հիշեցնեմ՝ իշխանափոխությունից հետո, պոպուլիստական շարժառիթներով շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի մեծածավալ փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այդ նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների կատարումը:
Ի դեպ, աշխատանքային օրենսդրության համակարգային բարեփոխումներին նվիրված առաջարկների ամբողջական փաթեթ ևս ներկայացրել ենք հանրային քննարկման՝ դեռևս 2019 թվականի հուլիսին, որն այդպես էլ մնաց անարձագանք պատկան մարմինների կողմից (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ այս հղումով):
Իսկ այս ընթացքում պարբերաբար բարձրաձայնել ու հետագայում ևս շարունակելու ենք բարձրաձայնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող առարկայական հիմնախնդիրները, որոնք այդպես էլ մնում են չլուծված:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող